Լրահոս
Օրվա լրահոսը

Շոկոլադե տրյուֆելներ՝ տանը

Օգոստոս 31,2014 12:30

Այս քաղցրավենիքը պատրաստելը ձեզնից մի քիչ ժամանակ կխլի, սակայն, հավատացնում եմ, այն այնպիսի հիացմունքով կընդունվի համտեսողների կողմից, որ ամբողջությամբ կփոխհատուցի ձեր ծախսած ժամանակը: 

Շոկոլադե տրյուֆելները պարզապես հալվում են բերանում եւ շատ գեղեցիկ են նայվում:

shokolade-trufelner-1

 

Անհրաժեշտ մթերքներ

Սեւ, դառը շոկոլադ՝ 70-80% կակաոյի պարունակությամբ- 400 գրամ (2 տուփը գանաշի, 2-ը՝ շոկոլադապատելու համար)
Բարձր յուղայնությամբ կաթնասեր- 150 գրամ
Կոնյակ- 50 գրամ
Կարագ-100 գրամ (60 գրամը՝ գանաշի, 40գ՝ շոկոլադապատման համար)
Կակաո-4-5 ճաշի գդալ
Ինչպես նաեւ՝ անպայման պետք է ձեռքի տակ ունենաք մեկ զույգ բժշկական ձեռնոց

Պատրաստման եղանակը

Սկզբում պատրաստում ենք գանաշը՝ շոկոլադե հիմքը:
Մանր կտրատեք 200 գրամ դառը շոկոլադը: Սենյակային ջերմաստիճանի հասցրած կարագը նույնպես շատ մանր կտորների բաժանեք: Կաթնասերը դրեք կրակի վրա, թող լավ տաքանա, հասնի եռման աստիճանին, բայց չեռա: Տաք կաթնասերը լցրեք կտրատած շոկոլադի վրա: Թողեք մեկ րոպե, մինչեւ շոկոլադն ու կաթնասերը նույն ջերմաստիճանը ստանան, եւ սկսեք զգուշությամբ հարել՝ ձեռքի հարիչով: Երբ միատարր զանգված դառնալուն արդեն մոտ է, ավելացրեք կարագը եւ շարունակեք հարել: Քիչ անց ավելացրեք նաեւ կոնյակը (ի դեպ, այն կարող եք նաեւ վիսկիով փոխարինել), ու շարունակեք հարել, պետք է դառնա միատարր, փայլուն զանգված՝ գանաշ:

shokolade-trufelner-2

shokolade-trufelner-3
Գանաշը դրեք սառնարան, բայց անպայման լավ փակեք բերանը՝ ֆոլգայով կամ պոլիէթիլենե թաղանթով, որպեսզի սառնարանանում գտնվող այլ մթերքներից հանկարծ հոտ չկպնի շոկոլադե գանաշին: Սառնարանում գանաշը կարող է մնալ ամբողջ գիշեր, բայց ամենաքիչը՝ 3 ժամ պետք է՝ սառելու եւ հետագա աշխատանքը շարունակելուն պիտանի լինելու համար:

Երբ գանաշը լավ սառչի, հանեք սառնարանից: Մատուցարանը փաթաթեք ֆոլգայով, դրեք ձեր կողքը: Եռման ջրով լի մի բաժակի մեջ դրեք երկու թեյի գդալ: Հանեք մի գդալը, թափ տվեք, որ ջրի կաթիլներ չլինեն, մտցրեք սառած գանաշի մեջ, մի կտոր հանեք, թափ տվեք մյուս գդալը եւ երկու գդալների օգնությամբ ձեւավորեք ձեր տրյուֆելը՝ մի գդալից մյուսի մեջ զգուշորեն սահեցնելով: Պատրաստի տրյուֆելները շարեք ֆոլգայով փաթաթված մատուցարանի մեջ: Երբ բոլորը պատրաստ լինեն, կես ժամով դրեք սառնարան:

shokolade-trufelner-4

trufel7

shokolade-trufelner-5Մինչ տրյուֆելները սառչեն՝ անցնում ենք վերջին էտապին: Դրա համար ջրային բաղնիքի վրա հալեցրեք մնացած 200 գրամ շոկոլադը՝ մեկ ճաշի գդալ կարագի հետ: Մեծ ափսեի մեջ լցրեք կակաոն, դրեք մոտ տեղ: Հագեք բժշկական ձեռնոցները եւ սառնարանից հանեք տրյուֆելները: Հալած շոկոլադը, որը մեկ-երկու րոպե առաջ եք վերցրել կրակից, գդալով լցրեք ձեր ձեռնոց հագած ձեռքի մեջ, հատիկ հատիկ վերցրեք տրյուֆելները, թաթախեք ձեր ձեռքի մեջ եղած շոկոլադի մեջ, դրեք կակաոյով լի ափսեի մեջ, վրան նորից կակաո արեք: Երբ բոլորը շոկոլադապատ եւ կակաոյապատ լինեն, կարող եք դնել գեղեցիկ ափսեի մեջ եւ անմիջապես մատուցել: Միայն թե զգույշ եղեք՝ ձեր հյուրերը տրյուֆելների հետ իրենց մատերն էլ չուտեն:

 

Բարի ախորժակ:

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
30.08.2014

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031