Բաց նամակ ՀՀ նախագահին
Երբ դժբախտությունը ծեծում է դուռդ՝ չի հարցնում ոչինչ՝ ինչո՞ւ, ո՞ր մեղքի համար: Նման դեպքերում ասում ենք՝ տեր Աստվածն է տնօրինում, ճակատագիր է:
Ճշմարտությունը ո՞վ գիտի, ո՞վ կիմանա երբեւէ: Անզորությունից, թե՞ հավատից դիմում ենք Աստծուն, օգնություն ենք հայցում, եկեղեցի ենք գնում ու մոմ վառում: Աղոթում ենք, այդպես էլ չիմանալով,թե ո՞վ է տեսնում մեր վառած փոքրիկ կրակը…
Չենք էլ իմանա: Մեզ մնում է հավատալը, որ ապրել ստացվի:
Եվ սովորության ուժով, երբ կյանքում դժբախտությունը ծեծում է դուռը, մենք Աստծուց խնդրում ենք գթասրտություն՝ շատ հաճախ լրիվ մոռանալով, որ առաջին հերթին պետք է դա խնդրենք ինքներս մեզնից, իրարից, մեր յուրայիններից… չէ՞ որ այդ դեպքում լսելի դառնալու հավանականությունն ավելի մեծ է:
Ես համոզված եմ, որ Վարդան Պետրոսյանի համար մոմ են վառել շատերը, հետո երեւի հույսներս դրել ենք բարձրյալի վրա:
Կարդացեք նաև
Բայց Վարդանը միշտ մեր կողքին է եղել, մեզ հետ, ու իր արթուն ներկայությամբ փորձել է զգոնություն քարոզել, հավատի կոչել: Բոլոր ներկայացումներում նրա անհանգիստ հոգին հարազատ երկրի ու ժողովրդի հանդեպ իր սերն ու ցավն էր հաղորդում՝ «ազգովի նույն երգը միասին երգելու» կարողությունը ցանկալի ապագայի համար երաշխիք տեսնելով:
Այսօր, խնդրում եմ, փորձենք՝ մեր տաղանդավոր ու սիրելի Վարդան Պետրոսայնին դատողներից ու մեղադրողներից գթասրտություն հայցել, որ հանկարծ դժբախտությունը (Աստծո կամոք, թե՞ ոնց) մեղք չդառնա:
ԼԻԼԻԹ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Հայաստանի գրողների
միության անդամ
«Առավոտ» օրաթերթ
30.08.2014