Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանը յուրայիններին հայտարարում է նախնական մոբիլիզացիա». Ազատ Արշակյան

Սեպտեմբեր 01,2014 19:37
azat arshakyan

«Ֆիլմը գովազդային էր: Կարծում եմ, նախա-նախընտրական գովազդ էր եւ դրա համար ճիշտ էր ընտրված թեման: Խոսում էին մասնագետները, իրենց կարծիքներն էին հայտնում: Նախնական քարոզչության առումով, կարծում եմ, շատ հարմար էր, որովհետեւ ամբողջությամբ նվիրված էր անցյալի դրական հատվածներին»,- «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում երեկ ցուցադրված «Քոչարյանական ժամանակներ» տեսաֆիլմի  մասին այսպիսի կարծիք հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Պարոն Արշակյանն արդեն ենթադրում է, թե ինչի մասին են լինելու Քոչարյանի հաջորդ երկու ֆիլմերը. «Կարծում եմ, հաջորդ ֆիլմում Ռոբերտ Քոչարյանը կտա ներկա իշխանության իր գնահատականը, կամփոփի իր 10-ամյա բացակայության տարիները, թե իր բացակայության ժամանակ ինչ է տեղի ունեցել, իսկ երրորդ ֆիլմով արդեն կներկայացնի ծրագիր՝ ապագայի իր բարեփոխումները»:

Մեր հարցին՝ այսինքն, կարծում եք, սա արդեն լուրջ հայտ է՝ նրա վերադարձի համա՞ր՝ Ազատ Արշակյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանը միշտ լուրջ է եղել: Նա, եթե նույնիսկ կատակ է անում, այդ կատակները ծանրակշիռ են»:

Ըստ Ազատ Արշակյանի, այս ֆիլմը պատահական չէ. «Մարդը ուզում է վերադառնալ քաղաքականություն, պատրաստվում է նախագահական ընտրություններին: Իր իմիջմեյքերները այդ տակտիկան են ընտրել: Ներկայացնում են իր անցյալը, հետո կներկայացնեն այսօրվա վիճակը եւ իր ծրագրերը»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ընդհանուր առմամբ ֆիլմն ի՞նչ ազդեցություն կթողնի, մարդիկ կմոռանա՞ն Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը այդ ֆիլմի ազդեցության տակ՝ Ազատ Արշակյանը պատասխանեց. «Այդ ֆիլմը հասցեատեր ունի: Նրանք, ովքեր պետք է ազդվեն, անպայման կազդվեն: Ռոբերտ Քոչարյանի ընդդիմախոսների համար դա ոչինչ չէր ներկայացնում: Ուրիշ հավակնորդների համար դա ընդամենը մարտահրավեր էր: Տարբեր ընկալումներ են լինելու: Կարծում եմ, այս ֆիլմը ավելի շատ յուրայինների համար էր: Նա այս ֆիլմով ասում էր, որ հայտարարվում է նախնական մոբիլիզացիա: Իսկ ովքեր Հոկտեմբերի 27-ի կամ այլ պատճառներով Ռոբերտ Քոչարյանից նեղացել են, նրա քաղաքականությունից դժգոհ են, նրանք կունենան իրենց կարծիքը: Այս ֆիլմն ուղղված էր յուրայիններին»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930