Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փաստորեն ՀԱԿ-ը մի դիրքորոշում է արտահայտում, որին չի սատարելու». «Դեմ եմ»-ը հիասթափված է

Սեպտեմբեր 01,2014 16:51

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանի համար անհասկանալի է, թե ինչու քառյակից ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հրաժարվեցին կուտակային կենսաթոշակային նոր օրենքը Սահմանադրական դատարանում (ՍԴ) վիճարկելուց:

«ՍԴ դիմելու են պատրաստակամություն են հայտնել ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Ես կարող եմ հարցադրում բարձրացնել` ինչու ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հրաժարվեցին ՍԴ դիմելուց` հաշվի առնելով, որ քառյակի 12 կետերից հենց առաջինը կուտակայինին էր վերաբերում: Եթե հրաժարվում են ՍԴ դիմելու պայքարի այդ ձեւից, ապա պետք է առաջարկեն պայքարի առանձին ձեւ, ինչը մենք դեռ չենք լսել: Համարում եմ, որ ՍԴ դիմելն այս փուլում բավականին մեծ արդյունավետություն ունի. մենք նորից կապացուցենք այս օրենքի հակասահմանադրականությունը»,- Aravot.am-ին ասաց Դավիթ Խաժակյանը:
Մեր հարցին, թե ինչ փոխվեց, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հրաժարվեցին ՍԴ դիմելուց, ակտիվիստն ասաց` փոխվել է գուցե քառյակի ներսում կոնսոլիդացիայի ֆոնը.« Եթե իրենք քառյակի շրջանակներում համարում են, որ կա մեծ կոնսոլիդացիա, եւ հատկապես ՀԱԿ-ը , որը բազմաթիվ անգամ նշում էր, որ կողմ են հանրահավաքային պայքարին, ապա պետք է նաեւ այդ խմբային գաղափարից ելնելով ՍԴ-ում հարցը առաջ տանելուն կողմ լինեին: Այսինքն, փոխվում է մեր վերաբերմունքը նաեւ իրենց դիրքորոշման վերաբերյալ, որն իրոք անհասկանալի է: Փաստորեն իրենք մի դիրքորոշում են արտահայտում, որին իրենք չեն սատարելու»:

Պարտադիր պահումներից խուսափելու համար պետական բուհերից երիտասարդ դասախոսների հեռանալն էլ նախաձեռնության անդամը լուրջ խնդիր համարեց: Ըստ նրա, եթե ժամանակին կառավարությունը դրա դեմը չառնի, բուհերում կադրային ճգնաժամ կսկսվի. «Սա կարծում եմ ամենամեծ խնդիրներից է, նույնիսկ եթե մի կողմ դնենք կուտակայինի հակասահմանադրականությունը, սա ուղղակի անթույլատրելի հետեւանք է, որի դեմը կառավարությունը պետք է առնի: Գուցե կան մարդիկ, որոնք այդկերպ բոյկոտում են օրենքը, դուրս են գալիս պետական բուհերից, այդկերպ կուտակային վճարներից հրաժարվելու համար, բայց կա նաեւ հակառակ կողմը, որ իրոք այդ չնչին գումարի դիմաց, ընդորում դա ստանում էին պետական կրթական հաստատություններից, նրանք բավականին մեծ գումար են ստիպված լինում մաս հանել իրենց մասնավոր գործատուից»:
Մեր հարցին, թե բուհերից դուրս եկած դասախոսները կմիանա՞ն նախաձեռնության պայքարին եւ արդյոք կա՞ն արդեն միացողներ, ասաց. «Իմ կարծիքով` այդ դուրս եկած դասախոսների զգալի մասը մեր ցույցերի մասնակիցներն են, այսինքն` կուտակայինին դեմ անձինք են: Այդ խնդիրը պետք է դիտարկել ինչ-որ տեղ որպես առանձին խնդիր, որը օր առաջ պետք է լուծվի, որ կադրային ճգնաժամ չառաջանա: Եվ մյուս կողմից պետք է դիտարկել ընդհանուրի մեջ` կուտակայինի ներքո, որովհետեւ ստացվում է, որ կառավարությունը ուզում էր միայն պետական հատվածը մտցնել դրա տակ, բայց այս իրավիճակում ստացվեց, որ մասնավորն է ինչ-որ չափով մտնում: Այսինքն, իրականում մասնավորը չի ազատվել դրանից»:

Մեր հարցին` կառավարությունը կանդրադառնա՞ այս խնդրին, եթե հաշվի առնենք, որ վերջերս «Բազե» ճամբարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կենսաթոշակային օրենքին այլեւս չեն անդրադառնալու` պնդելով, որ կառավարությունը չի կարող ամեն ամիս անդրադառնալ, այլապես դա լուրջ չի լինի:

Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Խնդիրը շատ մեծ է, եւ ես կցանկանայի, որ կառավարության անդամները պատկերացնեին մասշտաբները, թե որքան երիտասարդ դասախոս է դուրս եկել բուհերից, հրաժարվել դաս տալուց, դիպլոմային աշխատանքներ ղեկավարելուց: Երբ կառավարությունը սա հասկանա, կարծում եմ` օրենքի մեջ փոփոխություն մտցնելով կամ կառավարության որոշմամբ հնարավոր կլինի գոնե ժամանակավոր ճգնաժամային իրադրությունը շտկել: Մի հարց է անդրադառնալ ընդհանուր կուտակայինին, այլ հարց է խոսել սրա մասին, որ դասախոսները դուրս են գալիս ու կարեւոր էլ չէ` ինչ պատճառով: Եթե կա խնդիր, որը առաջացնում է նման հետեւանք, այդ խնդիրը պետք է օր առաջ լուծվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930