Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը ստացիոնար բուժում է անցնում ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում: Գերությունից վերադառնալուց հետո նրա մոտ ախտորոշվել է «վուլգար փսորիազ» հիվանդությունը, որի սրացման պատճառով Արսեն Խոջոյանը Սևանից, որտեղ զբաղվում է անասնապահությամբ, տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից էլ ուղեգրվել եւ ՀՀ առողջապահության նախարարության փորձագետի ուղեկցությամբ տեղափոխվել է երևանյան մասնագիտացված հիվանդանոց:
Նա ենթարկվել է համալիր` բիոքիմիական, կլինիկական, ինչպես նաեւ բոլոր տեսակի վարակների հետ կապված բուժզննության: Խոջոյանին հետազոտած բժիշկ-մասնագետները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Արսեն Խոջոյանին նշանակվել է համապատասխան բուժում: Նրա առողջականվիճակը եւ բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:
ՀՀ առողջապահության նախարարություն