«Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով դատական նիստն այսօր Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերածվեց վիճաբանության:
Պարոն Կիվիրյանի պաշտպանները պահանջեցին այսօր նախատեսված տեսանյութերի հետազոտության համար ապահովել համապատասխան տեխնիկական միջոցներ, սակայն դատավորը պնդում էր, որ ապահովել են: Իսկ Կոմիտաս 5- հասցեում նախորդ տարի տեղի ունեցած դեպքերն արձանագրած տեսանյութի դիտումը դատարանը նախատեսել էր իրականացնել դատական նիստերի քարտուղարի համակարգչով: Պաշտպանները մի քանի անգամ դժգոհեցին, թե այդ փոքր համակարգչով ոչ իրենք, ոչ էլ դահլիճում նստածները ոչինչ չեն տեսնում: Դատավորն էլ հակառակն էր համոզում` պնդելով, թե ամեն ինչ տեսանելի է, իսկ ովքեր լավ չէին տեսնում՝ խորհուրդ տվեց աթոռներն ու նստարանները վերցնեն, մոտենան համակարգչին:
«Ձեւական եք կազմակերպել այս հետազոտությունը, մենք այստեղ պետք է հնարավորություն ունենանք նորմալ պայմաններում դիտել ու տեսնել՝ այն վկաները, որոնք դատարանում հարցաքննվել են ու պնդել, թե դեպքերի ժամանակ կանգնած են եղել, իրականում կանգնած եղե՞լ են, թե՞ ոչ: Բայց այս պայմաններում նույնիսկ առաջին ֆոնի վրա կանգնած մարդկանց չենք տեսնում»,- ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:
Դատավորն էլ պատասխանեց, թե հայտարարությունների ժամանակ կասեք ձեր ասելիքը:
«Դուք դատարա՞ն եք, թե՞ ով եք: Լավ է՝ չեք ասում համակարգիչը տարեք տուն, նայեք»,- շարունակեց Արգիշտի Կիվիրյանը:
Կարդացեք նաև
«Նորմալ հեռուստացույց բերեք, որ նայենք»,- պնդեց Լուսինե Սահակյանը:
Այդ ժամանակ միայն դատավորը կարգադրիչներից հետաքրքրվեց` հնարավո՞ր է հեռուստացույց բերել դատարան, ապա հետաձգեց դատական նիստը:
Արգիշտի Կիվիրյանն էլ զայրացավ, որ մինչեւ հիմա դատարանը համապատասխան տեխնիկական միջոցներ ապահովելու քայլեր չէր արել ու ասաց. «Գնացեք Սերժ Սարգսյանից հեռուստացույց պահանջեք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ