Սեպտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Լիտվայի Հանրապետություն–Արցախի Հանրապետություն պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեի գլխավորած պատվիրակությանը:
ԱԳ նախարարը ողջունել է հյուրերին՝ կարևորելով խմբի գործունեությունը Արցախի և Լիտվայի միջև հարաբերությունների զարգացման առումով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բարեկամության խմբի գործունեության շրջանակներում որոշ գործնական ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները:
Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, ինչպես նաև ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ վերջին շրջանում արձանագրված ձեռքբերումներին: Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լիտվայի Սեյմասում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը կարևոր ներդրում է Արցախի ժողովրդի ազատության ձգտումների նկատմամբ միջազգային աջակցության գործում։
Կարդացեք նաև
ԼՂՀ ԱԳ նախարարություն