«Կենտրոն» հեռուստաընկերությամբ ցուցադրվեց Ռոբերտ Քոչարյանի մասին պատմող «Քոչարյանական ժամանակներ» տեսաֆիլմը: Այդ ֆիլմում ներկայացվում է, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին բերեց, «որովհետեւ ուզում էր ազատվել կառավարման համակարգում տեր ու տիրական դարձած ՀՀՇ-ի ավազակներից»:
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այդ ֆիլմում պատմական այդ դրվագի շեշտադրումները փոխել են. «Այն ժամանակ ավազակներ չէին ասում, այդ բառն ավելի ուշ ընդունվեց մեր քաղաքական բառապաշարում: Այն ժամանակ լճացման մասին էին խոսում, որ հեղափոխականները, ոչ միայն ՀՀՇ-ն, դարձել էին բարեփոխումների կաշկանդող: Ես այդպես հիշում եմ, այն ժամանակ այդպիսի քննարկում եղել է: Գալիս է մեկը, որը քիչ առնչություն ունի հայաստանյան քաղաքական նոմենկլատուրայի հետ: Ուրեմն նա կգար եւ նորություն կբերեր մինչեւ Տեր-Պետրոսյանի ժամկետի ավարտը: Ռոբերտ Քոչարյանը նոր վարքագիծ եւ նոր կառավարման ձեւեր կբերեր: Այդպես էին խոսում այն ժամանակ: Իսկ հիմա այդ կինոյի մեջ դա են կրկնում, բայց, հասկանալիորեն, մի քիչ շեշտադրումները փոխած»:
Ֆիլմում նաեւ օգտագործված է հատված Վազգեն Սարգսյանի խոսքերից, թե ինչպես է նա գովում Քոչարյանին՝ ասելով. «9 ամսվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հրաշքներ գործել չէր կարող, բայց 9 ամսվա ընթացքում Քոչարյանին հաջողվեց 12 ամսվա բյուջեն կատարել, հաջողվեց կայունացնել տնտեսությունը, թոշակների, աշխատավարձերի պարտքերը վճարել»: Մեր հարցին՝ հաշվի առնելով, որ հոկտեմբերի 27-ի քաղաքական պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն էր, քանի որ հենց իր ժամանակ է դա եղել, բարոյական տեսանկյունից ընդունելի՞ է նրա կերպարն օգտագործել այդ «գովազդային» տեսաֆիլմում: Ազատ Արշակյանը պատասխանեց. «Քաղաքական նախընտրական քարոզարշավի ժամանակ բարոյականությունը տեղաշարժվում է: Ինչպես որ ֆիլմեր, հաղորդումներ կան, որտեղ գրվում է՝ միայն մեծահասակների համար, դիտեք կեսգիշերից հետո: Քաղաքականությունը ճիշտ նման բան է՝ միայն մեծահասակների համար, բայց ցուցադրվում է նաեւ ցերեկները»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ