Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի առաջին դասարանցիներն այսօր իրենց դասղեկների ուղեկցությամբ առաջին անգամ ոտք դրեցին դպրոց։
Պուշկինի անվան դպրոցն այս տարի ունի 7 առաջին դասարան, որոնցից երկուսը ռուսական թեքումով։
Առաջին դասարանցիներին իրենց ողջույնի խոսքը հղեց դպրոցի տնօրենը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր ծնողներին, որոնք իրենց երեխաներին վստահել են եւ բերել են դպրեց, եւ խոստացավ ջանք չխնայել՝ երեխաներին կրթելու եւ դաստիարակելու հարցում։ Ողջույնի խոսքով նաեւ հանդես եկավ Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։
Կարդացեք նաև
Ալեքսանդր Պուշկինի դպրոցի արդեն 36 տարվա շրջանավարտ, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նույնպես ներկա էր դպրոցի ողջույնի արարողությանը։
Լրագրողների հետ զրույցում պրն նախարարը մտաբերեց իր առաջին քայլերը, որ կատարել էր դպրոցում եւ նաեւ հիշեց իր առաջին ուսուցչուհուն. «Այսօր շատ ոգեւորիչ եւ հուզումնալից օր է, եւ ցանկանում եմ, որ այն աշակերտները, որոնք այսօր առաջին անգամ իրենց առաջին ուսումնական հաստատության շեմն են հատել, ապրեն խաղաղ երկնքի ներքո, առողջ լինեն եւ գիտելիքներով օժտված»։
Պրն Մուրադյանը հիշելով իր դպրոցական տարիները՝ լրագրողներին պատմեց, որ չի փայլել առաջադիմությամբ, սակայն եղել են առանձին առարկաներ, որոնք սիրով պարապել է, իսկ եղել են նաեւ այնպիսիները, որոնք չի սիրել. «Ինձ համար հիմնականում ծանր էին լեզվի դասերը, բայց պատմությունը, աշխարհագրությունը մեծ հաճույքով էի պարապում»։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ