Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ հաջորդ նախագահին վայել պատասխան

Սեպտեմբեր 01,2014 11:40

1920-ականներին եղեռն տեսած հայ ժողովրդի մի քանի մոլորյալներ գտան, որ ազգի միակ փրկությունը ռուս «մեծ եղբոր» հովանու տակ ապրելն է: Դրանից հետո յոթ տասնամյակ պահանջվեց հասկանալու համար, որ ազգի գոյատևումը կախված է ընդամենը նրա մտածողությունից:

Ռուս «մեծ եղբոր» հանդեպ ունեցած կույր հավատի պատճառը գտնելու համար ինձ խորհուրդ տվեցին այցելել օնկոլոգիական հիվանդանոց: Ես կարդում էի պատերին փակցված գրությունները. պայծառատես Մագդան քաղցկեղը բուժում է աղոթքով… և այլ տխմարություններ: Հիվանդանոց մտնողները կարդում ու սարսափում էին, թե ուր են եկել, բայց սեփական դատավճիռը լսելուց հետո գնում էին դեպի հայտարարությունները՝ գրանցում հավատ վաճառողների հեռախոսահամարները: Մարդ արարածը էդպիսին է, երբ փակում ես նրա հույսի դուռը, նա ոչ միայն սկսում է հավատալ անհեթեթություններին, այլ նաև ինքն է սկսում հորինել … Ռուսը ադրբեջանցուն հրթիռ է վաճառում, հայը հորինում է. «Հրթիռի մեջ չիպ կա, եթե նա փորձի մեր գլխին գցել «մեծ եղբայրը» օդում կպայթեցնի»:
Երբ զոհին փակի տակ ես դնում, լույսը հանգցնում ու նվաստացման բոլոր միջոցներով բերում այն համոզման, որ իր տեսակի տեղը, ի վերուստ, մինչ աշխարհ գալը վճռված է, ապա դրանից հետո հարկ չկա կաշկանդել նրա ֆիզիկական ազատությունը և ստիպել ծառայել «ուժեղին»: Նա ինքն է վազում «ուժեղի» մոտ ու փեշի տակ մտնում, անգամ, երբ նրան մահակով քշում են: Նա պատրաստ է տանել բոլոր ստորացումները, ընդունակ է դառնալ անվախ ու քաջ, կարող է ամենաանհավանական հաղթանակները պարգևել «ուժեղին» (տիրոջը), իրեն ճանապարհը չբռնած իր իսկ անգիտակից եղբայրների կոկորդը կրծել, միայն փեշի տակ լինել:

Ահա և Գարեգին Նժդեհի ու միկոյանների տարբերությունը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տարբեր աղբյուրների համաձայն Ռուսաստանի օգտին Ֆաշիզմի դեմ կռվել է 500 000 – 650 000 աշխարհասփյուռ հայորդի, 200 000 – 350 000 զոհ տվել, 4 մարշալ, 106 հերոս, երբ աշխարհում հայերի քանակը ընդամենը 2-2,15 մլն էր: Յուրաքանչյուր 3-4-րդ հայ մարտնչել է:
Իսկ եթե այդ 4 մարշալները և մնացյալ ներուժը լինեին հայոց հողում… ո՞վ էր նրանց մութ սենյակում պահել, լույսը կտրել, պատմագրությունը կեղծել ու թուրք ասքյարով վախեցրել: Պատասխանը երկար սպասել չի տալիս՝ միկոյանները: Եվ ի՞նչ տվեցին հայի տեսակին այդ բազմահազարանոց ուժն ու օտարի հողում ընկած զոհերը, ընդամենը`մի փոր հաց ու ռուսական մենթալիտետ:

Ի սկզբանե, ռուս մարդը ЧК-ների և НКВД-ների նկուղներում հային խոշտանգման չի ենթարկել, դրանք հիմնականում եղել են «Պողոսովներն» ու «Սարկիսովները», իսկ դուք կոմունիստ եղբայրներ ասում եք Միկոյանի և Կալաշնիկովի ավտոմատի արձանը դնենք: Եվ ինչ, հետո ասենք պատրա՞ստ ենք, եկեք սկսեք հերթական քաղաքական սպանությունները: Մեր լուսավորիչ Խաչատուր Աբովյանը իր միամտության զոհը դարձավ, մենք էլ նրա կորստից առայսօր «մեծ եղբորը» չենք կարողանում ետ կանգնեցնել այդ արատավոր զբաղմունքից:

Չորս մարշալներն ու մնացյալ հայորդիները ազատության մեջ էին, իսկ Գարեգին Նժդեհը՝ բանտում: Նրան մի բանտից մյուսն էին տեղափոխում, ЧК-ները НКВД- ներ էին դառնում, НКВД-ները КГБ-ներ, բայց նրա ուղեղը լվանալու բոլոր ջանքերը ապարդյուն էին անցնում: Դա, նրա «կարմրած ռուսի» դեմ մղած կռվի եզրափակիչ հաղթանակն էր, որի արդյունքը այսօրվա մեր երիտասարդության ինքնուրույն ապրելու ունակությունն է:

Մի քանի ուղերձ – գրառում «100/150/100» տրանսպորտի թանկացման դեմ ուղղված ֆիլմից:


Սատանիկ-պսատանիկը գրում է. Գանդին էս ստատուսի սկիզբը ասել է « … հետո սկսում են կենացները, հետո հպարտացողները հիասթափվում են, հետո հիասթափվողներին Սերժի մարդիկ են ասում, հետո ամեն ինչ սովորական է դառնում ու քսան հոգի շարունակում է պայքարել, մինչև հաջորդ վերելքը»:

Օրիորդը հիասթափություն ասածը դիտարկում է նպատակին հասնելու ճանապարհին որպես անհաջողության հերթական քայլ՝ կասկած անգամ չունենալով, որ հաջողությունը միշտ թաքնված է անհաջողության ետևում:

Mikayel Ghazarian «Մի խոսքով, ժողովուրդ ջան, էսօր իմացա, որ իզուր չեմ մնացել երկրում ու չեմ արտագաղթել: 100 AMD»:

Երիտասարդ, որն առանց պաշտոնի լծակի կարողանում է ազդել իրականության վրա, գիտակցում, որ կյանքում երջանիկ լինելու համար հարկավոր է նախ երջանիկ լինել սեփական տանը:

AREG «Տարոն Մարգարյան, մենք երիտասարդներս միշտ ձեր կողքին ենք: Մենք ուշադրություն չենք դարձնում ծախվածների անիմաստ կոչերին և անհիմն մեղադրանքներին, Դուք եք մեր ընտրած քաղաքապետը և միշտ մեր կողքին եք»:
Փայլուն օրինակ՝ սեփական խնդիրները լուծել առանց երրորդ կողմի միջամտության:

Harutyun Virabyan «Պարոն Մարգարյան, մենք Ձեզ շատ ենք սիրում և հավատում ենք…և ինչքան էլ անլուծելի են թվում խնդիրները ամեն անգամ դուք գտնում եք ելք և Ձեր հոգատար վերաբերմունքով տարբերվում եք բոլորից»:

Երախտագիտության դրսևորում:

Գրառումներից տեսնում ենք, որ մեր երիտասարդությունը պատրաստի քաղաքապետ չի փնտրում՝ նա Տարոն Մարգարյանի ինքնուրույն գործելու ազատության աստիճանը մեծացնելով քաղաքապետ է կայացնում:

Բոլորի աշխարհընկալման հիմքում բարոյականությունն է: Քանի որ այսօր բարոյականություն բառը կորցրել է իր հոգևոր բովանդակությունը, մենք ետ կգնանք դեպի «Մոռալ» բառը, և ի միասնություն մեր երիտասարդների, համատեղ «Մոռալ-երևույթը» կվերադարձնենք մեր կենսակերպ, քանզի միայն նրա շեմից վեր իմաստ ունի խոսել պետականաշինության մասին:

Իշխանափոխության սիրահարներ, եթե դուք գտնում եք, որ ավելի տոկուն եք, քան պատերազմի բովով անցած Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, և Մոսկվային չի հաջողվի ձեր խիղճն ու հոգին գրավ վերցնել Արցախի «անվտանգության» դիմաց, ամենքիդ մի երկար պոչ կպցնել ու մյուս ծայրն էլ Կրեմլի դռան տակ ճզմած պահել, ապա առաջ՝ դեպի իշխանափոխություն:

Ո՞րն է ՀՀ պետականության անվտանգության երաշխիքը հարցին մոռալիստ Անուշ Սեդրակյանը պատասխանել է. «Մեր անվտանգությունը Գյումրիում լցրած զորքը չէ, մեր անվտանգությունը ՀՀ քաղաքացին է: Սուվերեն պետության համար պետք է ունենալ սուվերեն պետության մտավոր մարդիկ»: Իմաստուն պատասխան՝ վայել ՀՀ հաջորդ նախագահին:

Հրանուշ Խառատյանի, հայ պատմագրության խորհրդային շրջանի աղբանոցը տակն ու վրա անելը մի միտում ունի, ի դեմս Հայաստանի անկախության համար մարտնչածների և բոլշևիկ-միկոյանականների տարանջատել հոգևոր արժեքներ դավանողներին գոյությունը պահպանող կոմֆորմիստներից:

Շուշիի ազատագրումը հոգևոր արժեքներ դավանող տղաների շնորհքն էր, հացափորի ապրողները Մոսկվաներում ու Փարիզներում տաք ձմեռներ էին անցկացնում:
Ամենևին մտադիր չեմ մեղադրել ու դատել կենսակերպով սահմանափակվող մարդկանց, փոխվելու կոչեր անել, ես դրա իրավունքն էլ չունեմ, քանզի մարդը աշխարհ է գալիս սեփական ընտրության իրավունքով, և հոգևոր արժեքի ու գոյապահպանման հակադրությունն էլ Անուշ Սեդրակյանի հորինածը չէ, դա միշտ եղել է և կա, պարզապես, հացափորի ապրող, տուն պահող պատգամավորներից պարտավոր ենք ազատվել՝ նրանք վտանգում են ՀՀ պետականությունը:

Իշխանափոխության սիրահարներ, ձեզ համար պարզե՞լ եք, թե դուք որ տեսակին եք պատկանում և որն է ձեր էլեկտորատը: «Օրինաց, Արժանապատիվ, Բարգավաճ…» ասածները ընդամենը ածականներ են, և վերջապես, ովքե՞ր են լինելու ձեր խոստացած երկրի ստեղծողներն ու արժեքները կրողները:

Ձեզ հետ իշխանության եք բերելու աղքատ, բայց ազնիվ մարդկանց , ովքեր ընդունակ են տեսնել հարստության արտաքին կողմից անդի՞ն, և ո՞ր ընտանիքներից, այն, որոնց պատկերացմամբ ծառայության մեջ գտնվող հարկային տեսուչը «չարիք» է, իսկ փեսայի տեսքով նույն հարկային տեսուչը կոչվում է «բերող տղա՞», միգուցե անծանոթի հետ դուքով խոսելու մշակու՞յթ եք տարածելու, կամ վարորդները ձեր իշխանության օրոք պիտի սկսեն ( ինչպես պարսիկները ) միմյանց դիմել աղա՞ ասելով…

Այդ ամենի իրականացումը կոչվում է աշխատանք ժողովրդի հետ ներքևից՝ լուսավորում, որի արարողը հոգևոր արժեք դավանողն է, իսկ ձեր բռնած ուղին՝ վերևից, կոչվում է հեղափոխություն, որի հաջողացնողը հացափորի ապրողն է:

Եթե սեպտեմբերին գնաք ապակուսակցական երիտասարդության ետևից, նրանք ձեզ հոգևոր արժեքներով կվերաիմաստավորեն, և ձեր երազած Հայաստանը կգա իր ոտքով, իշխանափոխությունն էլ կընթանա տրամաբանված ու աննկատ: Իսկ եթե մտադիր եք տարբեր կուսակցությունների «երիտթևերի» երիտասարդներին առջևից գցած գնալ իշխանափոխության, ապա, լավագույն դեպքում կունենաք նույնը, վատագույնը՝ ՀՀ պետականության կորուստ:

Եթե ցանկանում եք օգտակար լինել ՀՀ պետականաշինության գործին, սկսեք գործնական աշխատանքներ՝ « ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ և ԽՆԴՐԵՄ » – ը մասսայականորեն հայի կենսակերպ մտցնել: Դա այն թռիչքուղին է, որի վրա վայրեջք է կատարում «ՄՈՌԱԼ» կոչվող հսկան (այդ մասին կարդացեք «Битва Мятежных Ангелов» հոդվածում ):
Հիշենք Գարեգին Նժդեհի պատգամը.

«ՀԱՄԱԽՄԲԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆԸ ԱՊԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ»:

Սիրելի կուսակցականացված երիտասարդներ, իշխանափոխություններից հետո կուսակցությունների անունները նրա անդամների վրա մնում են որպես խարան, իսկ «100/150/100» անունները դառնում են «բրենդ» ու մնում պատմության մեջ: Ձեր տեղը հասարակական կազմակերպություններն են, գիտցե՛ք, կուսակցականացված՝ դուք ի սկզբանե դեստրուկտիվ եք:

Ուշադիր նայե՛ք «100/150/100» տրանսպորտի թանկացման դեմ ուղղված ֆիլմը , տեսե՛ք, թե ինչպես են աղջիկները պահում տղաների թիկունքը, միացե՛ք նրանց, կատարե՛ք առաջին քայլը, ստեղծե՛ք նախադեպ, որ գա հաջորդը՝ տ-ն Հերմինե Նաղդալյանը մեկընդմիշտ փակի «Գրիբոյեդով» կոչվող «միկիտանխանան» ու շտապի դեպի սահմանը պահող վետերան ազատամարտիկները: Հիշեք հայ կնոջ առաքելությունը՝ պահել տղամարդու թիկունքը:

Այսօրվա հայ կինը զորու է լինել և՛ նախարար, և՛ նախագահ:

Ոչ վաղ անցյալում ինձ հանդիպեց նախագահի կեցվածքով մի ուժեղ կին, երբ ծանոթ քահանայից պարզում էի, թե որքան կարժենա եկեղեցում մեռելի մեկ «գիշերակացը»: Կանխավճարը տալու պահին ներս մտավ մի շքեղ կին ու անկանոն հետագծով սկսեց շրջել, իր ետևից տանելով դեպի խորան ուղղված հայացքները, հետո անշտապ մոտեցավ ինձ ու հարց ուղղեց:

Նա շողում էր ինչպես լուսապաշտպան ապակին կոտրած ջահը. այդպիսի երջանիկ տեսք ունենում են միայն ամուսնալուծված կանայք: Ականջներիս սուլոցը կտրվելուց հետո ես նրան խնդրեցի կրկնել հարցը: Այս անգամ արդեն նա հարցը տվեց խորամանկ ժպիտով, հավանաբար չեր կարողանում իրեն զերծ պահել նվաճված լինելու սպասումի արբեցնող գայթակղությունից՝ «Պ-ն, ես նկատեցի, որ դուք «ուսյալ և կրթյալ» անձնավորություն եք, խնդրում եմ ինձ ասեք, ես ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, թե ով է ասել. «Իրապես լուրջ մարդիկ անլուրջ տեսք են ունենում», Ալբերտ Էնշտե՞յնը, թե Անտոն Ռուբինշտեյնը»:
Ի՞նչ անել, տալ ճիշտ պատասխանը, ու նրա աչքում ավելի բարձրացնել առանց այդ էլ ոչ փոքր սեփական շանսերը, իսկ հետո… միևնույն է նման կնոջ մոտ արթնացած ցանկացած սեր ու հույզ սիրտը շրջանցելու և ուղղորդվելու է նրա հոգևոր կատարելությանը:
Հավանաբար մանուկ հասակում, Աստծո կամոք՝ ծնողի ձեռքով նրան սովորեցրել էին սեփական երազանքները գիտելիքի հետ փոխանակելով վաստակել սերը, և այսօր եկել է հատուցման ժամը, ու չգիտակցված, բայց կանխազգալով գնում է ընդունելու ընդառաջ եկող սեփական ժողովրդի մեծ սերը …

Ես որոշեցի խոչընդոտ չդառնալ, իրեն կոչման ետևից գնացող, պետականաշինության մայրուղի դուրս եկած կնոջ ճանապարհին և համեստորեն պատասխանեցի. «Չգիտեմ Տ-ն» ու հեռացա՝ վերադառնալու մտայնությամբ, իսկ հարցի պատասխանը պարզից էլ պարզ էր, որ դա ասել էր Ալբերտ Էյնշտեյնը: Ինչպե՞ս կարող էր նման հանճարեղ միտքը ծագել մի մարդու գլխում, որն ամբողջ օրը զբաղված էր «դաշնամուր նվագելով»:

Վահագն ԿՈԶՄՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Штерман Г.Воспоминания.-М.1998,-С,104-106
    /…/: ,,Кто по национальности резчик хлеба-армян нли грузин?”.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930