Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրկնակի ուշադիր եմ լինելու սահմանամերձ համայնքների խնդիրների նկատմամբ». Արմեն Աշոտյան

Օգոստոս 31,2014 10:27

Օգոստոսի 30-ին ՀՀ կրթության և գիտության (ԿԳ) նախարար Արմեն Աշոտյանը Իջևանում՝ մարզպետարանի դահլիճում, մասնակցեց  Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը:

Լսեց նրանց մտահոգություններն ու առաջարկությունները, խոսեց կրթության ոլորտում արված և նախատեսվող քայլերի մասին՝ շեշտը դնելով մասնավորապես սահմանամերձ համայնքների վրա. «Մենք այս տարվա որոշ գյուղերի շրջանավարտների՝ բուհ ընդունված առաջին կուրսեցիների համար համապատասխան դիմումով դիմել ենք բուհերի ռեկտորներին՝ առաջարկելով այս երեխաների համար սահմանել ուսման վարձի առնվազն 30% զեղչ: Թեև օրենքը թույլ չի տալիս առաջին կուրսում այդ զեղչը կիրառել, բայց, այնուհանդերձ, մենք այդպիսի բացառություն անելու ենք»,- ասաց ԿԳ նախարարը՝ հավելելով, որ երկրորդ և բարձր կուրսերի ուսանողներն էլ կարող են օգտվել համակարգում գոյություն ունեցող սոցիալական այլ ծրագրերից:

Պարոն Աշոտյանը տեղեկացրեց նաև, որ դիմել են բուհերի ռեկտորներին, որ տվյալ համայնքների ուսանողներն իրենց վարձավճարները իրավունք ունենան վճարելու ամսական կտրվածքով:

ԿԳ նախարարը խոսեց նաև հեռահար մի նպատակի մասին, այն է՝ Տավուշի մարզում խրախուսել ընդհանուր կրթական համակարգի ստեղծումը. «Գուցե լրացուցիչ քննարկումներ անենք Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում նպատակային ընդունելության մեխանիզմների կիրառման հետ կապված, և մի շարք համայնքների երիտասարդներ հնարավորություն ունենան հենց Իջևանի բարձրագույն ուսումնական հաստատությունում ստանալու անվճար կրթություն՝ պայմանով, որ հետո վերադառնան իրենց համայնքները»:

Ինչ վերաբերում է դպրոցներին, պարոն Աշոտյանն ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դեռևս քննարկում են վճարովի դասագրքերի գնի հարցը և պատրաստվում են սահմանամերձ համայնքների համար 30-50%-ով իջեցնել դրանց գինը:

Այնուհետև լրագրողների հետ զրույցում Ա. Աշոտյանն ընդգծեց, որ կրկնակի ուշադիր է լինելու այս համայնքների խնդիրների նկատմամբ և ոչ միայն հանրապետության ներսում. «Կրթությունը դիտարկելով իբրև մարդու գերակա իրավունքներից մեկը՝ ցանկացած քայլ, որը կխոչընդոտի այդ իրավունքի իրականացմանը, որը թելադրված կլինի քաղաքական կամ ռազմաքաղաքական նպատակներով, պետք է դատապարտվի նաև եվրոպական կրթական հանրության կողմից»,- ասաց պարոն Աշոտյանը՝ հավելելով, որ հետևողականորեն հավաքագրելու է ցանկացած տեղեկատվություն, որը կվերաբերի ապագայում որևէ դպրոցի գնդակոծություններին: «Այդ տեղեկատվությունը կարևոր կլինի ոչ միայն Հայաստանի համար. լինելով եվրոպական կրթական տարածքում և սերտ կապեր ունենալով բազմաթիվ երկրների միջազգային կառույցների հետ՝ երեխաների պաշտպանության, նրանց կրթության իրավունքի պաշտպանության հարցը նաև միջազգայնացման կարիք ունի, և մենք այստեղ գործադրելու ենք մեր բոլոր ջանքերը, որպեսզի այդ պարսավելի քաղաքականությունը դատապարտվի նաև մեր միջազգային գործընկերների կողմից»,- ասաց Ա. Աշոտյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Բուհդ ձև է, որոշումդ տձև է:Տգետանոցում սովորող չկա, ապրանքիդ գներն ես իջեցնում:Ընդամենը:Ձևական բուհն էլ սահմանդ չի պահում, որովհետև սահմանում էլ են բովանդակություն ուզում:Ի դեպ, ասեմ, քանի որ հաստատ չգիտես, մինչև հոկտեմբեր սահմանամերձի միայն մի գյուղից Կրասնոյարսկ է մեկնելու 26 մարդ, որոնցից 7-ը դպրոցականներ:Բուհդ չի փրկում, գուցե ռազմական բուհ բացես, պրակտիկան էլ սահմանային խրամատներում:Հա,հա, հա, հայակրթության փափկաորձեր…

  2. Garegin says:

    Եթե Արմեն Աշոտյանն էլ վաևչապետի նման չվարվի, հույս ունենանք, որ խոստացված ուշադրության արդյունքները տեսանելի կլինեն հենց սահմանամերձ բնակավայրերում, այլ ոչ թե այլ տեղեր: Հիշեցնենք, որ հավանաբար վարչապետ Հ.Աբրահամյանի Տավուշ կատարած այցի արդյունքներով կառավարությունը որոշում կայացրեց նրա հայրենի գյուղի՝ Մխչյանի մանկարատեզի ճանապարհի ասֆալտապատման համար մոտ 28 մլն դրամ գումար հատկացնել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031