Գորիսեցի Հարութ Մեսրոպյանի համար 2014-2015 թթ. ուսումնական տարվա առաջին զանգը հնչեց Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Իսկ մինչ այդ` օգոստոսի 29-ին, նա Վարդան Մամիկոնյանի հուշարձանի մոտ հանդիսավորությամբ երդվել էր ազնվորեն ծառայել հայրենիքին:
Հարութը եզակի չէ Գորիսում, որ ընտրել է ռազմական ուսումնական հաստատության հասցե: Նրա հետ են Արա Մաքունցը, Տիգրան Շեգունցը, եւս յոթ հոգի:
Ընդհանրապես, վերջին տարիներին գորիսեցի երիտասարդները հետաքրքրություն են ցուցաբերում ռազմական մասնագիտությունների հանդեպ: Անցած տարի ևս, 9 տղաներ Գորիսի տարածաշրջանից ընդունվել են ռազմական ուսումնական հաստատություններ:
Գորիսի զինկոմ Մելիքսեթ Պողոսյանն ասում է. «Այդ տղաների ծնողները հայ -ադրբեջանական հակամարտության ժամանակ պատվար են կանգնել հայոց նորամանուկ պետականությանը, պաշտպանել Արցախը: Եվ այսօր նրանց տղաները սովորում են ռազմական ուսումնական հաստատություններում, որպեսզի տեր կանգնեն իրենց ծնողների ստեղծածին, հայոց բանակի մարտունակությունը բարձրացնելու գործում նոր խոսք ասեն` ժամանակի պահանջներին համապատասխան` պայմանավորված ժամանակի մարտահրավերներով»:
Ալվարդ Մեսրոպյան
Գորիս