Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սյունիքի սահմանամերձ Արեւիս գյուղի դպրոցն այս տարի ընդամենը 3 աշակերտ ունի, 3-ն էլ նույն ընտանիքից են

Սեպտեմբեր 01,2014 14:04

Սիսիանի տարածաշրջանի սահմանամերձ Արեւիս գյուղական դպրոցում այս տարի եւս սեպտեմբերի 1-ին հնչեց ուսումնական տարվա սկիզբն ազդարարող ավանդական զանգը: 1994թ.-ից գործող գյուղի հիմնական դպրոցում արդեն որերորդ տարին է շատ քիչ թվով աշակերտներ են հաճախում: Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես գյուղի դպրոց ընդամենը 3 աշակերտ է հաճախում: Արեւիսի գյուղապետ Սասուն Սահակյանը նշեց, որ դպրոցի խնդիրը լուրջ է եւ բավարար թվով աշակերտներ չլինելու պատճառով շատ հնարավոր է, որ տարիներ հետո գյուղի դպրոցը փակվելու խնդրի առաջ կանգնի: «Գյուղը կանգուն է, եթե դպրոցը կանգուն է: Դպրոցի փակվելով կվտանգվի գյուղի հետագա գոյությունը: Դպրոցահասակ երեխաների խնդիր կա գյուղում, արդեն 4 տարի է գյուղում երեխա չի ծնվում, երիտասարդ ընտանիքները թողել հեռացել են աշխատատեղերի բացակայության, գյուղի դժվարին պայմաններից ելնելով, այսօր Արեւիսի բնակչության մեծամասնությունը տարեցներ են»,- նշեց Արեւիսի գյուղապետ Սասուն Սահակյանը:
Արեւիսի հիմնական դպրոցի տնօրեն Ռիտա Գրիգորյանի փոխանցմամբ՝ դպրոցում առաջին դասարան չկա, այսօր միայն 2-րդ, 3-րդ եւ 7-րդ դասարաններ են գործում, իսկ դպրոց հաճախող 3 երեխաներն էլ միեւնույն ընտանիքից են: Դպրոցում ինչպես գույքի, այնպես էլ մասնագետների խնդիր կա: Համապատասխան մասնագետների բացակայության պատճառով միեւնույն ուսուցիչը ստիպված է լինում մի քանի առարկա պարապել:

«Օրինակ, եթե 2 ժամ ֆիզիկայի դասաժամ ունենք շաբաթական, բայց քանի որ դասարանը ձեւավորվում է մեկ քառորդով, ուսուցիչը վարձատրվելու է կես ժամվա համար, իսկ մի մասնագետը 2 հազար 500 դրամ չի վճարելու, որպեսզի տաքսիով գյուղ գա ու դասաժամը պարապի: Բավականին չլուծված խնդիրներ ունենք, շատ քիչ խնդիրներ են լուծված, փաստն այն է, որ սահմանամերձ գյուղ է ու դպրոց ունի», – հավելեց դպրոցի տնօրեն Ռիտա Գրիգորյանը: Վերջինս դպրոցի հետագա գոյության պահպանման խնդրի լուծումը տեսնում է միայն պետական անհրաժեշտ մոտեցման մեջ, հակառակ դեպքում՝ լուծման եզրեր չի տեսնում: Գտնում է, որ կառավարության հատուկ որոշումներով, սահմանամերձ գյուղերի համար արտոնություններ սահմանելով, գյուղի վերաբնակեցման համար համապատասխան պայմաններ ստեղծելով՝ հնարավոր կլինի կանգուն պահել գյուղի դպրոցն ու գյուղը, թեեւ հավելում է, որ սահմանամերձ գյուղերի համար սահմանված արտոնությունները միշտ չէ, որ կիրառվում են: Արեւսիս գյուղի դպրոցի տնօրենը հպարտությամբ նաեւ նշեց, որ անկախ առկա դժվարություններին՝ գյուղի աշակերտները անհրաժեշտ գիտելիքներ են ստանում եւ ընդունվում են հանրապետության տարբեր բուհեր:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930