Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները Գիտելիքի գրի և դպրության օրվա, ինչպես նաև ուսումնական նոր տարվա կապակցությամբ այցելել են վարչական շրջաններում տեղակայված Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ:
Բոլոր կրթօջախներում տեղի են ունեցել ուստարվա մեկնարկն ու առաջին դասարանցիների մուտքն ազդարարող բացօթյա տոնական միջոցառումներ, որոնց ընթացքում ընթերցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ: Վարչական շրջանների ղեկավարները շնորհավորել են աշակերտներին ու, հատկապես, առաջին դասարանցիներին ու հորդորել լավ սովորել, որպեսզի հետագայում նաև դպրոցում ստացած գիտելիքները նպաստեն Հայաստանի Հանրապետության առաջընթացին:
Սեպտեմբերի 1-ի դրությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ է հաճախում 11260 առաջին դասարանցի:
Երևանի քաղաքապետարան