Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանը հեռուստացույց չի ապահովում ապացույցների հետազոտման համար». փաստաբան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 01,2014 15:20

«Դատարանը, ինչպես ամբողջ դատական նիստերի ընթացքում այսօր եւս հաստատում է, որ ձեւական դատավարություն է իրականացնում: Որովհետեւ, եթե հետազոտվում է ապացույցը, որը ընդհանրապես տեսանելի չէ ոչ ոքի, նույնիսկ առջեւում նստած պաշտպանական կողմին, ապա հասկանալի չէ` ի՞նչ ենք հետազոտում»,- այսօր Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստի ավարտից հետո դժգոհեց «Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Հիշեցնենք, որ այսօր դատարանը հետազոտում էր նախորդ տարի Կոմիտաս 5-ում տեղի ունեցած ակցիան արձանագրած տեսանյութերը: Կոմիտաս 5-ի դեպքերով Արգիշտի Կիվիրյանը մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու, նրան կծելու մեջ:

Տեսանյութերի հետազոտումն այսօր իրականացվում էր դատական նիստերի քարտուղարի փոքրիկ համակարգչով, ինչից դժգոհեցին պաշտպանները` պնդելով, թե ոչինչ չեն տեսնում:

Տիկին Սահակյանի խոսքով, դատարանը փորձում է ձեւականորեն ապահովել ապացույցների հետազոտման կարգը. «Որ հետո անուն հանեն, թե հետազոտեցին: Բայց արդեն երկու նիստ է անցնում, ու դատարանը, իմանալով, որ հետազոտում պետք է իրականացվի, չի ապահովում հեռուստացույց: Այսինքն ամեն ինչ անում են, որ միայն թե արագ-արագ հասնեն դատավճռին»:

Մեր հարցին, թե պաշտպանական կողմը տեսանյութերը ուսումնասիրելիս, արդյո՞ք հարցաքննված վկաներին տեսավ իրադարձության վայրում, ինչպես նրանք էին պնդում իրենց ցուցմունքներում, տիկին Սահակյանն ասաց, որ տեսանյութերի հետազոտման համար ավելի լավ պայմանների իրենց պահանջը հենց այդ հանգամանքները բացահայտելու նպատակով էր. «Որ դատարանը տեսնի եւ համոզվի` արդյոք վկաները, որոնք ցուցմունք էին տալիս ու ասում , թե ակցիայի ժամանակ որտեղ են իրենք կանգնած, իրականում գտնվո՞ւմ էին իրենց ասած տեղում: Որովհետեւ, եթե պաշտպանական կողմն ասի, որ վկաներն իրականում այնտեղ չէին, որտեղ նշում էին, միակողմանի կլինի: Չեմ ուզում ես ասեմ, ուզում եմ հասարակությունը տեսնի` արդյոք վկաներն ընդհանրապես իրադարձության վայրում էի՞ն, թե՞ ոչ»:

Հիշեցնենք, որ այս գործով պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը արձանագրել էին, որ վկաների ցուցմունքները հակասական են ու գործում ներգրավված են վկաներ, որոնք նախորդ տարի Կոմիտաս 5-ում տեղի ունեցած դեպքերի հետ առնչություն չունեին:

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930