Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երրորդ համաշխարհայինը սկսվել է

Սեպտեմբեր 01,2014 12:30

Երրորդ համաշխարհայինը սկսվել է: Աշխարհում այս պահին ընթացող պատերազմներին ուղղակի եւ անուղղակի մասնակցում են համարյա բոլոր լուրջ տերությունները: Այստեղ նպատակ չի դրվում առանձին-առանձին վերլուծել պատերազմական բոլոր օջախներում առկա իրադրությունները եւ տեսնել, թե դրանք որտեղից են գալիս ու ուր են գնում: Չմտնելով ընթացող պատերազմների քաղաքական եւ տնտեսական դրդապատճառների մեջ, ուղղակի փաստենք, որ դրանց ամենահիմնական օջախներն են. Իսրայել-Պաղեստին, Սիրիա-Թուրքիա, Ուկրաինա-Ռուսաստան, Իրաք-Իսլամական խմբավորումներ, Ղարաբաղ-Ադրբեջան: Փաստորեն, բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ երկու եղբայր ժողովուրդներն են պատերազմում՝ Ռուսաստան եւ Ուկրաինա: Իսկ, եթե մի քիչ ավելի խորանանք, կարելի է վստահաբար ասել նաեւ, որ փաստացի՝ նույն ժողովրդի երկու հատվածներն են իրար դեմ անխնա եւ արյունարբու պատերազմ վարում: Կան նաեւ բազմաթիվ այլ օջախներ, որտեղ կարծեցյալ՝ քաղաքացիական կռիվներ են ընթանում, սակայն նրբին վերլուծությունները վկայում են, որ դրանցում անուղղակիորեն ներգրավված են բազմաթիվ այլ երկրներ եւս: Այնպես որ, դրանք այնքան էլ քաղաքացիական չեն եւ ամեն վայրկյան կարող են վերածվել դասական պատերազմների, եթե հանգամանքները մի քիչ այլ կերպ դասավորվեն: Որքան էլ զարմանալի թվա, այս պատերազմներին նաեւ համաշխարհային բնույթ է տալիս Իրաքում իրականացվող եզդի ժողովրդի նկատմամբ իրականացվող եղեռնը: Փաստացի, 21-րդ դարում՝ աշխարհի աչքի առջեւ, Իրաքում՝ 200-300 հազարանոց «իսլամիստական պետություն» հռչակված խմբավորումների կողմից եզդիների բացահայտ եղեռն է իրականացվում եւ 7 միլիարդանոց «խաղաղասեր» աշխարհը չի կանխում այն: Չի կարողանու՞մ, թե՞ չի ուզում: Մի բան է միայն բացահայտ. բոլոր երկրները շարունակաբար՝ բարձրաձայն հորջորջում են, որ մեծագույն հանցագործություն է եղեռն անելը, սակայն ոչ մի կոնկրետ քայլ չեն անում դրա դեմն առնելու համար: Մի՞թե աշխարհի համար դժվար է այդ մի քանի հազար հոգանոց խմբավորումներին ուղղակի գնդակահարել, հավասարեցնել հողին, որպեսզի կանխվեն հետագա՝ նոր եղեռնների սանձազերծումը, որոնց ընթացքում մորթելու եւ բռնաբարելու են նույն ամերիկացիների, եվրոպացիների, չինացիների, ռուսների (չթվարկենք, քանզի դրանք շատ-շատ են), մի խոսքով բոլորի կանաց ու երեխաներին: Մի բան ակնհայտ է, որ սա սովորական պատերազմ չէ: Միթե՞ աշխարհի հզորները չգիտեն պատերազմի եւ եղեռնի տարբերությունը, որ այդքան դանդաղ են գործում (եթե, իհարկե գործում են): Չափազանց անհասկանալի է նրանց անտարբերությունն այս հարցում: Եղեռնը՝ որպես արտակարգ իրավիճակ, շատ նման է հրաբուխի կամ երկրաշարժի, որի պարագայում ամենաառաջնայինը ժամանակի գործոնն է եւ ակնհայտ է, որ նման դեպքերում ուշանալը կամ ոչինչ չձեռնարկելը՝ բացարձակ նույնանում են: Ջրում խեղդվող մարդուն՝ մի քանի րոպե է տրված փրկվելու համար եւ խեղդվելուց հետո, թեկուզ ամբողջ աշխարհի մարդկությունը հավաքվի՝ փրկելու կամ սգալու, դրանից ոչինչ չի փոխվում: Աշխարհն արդեն ուշացել եւ շարունակում է ուշանալ այս հարցում: Եվ, սա այն դեպքում, երբ նման իրավիճակներում պետք է ամեն ինչ թողնել եւ օպերատիվորեն զբաղվել այդ աշխարհակործան հարցով, այլ ոչ թե՝ որպես մխիթարություն, մի քանի ուտելիք ու մի քանի կոպեկ ուղարկել: Էլ չեմ ասում, որ բռնաբարված, ողջ-ողջ մորթված կանայք ու երեխաները ոչ կարող են, ոչ էլ դրա կարիքը ունեն: Մեռած մարդիկ՝ արդեն մեռել են, իսկ անարգվածները՝ միայն ուզում են մեռնել: Նվազագույնը՝ կույր պետք է լինել, չտեսնելու համար, որ սկսված գործընթացները ոչ այլ ինչ են, քան համաշխարհային պատերազմ, քանզի այս պատերազմներին ներգրաված երկրների եւ թիվն է բավականին մեծ, եւ դրանց մասշտաբներն են բավականին ծավալուն եւ ավելին՝ այդ հակամարտությունները մարելու միտումներ չեն արձանագրվում: Ընդհակառակը, քանի գնում, ավելի մեծ թվով երկրների ախորժակներ է բացվում եւ դրանք՝ իրենց մոտակա կամ հեռակա շահերից ելնելով, լրջորեն են մասնակցում այդ գործընթացներին: Ուղղակի, այս պատերազմը՝ 2-րդ համաշխարհայինից տարբերվում է այնքանով, որ ի տարբերություն նախորդի, այսօր մի շարք երկրներ ունեն ատոմային եւ ջրածնային զենքեր, որոնց կիրառման՝ աշխարհակործան հանգամանքը բոլորն են գիտակցում, որն էլ ուղղակի զսպում է պատերազմի ընդլայնման աշխարհագրությունը, քանզի այն կբերի աշխարհի կործանմանը եւ համայն մարդկության վերացմանը: Ասվածը պարզորոշ վկայում է այն մասին, որ աշխարհի հզորների կողմից կտրուկ միջոցառումներ չիրականացնելու դեպքում, եթե իհարկե, նրանք ցանկանում են դա, սկիզբ առած երրորդ համաշխարհային պատերազմը մեծ ծավալներ կընդգրկի, կդառնա անկառավարելի եւ մեծ հարցականի տակ կդրվի աշխարհի, ինչո՞ւ չէ նաեւ, մարդկության գոյության շարունակության հարցն ընդհանրապես: Սա բացարձակ նոր, նմանը երբեւէ չունեցող իրավիճակ է, որի ժամանակ թույլ տրված սխալները կարող են մեկընդմիշտ եւ անդառնալիորեն այրել փրկության բոլոր ճանապարհները:

ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ
Քաղաքագետ, «Ժողովրդավարություն եւ ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն հ/կ նախագահ

«Առավոտ» օրաթերթ
30.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930