Նկարիչների միության ցուցասրահում սեպտեմբերի 3-ին կբացվի գեղանկարիչ, նկարիչների միության անդամ Նիկոլ Աղաբաբյանի 50-ամյակին նվիրված ցուցահանդես:
Գեղանկարիչն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մեծ պատասխանատվությամբ է պատրաստվել այս ցուցահանդեսին. «Հիսուն տարին քիչ չէ»,- նկատեց նա:
«Ն. Աղաբաբյանը հիսուն տարեկան է, բայց իր տարիքից ավելի՝ մոտ վաթսուն անհատական ցուցահանդես է ունեցել Հայաստանում և արտերկրում, որը շատ լուրջ ցուցանիշ է 50-ամյա նկարչի համար»,- ասում է ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը:
Մի փոքր բացելով փակագծերը՝ նա նաև տեղեկացրեց, որ ցուցահանդեսի օրը նկարչի համար մշակույթի նախարարությունն անակնկալ է պատրաստել. արդյունավետ աշխատանքի համար Ն. Աղաբաբյանը կպարգևատրվի:
Անդրադառնալով առաջիկայում կայանալիք ցուցահանդեսին՝ Ն. Աղաբաբյանն ասաց, որ ներկայացված կլինեն ինչպես հին, այնպես էլ նոր աշխատանքներ՝ զարգացման ուղին ներկայացնելու նկատառումով: Բայց հիմնականում կլինեն նոր՝ դեռևս չցուցադրված աշխատանքներ: Ընդհանուր առմամբ, կցուցադրվի ութսուն աշխատանք:
Հայաստանում և արտասահմանում բազմաթիվ ցուցահանդեսներով ներկայացած գեղանկարչի սպասելիքները հայ և օտարերկրյա արվեստասեր հասարակությունից նույնը չեն. «Ես աշխարհի շատ երկրներում եմ եղել: Արտասահմանում ինձ միայն մի բան է հետաքրքրում. ցուցահանդեսը լինի, նկարներս վաճառվեն, այդ գումարով շարունակեմ աշխատել: Իսկ Հայաստանում ինձ համար շատ կարևոր է, որ իմ նկարչությունը մեր ժողովրդին որևէ դրական բան տա»,- անկեղծանում է գեղանկարիչը:
Նա իր նկարների վաճառքից չի դժգոհում. լավ են վաճառվում, ասում է, որ նախորդ տարվա ստեղծագործություններից գրեթե չեն մնացել արվեստանոցում. «Ուրախ եմ դրա համար, բայց նաև տխուր եմ, որովհետև մեծ մասը Հայաստանից դուրս է տարվում: Ես կուզենայի, որ մեծ մասն այստեղ մնար. թող դրականը մերոնց տար, մեր տներում լիներ…
Գիտե՞ք, արվեստներից նկարչությունը հետաքրքիր առանձնահատկություն ունի. նույն երաժշտությունը չես կարող անընդհատ լսել, նույն գիրքը չես կարող անընդհատ կարդալ, բայց եթե պատիցդ կախված մի նկար կա, որը դրական էներգիա ունի, նա անընդհատ իր լավ գործն անում է: Շատ կարևոր է, որ նկարչությունն իր մեջ միայն դրականն ունենա, որովհետև վատը, բացասականն այնքան շատ է, որ բոլորովին կարիք չկա նաև Աստծու տված շնորհը չարին ծառայեցնելու»:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ