ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 1-ին այցելեց Երևանի պետական համալսարան, ուր ավանդույթի համաձայն առաջին դասախոսությունը կարդաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որին ներկա էին նաև մայր ԲՈւՀ-ի և ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը:
Էդվարդ Նալբանդյանը ներկաներին շնորհավորեց ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և նրանց մաղթեց բեղմնավոր ուսումնական տարի։ Խոսքն ուղղելով առաջին կուրսեցիներին՝ նախարար Նալբանդյանը բարի երթ մաղթեց ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկի ուսանողներին:
Իր ելույթում և հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց միջազգային և տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը։
Կարդացեք նաև
Հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը խոսեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների, Հայաստանի տնտեսական և ռազմավարական շահերից բխող՝ Եվրասիական միությանն անդամակցության գործընթացից։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման ուղղությամբ ԱԳՆ և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից հետևողական աշխատանքները։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության հետ փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, անդրադարձավ հարևան երկրների հետ հարաբերություններին, այլ պետությունների հետ՝ Հայաստանի ընդլայնվող կապերին:
Ուսանողներին հետաքրքրող հարցերի թվում էր Թուրքիայի նախագահի պաշտոնամուտի արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստանի արտգործնախարարի վերջին այցելությունը Անկարա։ Այս կապակցությամբ նախարար Նալբանդյանը նշեց, որ դա առիթ էր՝ նախագահ Էրդողանին հանձնելու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց միջազգային հանրության աջակցությունը վայելող առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու Հայաստանի դիրքորոշումը։
Նախարարի ելույթից առաջ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ներկայությամբ արտգործնախարարության գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը և ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը ԱԳՆ և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջև համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին, որը միտված է առավել ամրապնդելու արտաքին քաղաքական գերատեսչության և Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջև վերջին տարիներին հաստատված համագործակցությունը:
ՀՀ ԱԳՆ