Օգոստոսի 31-ին սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում կայացավ վերանորոգված մանկապարտեզի բացումը: «Փարոս» հիմնադրամը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Բերքլիում (Կալիֆորնիայի նահանգ), իր «100-ը 100-ի համար՝ հանուն բարեկեցության» ծրագրում ներառեց այդ մանկապարտեզի աջակցության խնդիրը: Հատկացված 56 հազար ԱՄՆ դոլարով երկհարկանի, 462 քառակուսի մետր մակերեսով տարածքը նորոգվել է, վերակառուցվել է ադրբեջանական զինուժի ոտնձգություններից վնասված շենքի հիմքը, փոխվել են դռները, պատուհանները, հատակը եւ տանիքը: Երկրորդ հարկի պատուհանները այնպես են ձեւափոխվել, որ ներսում բնական լույսի ներքո տեղաշարժվող մարդիկ դիպուկահարների տեսադաշտում չլինեն: Մանկապարտեզի կոյուղու եւ ջեռուցման համակարգերը նորոգվել են , էլեկտրական լարերը՝ փոխվել, ձեռք են բերվել պահարաններ, մահճակալներ, սպիտակեղեն,խաղալիքներ: Մանկապարտեզի խաղահրապարակին կից կառուցվել է Հայաստանում առաջին պաշտպանիչ պատը, որի շնորհիվ երեխաները կարող են մանկապարտեզի բակում ապահով խաղալ: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը մեզ ցույց տվեց մանկապարտեզից 2 կմ հեռավորության վրա գտնվող ադրբեջանական ռազմական հենակետը: Գյուղապետը վստահեցրեց, որ պաշտպանիչ պատը կապահովի երեխաների անվտանգությունը:
1180 բնակիչ ունեցող գյուղի մանկապարտեզ է հաճախում 25 երեխա, գյուղապետն ասաց, որ մտածում են երկրորդ խումբ բացելու մասին: Մանկապարտեզի վերանորոգման ծրագիրը ֆինանսավորել է Նյու-Յորքից փաստաբան Ժան-Մարի Աթամյանը: Աթամյանների ընտանիքը Հայաստանում եւ Արցախում մի շարք ծրագրեր է հովանավորել: Մանկապարտեզի վերանորոգումը այդ ընտանիքի կողմից սահմանամերձ գյուղում իրականացված 2-րդ ծրագիրն է. մեկ տարի առաջ Աթամյան ընտանիքի նվիրատվությամբ վերանորոգվեց Ներքին Կարմիրաղբյուրի բժշկական կենտրոնը: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը, Բերդի համայնքների միության գործադիր տնօրեն Սամվել Հովսեփյանը, Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչները մանկապարտեզի նորոգման կապակցությամբ շնորհակալություն հայտնեցին «Փարոս» հիմնադրամին եւ Աթամյան ընտանիքին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև