Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Կրթության ոլորտի ներկայացուցիչների օրհնության ավանդույթը շարունակական է լինելու»

Օգոստոս 31,2014 17:49

Արմեն Աշոտյանի պնդմամբ՝ եկեղեցու հետ իրենց համագործակցությունը կրում է ոչ միայն ծրագրային եւ առարկայական բնույթ:

Այսօր՝ օգոստոսի 31-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը կատարեց կրթության ոլորտի աշխատողների օրհնության արարողությունը: Արարողությանը մասնակցում էին Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ  Դավթյանը եւ մի շարք դպրոցների տնօրեններ:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ վստահ է, որ սա այն ավանդույթն է, որը շարունակական է լինելու՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի քաղաքական լուծումներ կարող են տրվել կրթության եւ գիտության նախարարի պաշտոնին: Նրա խոսքերով՝ Մայր Աթոռի եւ Վեհափառ Տիրոջ վերաբերմունքը կրթության նկատմամբ այնպիսին է, որ տարիների ընթացքում իրենց համագործակցությունը կրում է ոչ միայն ծրագրային եւ առարկայական բնույթ. «Երբ կար եկեղեցին եւ չկար պետությունը, ապա կրթության դերն ու առաքելությունը ստանձնել էր Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին՝ հիմնելով առաջին հայկական դպրոցները, առաջին հայկական համալսարանները, ժողովրդին նվիրելով սուրբ Մաշտոցի գիրն ու գրականությունը»:

Պարոն Աշոտյանն ասաց, թե ակնհայտ է, որ կրթության ոլորտը եկեղեցու հետ իր ավանդական, պատմական, մշակութաբանական ու գաղափարական կապերով ուղղակի անքակտելի է, եւ այդ կապն ամրացվում է ոչ միայն  Մայր Աթոռում տեղի ունեցող ծիսակարգերի մասնակցությամբ, այլ նաեւ ինքնամաքրմամբ. «Այս ամենն ամրացվում է ոչ միայն մեր՝ որպես հայոց ազգի զավակների եւ դուստրերի ցանկությամբ շոշափել եւ մասնիկը դառնալ Մայր Աթոռում տեղի ունեցող ծիսակարգերին, հայրապետական օրհնությանը եւ միասնական աղոթքին՝ Վեհափառի առաջնորդությամբ, այլ նաեւ մի փոքր ինքնամաքրվել, ստանալ բավարար հոգեւոր եւ հոգեկան ներուժ, որպեսզի աշխարհի գործերի կողքին հասկանալ եւ հավատալ, որ մեր բռնած գործը՝ կրթության գործը, աստվածահաճո է, եւ այդ աշխատանքը լիարժեք կատարելու համար մենք կարող ենք ապավինել ոչ միայն օրենքներին, միջազգային փորձին, այլ նախ եւ առաջ ինքներս մեզ, մեր արժեքներին եւ Աստծուն, որի համար ծառայում է Հայ Առաքելական եկեղեցին եւ իր հազարավոր հետեւորդները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031