«Այսօրվանից օդի ջերմաստիճանը կսկսի նվազել եւ մինչեւ սեպտեմբերի 1-ը ջերմաստիճանը կնվազի 4-ից 5 աստիճանով»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Գ. Սուրենյանը նշեց, որ վաղվանից մայրաքաղաքում ջերմաստիճանը չի գերազանցի 34-35 աստիճանը, իսկ սեպտեմբերի երկուսին օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա, սակայն չի գերազանցի 36 աստիճանը, բայց սեպտեմբերի հինգից կսկսի նվազել.« Հատկապես լուրջ ջերմաստիճանի անկում է սպասվում Լոռիում, Սյունիքում եւ Տավուշում, որտեղ օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։ Շիրակում, Լոռիում, Տավուշում կլինեն տեղումներ»։
Շիրակում, Լոռիում, Կոտայքում, Արագածոտնի եւ Վայոց Ձորի լեռներում ամսվա առաջին տասնօրյակում ցերեկը ջերմաստիճանը կլինի 22-26 աստիճան, իսկ երկրորդ եւ երրորդ տասնօրյակներում գիշերը ջերմաստիճանը կարող է նվազել մինչեւ 2-5 աստիճանի։ Արարատյան դաշտում, Սյունիքի եւ Տավուշի հովիտներում եւ մայրաքաղաքում ամսվա առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 34-36 աստիճան, իսկ երկրորդ եւ երրորդ տասնօրյակներում գիշերը ջերմաստիճանը 10-12 աստիճանով կնվազի։
Ամփոփելով օգոստոս ամիսը՝ Գ. Սուրենյանը նշեց, որ օգոստոսին օդի ջերմաստիճանը եղել է նորմայից մոտ 2-3 աստիճանով բարձր, 15 օր օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում եւ մայրաքաղաքում տատանվել է 37-ից 39 աստիճանի սահմաններում։ Նրա խոսքով՝ սովորաբար օգոստոս ամսին օդի հարաբերական խոնավությունը լինում է ավելի ցածր,սակայն այս տարի հարավից եկող օդային հոսանքները իրենց հետ տեղափոխում էին մեծ խոնավության պաշարներ եւ դրա պատճառով էր, որ օդի խոնավությունը կրկնակի բարձր էր, ինչի արդյունքում շոգը ավելի դաժան թվաց.«Օդի առավելագույն ջերմաստիճանը այս տարվա օգոստոսին Մեղրիում հասավ մինչեւ 42-ի, իսկ Երեւանում` 39-ի»։
Կարդացեք նաև
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ