Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաճը կակտիվանա. բայց կմնա թիրախային սահմանից ներքեւ. «Հայոց աշխարհ»

Օգոստոս 30,2014 10:33

Տնտեսության թույլ աճի պայմաններում գնաճի մակարդակը այս տարի Հայաստանում բավականաչափ ցածր է։ 12-ամսյա հատվածում այն գտնվում է նախատեսված թիրախային ցուցանիշի անգամ նվազագույն սահմանից ներքեւ։ Պաշտոնական տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անցած ամիս գնաճը կազմեց ընդամենը 0,4 տոկոս, իսկ օգոստոսին՝ 0,8 տոկոս։ 
   Երկար ժամանակ Հայաստանում 12-ամսյա գնաճի նման ցածր մակարդակ չէր արձանագրվել։ Սա անշուշտ նպաստավոր է սոցիալական առումով, սակայն տնտեսության համար այնքան էլ ձեռնտու չէ։ Այն զսպում է տնտեսական գործընթացները։ Առավել եւս, որ թույլ զարգացումների պայմաններում ցածր գնաճը խոչընդոտում է տնտեսության ակտիվությանը։ 
   Հաշվի առնելով այս հանգամանքը՝ վերջին շրջանում Կենտրոնական բանկը սկսել է հաճախակի անդրադառնալ վերաֆինանսավորման տոկոսադրույքին։ Երկրորդ եռամսյակում այն իջեցվեց 0,5 տոկոսով։ Եվս 0,25 տոկոսով ԿԲ-ն փողը էժանացրեց օգոստոսի սկզբին։ Ներկայումս վերաֆինանսավորման տոկոսադրույքը Հայաստանում 6,75 տոկոս է։
   Կենտրոնական բանկը մտադիր է առաջիկայում եւս շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը։ 
   Այդ եւ այլ գործոնների հետեւանքով սպասվում է գնաճի որոշակի ակտիվացում։ ԿԲ կանխատեսումների համաձայն. «Կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը ձեւավորված համեմատաբար ցածր մակարդակից աստիճանաբար կաճի՝ տարեվերջին գտնվելով տատանումների թույլատրելի միջավայրի ստորին սահմանի շրջանում»։ Միայն հաջորդ տարվա առաջին եռամսյակի վերջին գնաճի մակարդակը կմոտենա նպատակային ցուցանիշին։ 
   Առաջիկայում գնաճի թեկուզ թույլ, բայց որոշակի ակտիվացման հիմքերը Կենտրոնական բանկը կապում է հիմնականում ներքին տնտեսական դաշտի հետ.
   -2014թ. երկրորդ կեսից պետական հատվածի աշխատավարձի աճի, ինչպես նաեւ օգոստոսից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման եւ չորրորդ եռամսյակից մի շարք ապրանքատեսակների դրոշմապիտակների ներմուծման պայմաններում գնաճը տարվա երկրորդ կիսամյակում որոշակիորեն կավելանա։ Այնուամենայնիվ տարեվերջին դեռեւս կպահպանվի ցածր մակարդակում՝ գտնվելով նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ։ 
   2014թ. երրորդ եռամսյակում ԿԲ-ն կշարունակի թուլացնել դրամավարկային պայմանները, որը զուգորդվելով մինչեւ օրս իրականացված դրամավարկային պայմանների մեղմման եւ տարվա կտրվածքով ծրագրված ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության հետ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպի վերականգնմանը։ Արդյունքում՝ տնտեսական ակտիվության տեմպերը առաջիկա ժամանակահատվածում որոշակիորեն կաշխուժանան, նպաստելով միջինժամկետ հատվածում գնաճի, իր նպատակային մակարդակի շուրջ կայունացմանը։ 

Վասակ Թարփոշյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհի» այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031