Վերջերս Սանկտ Պետերբուրգում ավարտվեց 3-րդ մշակութային եւ կրթական «Պուշկինյան Պետերբուրգ» նախագիծը՝ կազմակերպված Սանկտ Պետերբուրգի քաղաքային կոմիտեի արտաքին կապերի, Ա. Պուշկինի ռուսական թանգարանի եւ Ռուս գրականության ինստիտուտի (Պուշկինի տուն) աջակցությամբ: Միջոցառման նպատակն է՝ բարձրացնել կրթական, գիտական եւ մշակութային ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական գիտելիքները՝ արտերկրյա ռուսալեզու մասնագետների շրջանում:
Հայաստանից հրավիրված էին 3 մասնագետ: «Առավոտը» հանդիպեց նրանցից մեկին՝ Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս Սոնա Մովսիսյանի (լուսանկարում) հետ: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ «Պուշկինյան Պետերբուրգին» այս տարի մասնակցում էր 19 երկրից 47 մասնագետ՝ ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչներ, լեզվաբաններ, արվեստագետներ եւ Պուշկինի ստեղծագործական ժառանգության հետազոտողներ: Մեր զրուցակիցը նշեց, որ հիանալի ծրագիր էր, ամեն ինչ նախապես պլանավորված էր այնպես, որ դասախոսությունները եւ էքսկուրսիաները անցնեն կազմակերպված: «Այցելեցինք պուշկինյան այնպիսի վայրեր, որոնց մասին միայն երազել էինք: Ծրագրի բացումը կայացավ պուշկինիստների մեքքայում՝ Սանկտ Պետերբուրգի Ռուսական գրականության ինստիտուտում: Այցելել ենք Պուշկինի տանը գտնվող հնությունների պահոց, ապա գրականության թանգարան, ունկնդրել հետաքրքիր դասախոսություններ, եղել ենք նաեւ Մոյկա 12 հասցեում գտնվող պոետի տուն-թանգարանում: Հետաքրքիր էր այցը «Ցարսկոյե սելո» պետական թանգարան-արգելոց: Եղանք Պուշկինի դայակի՝ Արինա Ռոդիոնովնայի տնակում: «Պուշկինյան Պետերբուրգի» փակման արարողությունը «կլոր սեղանի» ձեւաչափով էր»:
Մեր հարցին, թե ի՞նչ տվեց անձամբ իրեն նախագիծը, Սոնա Մովսիսյանը պատասխանեց. «Արդյունավետ համագործակցություն, փորձի հարստացում եւ փոխանակում, պարզապես շփում հաճելի մարդկանց հետ, որոնք նաեւ Սանկտ Պետերբուրգի պատմության մերօրյա տարեգիրներն են»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.08.2014
Շնորհակալություն բովանդակալից հոդվածի համար, բայց պետք է նշեմ, որ ՞Պուշկինյան Պետերբուրգ ՞ նախագծին մասնակցել է ոչ թե Մանկավարժական ինստիտուտը, այլ այդ ինստիտուտի դասախոս Սոնա Մովսիսյանը՝ Պատմաբանների ՞Վիկտորիա՞ ակումբի երաշխավորությամբ: