Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական բուհերի դասախոսների բաց նամակը՝ Հովիկ Աբրահամյանին

Օգոստոս 30,2014 17:23

Սույն թվականի օգոստոսի 28-ին պետական բուհերի մի շարք երիտասարդ դասախոսների կողմից նամակ է ներկայացվել ՀՀ կառավարություն: Նամակում բարձրացվում է այն խնդիրը, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» փոփոխված և հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքը, թույլատրելով հրաժարվել մասնավոր աշխատավարձից սոցիալական վճար կատարելուց և արգելելով դա անել պետական աշխատողներին, չի կարգավորում պետական և մասնավոր աշխատանքները համատեղող անձանց հարցը: Արդյունքում ստացվում է, որ համատեղող աշխատողները պետք է սոցվճար կատարեն երկու աշխատավարձերից էլ: 
Այդպիսի համատեղող աշխատողներ են մի շարք երիտասարդ դասախոսներ, ովքեր բուհերում ստանում են սիմվոլիկ վարձատրություն, սակայն ստիպված են լինելու սոցվճար կատարել նաև իրենց մասնավոր համեմատաբար բարձր աշխատավարձից: Արդյունքում, բուհերում աշխատելը երիտասարդ դասախոսներից կպահանջի ոչ միայն ժամանակի հատկացում, այլ նաև իրենց մասնավոր եկամուտների մի մասից հրաժարում: Խնդիրը կարող է հանգեցնել նրան, որ երիտասարդ դասախոսները կարող են պարզապես հրաժարվել բուհերում դասավանդելուց:
Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.

ՀՀ վարչապետ
պարոն Հովիկ Աբրահամյանին


ԲԱՑ ՆԱՄԱԿ


Հարգելի պարոն Աբրահամյան,

Ձեզ ենք դիմում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխությունների հետ կապված մի խնդրով, որի հետևանքով բազմաթիվ երիտասարդ դասախոսներ, ովքեր աշխատում են նաև մասնավոր ոլորտում, կարող են ստիպված լինել հեռանալ պետական բուհերից:

Ինչպես հայտնի է, 2014թ. հուլիսի 1-ին ուժի մեջ են մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները: Այդ օրենքի փոփոխված տարբերակի 81-րդ հոդվածը հնարավորություն է տալիս մասնավոր ընկերություններում աշխատող անձանց հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից: Միևնույն ժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու իրավունք չի տալիս պետական ոչ առևտրային կազմակերպությունների վարձու աշխատողներին:

Հայաստանի Հանրապետությունում պետական բուհերն ունեն հենց պետական ոչ առևտրային կազմակերպության կազմակերպաիրավական ձև: Հետևաբար, բուհերի որևէ դասախոս, ով ծնվել է 1974թ.-ի հունվարի 1-ից հետո, չի կարող հրաժարվել սոցիալական վճար կատարելու պարտականությունից: Այս հանգամանքը մեծ խնդիրներ է առաջացնում հատկապես այն դասախոսների համար, ովքեր համատեղությամբ աշխատում են նաև մասնավոր ընկերություններում:

Հարգելի պարոն Աբրահամյան,
Մենք երբևէ չենք վերաբերվել բուհին՝ որպես եկամտի աղբյուրի: Համալսարանը մեզ համար միշտ եղել է հարազատ տուն, որը պետք է պահպանել առանց որևէ նյութական շահի: Դա է պատճառը, որ մենք, ունենալով մասնավոր ոլորտում համեմատաբար բարձր վարձատրվող աշխատանք, զոհաբերել ենք այդ աշխատանքին տրվող ժամանակի մի մասը համալսարանական կրթությանը որոշակի նպաստ բերելու համար՝ դրա դիմաց ստանալով չնչին վարձատրություն:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նշված փոփոխություններից հետո իրավիճակն այլ է: Դժգոհություն երբևէ չէր առաջանա, եթե սոցիալական վճար հաշվարկվեր միայն բուհից ստացվող աշխատավարձից: Պարզաբանում ստանալու համար մենք դիմել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն վերջինից ստացված նամակը (կից ներկայացվում է) անվերապահորեն պնդում է, որ մասնավոր ընկերությունում և ՊՈԱԿ-ում համատեղությամբ աշխատող անձը չի կարող հրաժարվել սոցիալական վճար կատարելու պարտականությունից:

Ստացվում է, որ, համալսարաններում աշխատելով, մենք ստիպված ենք լինելու սոցիալական վճար կատարել ոչ միայն համալսարաններից ստացվող ցածր աշխատավարձից, այլև մասնավոր ընկերության համեմատաբար բարձր աշխատավարձից: Հետևաբար, համալսարաններում աշխատելը մեզանից կպահանջի ոչ միայն ժամանակի հատկացում, այլև կհանգեցնի համալսարաններից դուրս մեր կողմից ստացվող եկամտի նվազմանը, իսկ այդ նվազեցվող եկամուտը հաճախ ավելին է լինելու, քան համալսարաններից ստացվող աշխատավարձը: Արդյունքում, համալսարաններում դասավանդելու համար մենք հարկադրված կլինենք տրամադրելու ոչ միայն ժամանակ, այլ նաև՝ փաստորեն, որոշակի գումար:

Հաշվի առնելով վերոգրյալը, երիտասարդ գիտնականների` կրթության և գիտության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները լուծելու պատրաստակամությունն ու սրտացավությունը` խնդրում ենք Ձեզ ձեռնարկել հարցի լուծմանն ուղղված քայլեր, այլապես, ամենայն հավանականությամբ, շատ երիտասարդ դասախոսներ ստիպված կլինեն հրաժարվել համալսարաններում դասավանդելուց:


Հարգանքով,
Պետական բուհերի դասախոսներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031