Հարցազրույց ճարտարապետ ԳՈՒՐԳԵՆ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ հետ
-Ձեր ճարտարապետական հոգեզավակներից մեկը` Մարզահամերգային համալիրը (ՄՀՀ), աճուրդի հանվեց, ապա հանձնվեց պաշտպանության նախարարությանը: Ըստ ձեզ, հիմա ի՞նչ վիճակում է գտնվում: Շենքը խաթարվե՞լ է, փոխե՞լ է իր գործառույթը:
-Մարզահամերգային համալիրը ամենալավ պահպանված շենքերից մեկն է ե՛ւ գործառութային առումով, ե՛ւ ֆիզիկապես: Այն նախկինում ԽՍՀՄ (ժամանակին արժանացել է պետական մրցանակի), իսկ մեր երկրի անկախացումից հետո հանրապետական նշանակության մշակութային հուշարձան է:
Բացի դրանից, համալիրը համարվել է սովետական մոդեռնիզմի գործ եւ ընդգրկված էր նաեւ այդ ցանկում: Ընդ որում, ԽՍՀՄ-ում այդ ոճի ընդամենը 100 աշխատանք կար, որից 10-ը` Հայաստանում: Այսինքն` նման համալիրներ ամեն 10, 50 տարին մեկ էլ չեն ստեղծվում: Եվ այն պետք է պահպանվի, որովհետեւ եթե չունենք այդ բազան, չենք կարող ունենալ այդ բազային համապատասխան մշակույթ:
Եթե չլինի մարզահամերգային համալիր` լավ, մեծ դահլիճով, ուրեմն բարձրակարգ, մեծ մասշտաբով համերգներ չեն կարող կազմակերպվել: Բացի դրանից, 1000 տեղանոց դահլիճի տոմսը կարժենա, ասենք, 50-100 հազար դրամ, իսկ մեծ դահլիճում դա կարժենա այնքան անգամ էժան, ինչքան դահլիճը ավելի մեծ կլինի: Իսկ ՄՀՀ-ի դահլիճը մեծ է:
Երկրորդ՝ Հայաստանում մարզական լուրջ միջոցառումներ չեն կարող անցկացվել, եւ մենք կզրկվենք ոչ միայն մշակույթից, այլեւ սպորտից: Եթե այս տարածաշրջանում մեծ դահլիճներ ունեցող համալիրներ լինեն միայն Վրաստանում եւ Ադրբեջանում, Հայաստանը դուրս կմղվի նաեւ փնջային, փուլային միջոցառումներից:
Պատահական չէ, որ երբ նախագիծը պատրաստում էինք, ամբողջ Ծիծեռնակաբերդը կոչվում էր սպորտի եւ հանգստի զբոսայգի: Այդտեղ ընդգրկված էին նաեւ «Հրազդան» մարզադաշտը` իր մարզահրապարակներով, եւ մարզահամերգային համալիրը: Պետք է այլ օբյեկտներ նույնպես կառուցվեին, բայց գործը կիսատ մնաց:
Ռուսլան Թաթոյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: