Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը սեպտեմբերի 8-9-ը չի այցելի Հայաստան: Իսկ թե ինչու է չեղյալ հայտարարվել ՌԴ վարչապետի այցը, այսօր որոշ մեկնաբանություններ է ներկայացրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` մասնավորապես նշելով հետևյալը. «Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հարցերի քննարկումը տեղափոխվել է նախագահների դաշտ եւ կքննարկվի Մինսկում հոկտեմբերի 10-ին կայանալիք ԵՏՄ անդամ երկրների նախագահների հանդիպմանը»:
Aravot.am-ը «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեց` պաշտոնական պատճառաբանությունը սպառի՞չ է, թե՞ Դմիտրի Մեդվեդևի այցի չեղյալ համարվելու հարցում այլ ենթատեքստեր կան: Նա պատասխանեց. «Եթե այդ այցը ինչ-որ նոր հանգրվան ՀՀ-ին Եվրասիական միություն ներքաշելու գործընթացներում չի պարունակում, ապա դա անիմաստ այց է: Չեմ կարծում, որ Ռուսաստանն այն վիճակում է, որ կարող է անիմաստ այցերի վրա ժամանակ ծախսել: Հայաստանն այդ առաջնահերթությունների մեջ այս պահին գոնե չի մտնում և Ռուսաստանն ունի ավելի կարևոր հարցեր. սա մի անիմաստ այցելություն էր և դա փաստորեն կամ հետաձգվեց, կամ ուղղակի չեղյալ հայտարարվեց»:
Մեր դիտարկմանը, թե որպես հանգրվան փաստե՞լ, որ ՀՀ-ի` Եվրասիական անդամակցության գործընթացները կրկին մտան փակուղի, պարոն Մեհրաբյանն արձագանքեց. «Եթե խոսքը ռազմավարական փակուղու մասին է, ապա մենք ռազմավարական փակուղում ենք սեպտեմբերի 3-ից սկսած, և այս իմաստով որևէ բան չի փոխվել: Մենք տեսնում ենք, թե ինչ ներքին գործընթացներ կան հենց Եվրասիական միությունում, կամ ավելի ճիշտ՝ այն կառույցում, որ փորձում է դառնալ Եվրասիական միություն: Ներքին օրգանական պատճառներով այս միության նախագիծը չի աշխատում: Դրա ստեղծումը լուրջ հարցականի տակ է, հարցեր է առաջացնում, որոնք պատասխաններ չունեն, բայց պատասխաններն ակնհայտ են: Դա փաստորեն մի անիմաստ կառույց է, որը մնաց թղթի վրա, և ժամանակն է այդ թուղթը շպրտել աղբամանը»:
Ռուբեն Մեհրաբյանը չի կարծում, թե նախագահների հանդիպումը «մոգական է» լինելու: Մեր հարցին ԵՏՄ ստեղծման ձախողումը ՀՀ շահերի՞ց է բխում, թե՞ հակառակը, և դրա ձախողումը մեր անվտանգությանը մարտահրավեր չի՞ նետում, ինչի վրա մշտապես շեշտադրում էր կատարում պաշտոնական Երևանը, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Եվրասիական միության մասին բոլոր այդ խոսակցություններին վերջ տալը իրականում բխում է բոլորի շահերից, նույնիսկ Ռուսաստանի, այն առումով, որ դրանով անիմաստ էներգիա է վատնվում մի բանի վրա, որը աշխատող չէ, և եթե դադարել զբաղվել այդ անիմաստ բաներով, ազատ ժամանակ կունենան իրական գործերով զբաղվելու: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա ընդհակառակը, ՀՀ անվտանգությունը էապես տուժեց սեպտեմբերի 3-ին բարձրաձայնված որոշմամբ, և այս պրոցեսի ավարտը լայն հնարավորություններ է բացելու Հայաստանի համար»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ