Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Ինչպե՞ս անենք՝ չզոմբիանանք

Սեպտեմբեր 01,2014 16:00

Սեւեռուն գաղափարների հակաթույնը գիտելիքներն են

Ռուսաստանցի ընդդիմադիրները երկրի դաշնային ալիքներն անվանում են «զոմբոարկղ»՝ նկատի ունենալով, որ այդ ալիքների քաղաքական, լրատվական հաղորդումները նպաստում են Ռուսաստանի բնակչության զոմբիացմանը՝ շահարկելով յուրովի մեկնաբանած «հայրենասիրական» թեման: Այդ «հայրենասիրության» մեջ մտնում է այն համոզմունքը, որ Ռուսաստանը կարող է լինել միայն կայսրություն, որ այն չունի բարեկամներ եւ դաշնակիցներ, այլ կարող է ունենալ միայն «հպատակ ազգեր»՝ մի կողմից եւ թշնամիներ՝ մյուս: Այդ ագրեսիվ քարոզչության անբաժանելի մասն է, իհարկե, այն միտքը, որ Իվան Ահեղը, Ստալինը եւ Պուտինը Ռուսաստանի ամենահանճարեղ ղեկավարներն էին, որոնք ճիշտ են ըմբռնել «ռուսական գաղափարի» իմաստը:
Բայց եկեք մտածենք՝ իսկ ամերիկյան հեռուստատեսությունը ճիշտ նույնպիսի «զոմբոարկղ» չէ՞: Մի՞թե այնտեղ լրատվությունը նույնքան միակողմանի չէ: Նույն ուկրաինական պատերազմի պարագայում ռուսները թաքցնում են, որ իրենք ոչ միայն զինում են «աշխարհազորայիններին», այլեւ անմիջականորեն, իրենց զինծառայողների միջոցով մասնակցում են պատերազմին: Ամերիկացիներն էլ թաքցնում են, որ ուկրաինական զինուժի կողմից սպանվում են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ:
Մի կողմի «զոմբոարկղը» ցույց է տալիս ուկրաինացիների գազանությունները՝ «Մայդանի հեղափոխությունից» սկսած: Մյուսինը՝ ռուսների գազանությունները՝ Ուկրաինայի Արեւելքում պատերազմի ժամանակ: Մենք էլ այստեղ՝ Հայաստանում, ընտրել ենք կողմերից մեկին՝ հասկանալի պատճառներով, մեծամասնության համար ռուսական «զոմբոարկղն» ավելի հոգեհարազատ է: Կախված նրանից, թե ո՞ր կողմին ենք երկրպագում, մենք «դասակարգում ենք» իրադարձությունները՝ մի դեպքում չենք նկատում, մյուս կողմից՝ լցվում ենք ցասումով, դատապարտում ենք:

Թե որքանով են ամերիկացիները հակված ժողովրդավարական արժեքներին՝ դա նույնպես քննարկման թեմա է. նրանց դուր չի գալիս Ռուսաստանի բռնապետական ռեժիմը, բայց, ասենք, Սաուդյան Արաբիայի ավելի դաժան ռեժիմի դեմ նրանք, կարծես, առարկությունններ չունեն: Նրանք, ովքեր չեն հավանում «ռուսական մեսիականությունը», ինչո՞ւ պիտի հավանեն «ամերիկյան մեսիականությունը», չէ՞ որ այս երկիրն իր վրա պարտականություն է վերցրել ամբողջ աշխարհում ինչ-ինչ արժեքներ տարածել: Ենթադրելի է, որ աշխարհում կան ազգեր, որոնք այդ արժեքները չեն դավանում:
Ասելով «ամերիկացիներ» կամ »ռուսներ», ես նկատի ունեմ, բնականաբար, այդ երկրների իշխանություններին, քաղաքական վերնախավը, ոչ թե ժողովուրդներին, որոնք ինչպես եւ բոլոր այլ ժողովուրդները, հարգանքի են արժանի: Իմ կարծիքով, այդ եւ մնացած երկրներում ապրող մարդիկ՝ մենք բոլորս, պետք է միջոցներ ձեռնարկենք՝ չզոմբիանալու համար:

Այստեղ հնարավոր է միայն «անհատական մոտեցում»՝ համընդհանուր «հասարակական լուծում», ինձ թվում է, չկա: Զոմբիացման դեմ թե՛ արտաքին եւ թե՛ ներքին «ճակատում» միակ «դեղը» կրթությունն է, լուսավորությունը, հոգեւոր փորձի ընդլայնումը: Դա ամենօրյա աշխատանք է, որը ես պատկերացնում եմ ոչ այնքան որպես մեդիտացիա, նիրվանա, որքան՝ որպես նոր գիտելիքների ձեռք բերում: Այն մարդը, որը գալիս է աշխատանքից հետո տուն եւ բութ հայացքն ուղղում հեռուստացույցին, մեծ շանսեր ունի զոմբիանալու: Սեւեռուն գաղափարները ծնվում են մութ տեղերում, հոգու բնազդային, ոչ գիտակցական «անկյուններում»:

Իսկ ինչպե՞ս տարբերակել՝ տվյալ անձնավորությունը զոմբիացա՞ծ է, թե ոչ: Շատ պարզ. եթե մարդը հոգեպես ազատ է, նա չի ձգտում ստրկացնել մյուսին, հակառակը՝ փորձում է որքան հնարավոր է՝ շատ մարդկանց փրկել զոմբիացումից: Եվ հակառակը՝ եթե դուք գտնվում եք ինչ-ինչ սեւեռուն գաղափաների ազդեցության տակ, ապա անպայման ցանկանում եք այդ գաղափարները «ներդնել» մյուսների գլխների մեջ: Այսինքն՝ ուրիշի ուղեղը լվացողն արդեն իսկ ունի լվացած ուղեղ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Առանց վերլուծական մտքի, ոչ մի գիտելիք օգտակար չէ:Չզոմբիացվածն է հիմնականում զոմբիացման նշաձողի կուլիսներում:Բեմում արդեն զոմբին է հանուն ծրագրի ծրագրավորված դերակատարմամբ:Դատարկ ժապավենների վրա տեսագրվում են թեզիսներ: Թոնրի տաք ու ազատ պատին են լավաշ խփում չէ*:Տեսել եմ գյուղում:Սառը պատին, չվառված թոնիրին`օհո, ոչ:Մնացածը տիեզերքով է պայմանավորված, աստղային տեղաշարժով, նույնիսկ ասուպով, բայց ոչ զոմբիագործի նվիրյալների թիմով:Տիեզերքը թելադրում է բոլորի համար, բայց քչերին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930