Աֆրիկյանների շենքի ժառանգորդ Արմեն Աֆրիկյանը News.am-ի հետ զրույցում մտահոգություն էր հայտնել, որ Աֆրիկյանների տան ապամոնտաժված քարերը գտնվում են աղբանոցի մոտ, բացօթյա վայրում, իսկ «Հին Երեւան» նախագիծը սուտ է, ինքը դրան չի հավատում. «Քաղաքապետարանը պատասխանել է, որ կարող եմ մասնակցել պահպանման գործընթացի մեջ, այսինքն` հետևեմ ինչ վիճակում է պահպանվում, բայց ի՞նչ պահպանման մասին է խոսքը, եթե քարերը զիբիլանոցում են, բացօթյա վայրում»:
Aravot.am-ի հետ զրույցում Արմեն Աֆրիկյանն ասաց, որ այս պահին հնարավոր է այդ տարածքից արդեն քարերը հանած լինեն. «Զիբիլանոց չէր, բայց ոնց որ զիբիլանոց լիներ, քարերն այդպես լցված էին»:
Հանրային խորհրդի Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության եւ օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը Աֆրիկյանների տան հետ կապված որոշում էր ընդունել դիմել ՀՀ մշակույթի նախարարությանը, քաղաքաշինության նախարարությանը, Երեւանի քաղաքապետարանին` առաջարկելով դադարեցնել Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների բնակելի տան ապամոնտաժումը, անհապաղ քայլեր ձեռնարկել շենքի մնացած մասի կոնսերվացման ուղղությամբ՝ փրկելու համար այն հետագա քայքայումից, քանդված մասի քարերը, որոնք տարվել են այլ տեղ, հետ բերել եւ նույն տեղում (նույն տարածքում) վերականգնել Աֆրիկյանների տան (ակումբի) ամբողջականությունը:
Aravot.am-ը այդ ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանից հետաքրքրվեց՝ այդ որոշումը նախարարությունները հաշվի չե՞ն առել:
Կարդացեք նաև
Տիկին Ասրյանը տեղեկացրեց, որ ինքը հանրապետությունում չի, կվերադառնա եւ կզբաղվի այդ հարցով. «Ես ներկա դրությամբ չգիտեմ, թե այդ որոշումն ինչքանով են հաշվի առել, բայց մեր որոշումներն ընդհանրապես հաշվի առնվում են: Ես լսել եմ, որ ցաքուցրիվ են արել քարերը, կեղտի մեջ են, ինքս չեմ գնացել նայել: Երբ վերադառնամ Հայաստան, պետք է ուշադրություն դարձնենք եւ պահանջենք, որ նույն տեղում վերակառուցվի այդ տունը: Մենք կհետաքրքրվենք, կհետեւենք ընթացքին եւ ամեն ինչ կանենք, որ մեր որոշման կետերն իրականացնեն»:
Մեր հարցին՝ Դուք ունե՞ք լծակներ ազդելու նախարարությունների վրա՝ Ժասմեն Ասրյանը պատասխանեց. «Ես ինքս լծակներ չեմ կարող ունենալ: Լծակները մեր Հանրային խորհրդի ձեռքում են: Հանրային խորհուրդն ունի, բայց ինչքանով կազդի՝ չեմ կարող նախագահի փոխարեն պատասխանել: Ես պատասխանատու եմ ենթահանձնաժողովի աշխատանքների համար»:
Ժասմեն Ասրյանը հույս հայտնեց, որ իրենց որոշումը կիրականացվի. «Մանավանդ, որ մենք մենակ չենք, պայքարողներին մենակ չենք թողնի: Ո՛չ մենք ենք մենակ, ո՛չ էլ նրանց ենք թողնում մենակ»: Տիկին Ասրյանն ասաց, որ հետեւողական են լինելու. «Դա մեր մշակույթն է, մեր պատմական արժեքներն են, մենք չենք կարող աչքաթող անել: Պատմական արժեքների ոչնչացումը, ազգային արժեքների ոչնչացումը մեր հիշողության ոչնչացումն է, ինչպե՞ս կարող ենք թույլ տալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ