Լրահոս
Օրվա լրահոսը

Տնօրեն. «Ներառական դպրոցը բիզնես է»

Սեպտեմբեր 01,2014 12:47

«Մեր դպրոցը մասնագիտացված դպրոց է, մեր դպրոցում սովորում են երեխաներ, որոնք ունեն տեսողության խնդիրներ` չեն տեսնում, մնացորդային տեսողությամբ են կամ թույլ տեսնող են»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանը:

Նա մեզ հայտնեց, որ այս տարի դպրոցի առաջին դասարան է ընդունվել 6 երեխա, իսկ տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար նախակրթարանում ընդունել են 4 երեխա: Իսկ այս տարի դպրոցն ավարտած 5 աշակերտներից 3-ը սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Ալեքսան Ահարոնյանը խոստովանեց, որ դպրոցում դեռեւս խնդիր է մնացել դասագրքերի հարցը: Չնայած այն հանգամանքին, որ դպրոցը խոսող գրքեր ունի, սակայն ճշգրիտ գիտությունները, տնօրենի կարծիքով, լսելով հնարավոր չէ սովորել, պարոն Ահարոնյանը համարում է, որ դպրոցի սաները շոշափելով ավելի ճիշտ են ըմբռնում առարկան, քան լսելով.«Շատ ցավալի է, որ ինչ-որ մի հարցով դիմում ենք մեր վարչական շրջանի ղեկավարությանը, ինչպես դիմում ենք, այնպես էլ մնում ենք սպասողական վիճակի մեջ»:
Անդրադառնալով ներառական կրթությանը` Ալեքսան Ահարոնյանը նշեց, որ դեմ է այն մոտեցմանը եւ ձեւերին, որոնք այսօր կան: Նա մեջբերեց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի այն կարծիքը, թե, չնայած շատ դպրոցներ չունեն համապատասխան ֆիզիկական պայմաններ, բայց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն իրենց ներկայությամբ պարտադրում են նման հարմարությունների ստեղծումը.
«Բայց եթե այդ պայմանները չկան, որ այդ հենասայլակով երեխան կարողանա ազատ այդ դպրոցում շրջի, որ չտեսնող երեխան կարողանա դպրոցում քայլի, էլ ո՞ւմ անունն ենք դնում: Տանում ենք այդ հաշմանդամ երեխային նստեցնում 35 հոգանոց դասարանի մեջ, ասում` վերջ, երեխան ներառվեց: Այդպես չէ, ա~խր»:

Նա հայտարարեց, որ ներառական կրթությունը բիզնես է համարում, քանի որ հաշմանդամ երեխայի համար պետությունն ավելի մեծ գումար է վճարում ներառական դպրոցին.«Այնքան հեշտ է միայն ասելը, մի քիչ պետք է մտածել: Դպրոցները մի հատ թեքահարթակ են անում, ստացվում է, որ այս դպրոցը պատրա՞ստ է հաշմանդամ երեխա ընդունելու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930