Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետարձակուրդային սթրեսների մասին խոսակցությունները չափազանցված են». հոգեբան

Սեպտեմբեր 01,2014 14:48

«Ճիշտ հանգստանալու երկու տարբերակ կա՝ գնալ այնտեղ, ուր սիրտդ է ուզում, և անել հակառակն այն բանի, ինչ ամեն օր ես անում»,- համոզված է հոգեբան Սամվել Խուդոյանը:

Հոգեբանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ երկարատև արձակուրդը, որը մարդիկ վերցնում են հատկապես ամռանը, հարմարվելու խնդիր է առաջացնում, քանի որ մարդու ռեժիմը բավականին երկար ժամանակով փոխվում է. «Երբ մարդն արձակուրդից վերադառնում է աշխատանքի, նրա մոտ լրացուցիչ ադապտացիայի խնդիր է առաջանում: Որոշ մարդկանց մոտ նաև դիսֆորիկ զգացողություններ են առաջանում, հատկապես երբ հանգիստը կիսատ է լինում»,- ասում է Ս. Խուդոյանը:

Հոգեբանը, սակայն, հետարձակուրդային սթրեսների մասին խոսակցությունները չափազանցված է համարում. «Այսքան ժամանակ չի եղել դեպք, որ մեզ դիմեն հետարձակուրդային խնդիրներով, այսինքն` մարդկանց մեծ մասը հիմնականում արագ հարմարվում է հետարձակուրդային իրավիճակին»,- վստահեցնում է պարոն Խուդոյանը:
Հոգեբանը խորհուրդ է տալիս արձակուրդի ավարտից մի քանի օր առաջ նախապատրաստվել աշխատանքին՝ կատարելով ռեժիմային փոփոխություններ: Նա նաև խորհուրդ է տալիս չթերագնահատել արձակուրդի կարևորությունը. «Գոյություն ունեն նաև աշխատամոլներ, որոնք հանգստի կարևորությունը չեն գիտակցում, և նրանց մոտ գերհոգնածություն է առաջանում, որը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել»,- նախազգուշացնում է հոգեբանը:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ համոզված է, որ 8 ժամ աշխատելու դեպքում մարդն ավելի բարձր որակի արդյունք է տալիս, քան 18 ժամ աշխատելու դեպքում. «Այն մարդը, որը չի հանգստանում, վատ ու անարդյունավետ է աշխատում»,- ընդգծեց սոցիոլոգը՝ հավելելով, որ մարդու մարդկայնությունը որոշվում է ոչ թե նրանով, թե ինչ աշխատանք է նա կատարում, այլ՝ թե ինչպես է հանգստանում. «Բարեկիրթ ազգ դառնալու համար պետք է սովորենք ճիշտ հանգստանալ,- ասում է սոցիոլոգը:- Միջնադարում տարվա միայն կեսն է եղել աշխատանքային, սակայն արդյունաբերական հեղափոխությունը մարդուն ստրուկ դարձրեց, և սկսեց ձևավորվել հանգստի մշակույթը. այժմ աշխարհում մոտ երեք միլիարդ մարդ իր սահմաններից դուրս է գալիս զբոսաշրջության նպատակով»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930