ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության աշխատանքը պետք է բարձրացնի հանրության վստահությունը համակարգի հանդեպ: Տեսչության ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում այս շեշտադրումը կատարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Գործառույթների լիարժեք կատարման շնորհիվ կձևավորվի տեսչության բարձր հեղինակությունը որպես անհրաժեշտ, բնակչության առողջապահական և աշխատանքային իրավունքները պաշտպանող կառույց»,-ընդգծեց Արմեն Մուրադյանը, ում համոզմամբ` տեսչության արդյունավետ աշխատանքի շնորհիվ քաղաքացին վստահ կլինի, որ կպաշտպանվեն աշխատանքային իր իրավունքները:
«Առաջին հերթին պետք է բացառվեն տեսչության աշխատակիցների կողմից այլ գերատեսչությունների կամ կառույցների հետ ընկերային կամ բարեկամական հարաբերությունները: Բոլորը պետք է գիտակցեն, որ այդ գիծը չի կարելի հատել»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարը` ավելացնելով, որ անաչառ և բաց աշխատաոճը կբարձրացնի նախարարության հեղինակությունը:
Նրա գնահատմամբ` այս կառույցի և հանրության միջև վստահությունը պետք է դրված լինի ամուր հիմքերի վրա:
Անդրադառնալով օրեր առաջ քաղաքացու կողմից «Դիալաբ», «Պրոմ-տեստ» և «Վիոլա» լաբորատորիաներում նույն օրն արված արյան հետազոտման երեք ցուցանիշների արդյունքներն իրարից տարբեր լինելու խնդրին` Արմեն Մուրադյանը տեսչության պետի տեղակալ Գոհար Փանաջյանին հանձնարարեց, հաշվի առնելով օգոստոսի 24-ին քաղաքացու կողմից ներկայացված վարչական վարույթի մասին դիմումը, իրականացնել խնդրի համապարփակ ուսումնասիրություն:
Կարդացեք նաև
Արմեն Մուրադյանը նշեց, որ նախարարության կողմից պետք է մշակվեն ինչպես լաբորատոր, այնպես էլ` ռադիոլոգիական ախտորոշումների չափորոշիչներ, ինչը հնարավորինս կբացառի վերոնշյալ իրավիճակների առաջացումը, ինչպես նաև հնարավորություն կտա տեսչական պատշաճ վերահսկողություն իրականացնել:
Նախարարը տեսչության պետ Արտակ Սահակյանի ուղեկցությամբ այցելեց ինչպես ԱՊՏ կենտրոնական ապարատի գրասենյակ, այնպես էլ` Երևանի քաղաքային կենտրոն, ինչպես նաև նախկինում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործած Աշխատանքի տեսչության շենքի տարածք:
ՀՀ առողջապահական պետական տեսչությունն ունի նյութատեխնիկական պայմանների բարելավման խիստ կարիք, ինչի ուղղությամբ նախարարությունը քայլեր է ձեռնարկում:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 25-ին ՀՀ կառավարության որոշմամբ առողջապահության նախարարության Հիգիենիկ և հակահամաճարակային պետական տեսչությունը միավորվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի պետական տեսչության հետ։ Նոր կառույցի` ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության կառավարումն իրականացվում է կառավարման խորհրդի կողմից։
ՀՀ առողջապահության նախարարություն