Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիա արտագաղթած եզդիներից ցանկություն են հայտնել Հայաստան տեղափոխվել

Սեպտեմբեր 01,2014 18:00

ՀՀ կառավարության` Իրաքի եզդի փախստականներին տրամադրած 100 հազար դոլարը դեռեւս տեղ չի հասել: Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին, որը երեկ գիշերն է վերադարձել Թուրքիայի սահմանագծից, որտեղ տեղակայված են Իրաքից տեղահանված եզդի փախստականների ճամբարները: Բորիս Մուրազին չի հետաքրքրվել 100 հազար դոլարի ճակատագրով` համոզված լինելով, որ այն ճանապարհին է, քանի որ փոխանցվել է ՄԱԿ-ի փախստականների հարցերի բարձրագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով:

Հիշեցնենք, որ մեր կառավարությունն օգնությունը եզդիներին տրամադրեց այն բանից հետո, երբ օգոստոսի 14-ին հազարավոր եզդիներ  կառավարության շենքի առաջ մեծ բողոքի ալիք բարձրացրին՝ ՀՀ կառավարությանը մեղադրելով անտարբերության մեջ:

Մեզ հետ զրույցում պարոն Մուրազին ասաց, որ եզդի փախստականներից ցանկություն հայտնել են Հայաստան տեղափոխվել` իմանալով, որ մեր երկրում եզդիներին լավ են վերաբերվում, սակայն չեն կարող, քանի որ ճանապարհի խնդիր կա: Իսկ ՀՀ իշխանություններն էլ «Սինջար»-ի նախագահի բանավոր դիմումին ընթացք չեն տվել` հորդորելով գրավոր գրել: «Չեմ հասկանում ինչու, ընդ որում գրավոր գրելու դեպքում երկար ժամանակ կխլի այդ ամենը»,-ասաց պարոն Մուրազին:

Մեր հարցին, թե այդ փախստականների մեջ կայի՞ն մարդիկ, որոնք Հայաստանում բարեկամներ ունեին, միության նախագահն ասաց, որ Հայաստանի եզդիներին մտերիմ բարեկամներ չկան, սակայն նույն ցեղից ազգակցականներ կան:

Բորիս Մուրազին եւ նրա գործընկերները Թուրքիա տեղափոխված փախստական եզդիներին հագուստ ու սնունդ են տարել: Նրա խոսքերով, Թուրքիայի իշխանությունները փախստական եզդիներին ապահովել են սնունդով, սակայն կացարանի խնդիրը դեռեւս լուծված չէ, մարդիկ փողոցում են գիշերն անցկացնում: Խոսքն, ըստ միության նախագահի, 20 հազարից ավելի փախստականների մասին է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Այսինքն Թուրքիան Հայկական Հարցը լուծելու ձև է գտել: Մի կողմից զինում և օգնում է իսլամիստ ծայրահեղականներին որ եզդի/քրդերին տեղահան անեն Իրաքից, մյուս կողմից այդ նույն տեղահանվածներին ուղղորդում է Հայաստան: Հույս ունեն, որ Հայաստանը “բարեգործական” և “մարդասիրական” շանտաժի կենթարկվի ու կլցվի եզդի/քուրդ էթնոսով: Արևմտյան Հայաստանում էլ նույնն արեցին, հետո եղեռն,փախուստ մեր տներից, որ մնացին քրդերին … մնացածը գիտեք:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930