Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ սեպտեմբերի 1-ին այցելել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան: Նախարարը կրթահամալիրում հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ կարևորելով կրթության ու գիտության դերը անհատների, ազգերի և պետությունների զարգացման գործում. «Պետության առաջընթացի ու տնտեսական հզորացման անկյունաքարը գիտելիքն է, և, հետևաբար, ձեզանից յուրաքանչյուրի անձնական նվիրվածությունն է այն հիմքը, որի վրա հենվելով մենք բոլորս վստահությամբ ու ավելի լավ ապագայի ակնկալիքներով պետք է շարունակենք մեր ուղին»: Նա ընդգծել է հայկական դպրոցի հիմքերն ամուր պահելու անհրաժեշտությունը: Այցի ընթացքում նախարարը ճեմարանի ղեկավարության հետ քննարկել է կրթական հաստատության զարգացմանն առնչվող ծրագրեր, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և ուսումնական լաբորատորիաների ներդրման ու շահագործման հետ կապված:
ՀՀ ֆինանսների նախարարություն