Այսօր «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցավ «Նկարիչների փոխայցելություններ» նախագծի մեկնարկին նվիրված մամլո ասուլիսը: Նախագիծն իրականացնում են Հանրային լրագրության ակումբ և Անադոլու Քուլթուր հասարակական կազմակերպությունները «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:
Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանն իր խոսքում նշեց, որ մշակույթը եւ արվեստը կարող են դառնալ այն լեզուն, որը կնպաստի երկու հարեւան պետությունների ինքնաճանաչմանը, երկխոսության ստեղծմանը: Նա ներկայացրեց, որ սա առաջին նախագիծն է, որում ընդգրկված են երիտասարդ նկարիչներ երկու երկրներից: Թուրքիայից ներկայացած չորս երիտասարդ արվեստագետները իրենց խմբի ղեկավար Սերդար Յըլմազի հետ յոթ օր լինելու են Հայաստանում: Ծրագրի շրջանակներում լինելու են ցուցահանդեսներ, ինտերակտիվ գործնական հանդիպումներ, համատեղ բացօթյա արվեստանոցներ: Ծրագրի մասնակիցները կայցելեն նաեւ թանգարաններ, արվեստի դպրոցներ եւ պատկերասրահներ: Ծրագրի Հայաստանյան այցելության շրջանակներում նախատեսվում է նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի գեղանկարիչների համատեղ պատկերազարդում Երեւանյան պատերից մեկի վրա:
Հայաստանի նկարիչների չորսհոգանոց երիտասարդ արվեստագետների խմբի ղեկավար Գագիկ Չարչյանը նշեց, որ մինչ նախագծի մեկնարկը ծանոթ է եղել թուրքական մշակույթին, այնտեղի արվեստում տիրող իրավիճակին: «Գիտեի, որ Թուրքիայում կան գործող շատ լավ արվեստագետներ»,- ասաց նա:
Թուրքական խմբի ղեկավար Սերդար Յիլմազն էլ նշեց. «Շատ երկար տարիներ առաջ, երբ ես այցելեցի Արեւելք՝ պարզապես ճամփորդության, այնտեղ ինձ համար արդեն հասկանալի էր ամեն ինչ: Շատ կուզեի Հայաստան գալ, բայց սահմանները փակ էին: Հայաստանի մշակույթի մասին իմ պատկերացումները միշտ ասոցացրել եմ Փարաջանովի հետ, որովհետեւ շատ եմ սիրել ֆիլմերը, դիտել եմ «Նռան գույն»-ից սկսած մնացած ֆիլմերը: Արեւելք ճանապարհորդությանս ժամանակ, երբ հատկապես Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի այցելեցի, այնտեղի ճարտարապետությունը, շենքի եւ փողոցների ճարտարապետությունը, ինձ մոտ շատ կարճ ժամանակ հետո ընկալվեց որպես հայկական: Ես հասկացա, որ հայկականը հենց սա է եւ դրա համար աննկարագրելի ոգեւորվածությամբ եւ հուզմունքով եմ այստեղ գտնվում եւ ավելի մոտից շփվում այն ամենի հետ, ինչը ես տեսել եմ Արեւելքում»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, թե ինչ կարելի է անել, որ փակ սահմանները չխոչընդոտեն երկու երկրների հարաբերությունների ստեղծմանը, հայկական խմբի ղեկավար Գագիկ Չարչյանը պատասխանեց, որ սահմանները միայն աշխարհագրական չեն, դրանք կան նաեւ երկու հանրությունների մեջ: Եվ այսօր կազմակերպվող միջոցառումները նպատակ ունեն դրանք կոտրելու: «Այստեղ օգնություն է գալիս արվեստը»,- ասում է նա եւ նշում, այսօրվա արժեքներ ստեղծողները երիտասարդներն են ՝ համալսարանականները: Թուրքական խմբի ղեկավարն էլ իր հերթին նշեց, որ սահմանն արդեն բացվել է՝ եւ ինքը իր չորս ուսանողների հետ արդեն Հայաստանում է: Հիշեցնենք, որ «Նկարիչների փոխայցելություններ» նախագիծը տեղի է ունենում «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթաց» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության գործիքի» շրջանակներում: Նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված մշակութային և կրթական ծրագրերի միջոցով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը:
«Նկարիչների փոխայցելություններ» նախագծի ավարտին լավագույն գործերը տպագրվելու են 2015 թվականի օրացույցում:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ