Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթը պետք է աշխատեցնել

Օգոստոս 30,2014 10:00

Վերջերս panorama.am-ում կարդացի հարցազրույց ֆինն ուղղափառ հոգեւորական Սերաֆիմ Սեպալայի հետ, որը, պարզվում է, 500 էջանոց գիրք է գրել՝ մեր մշակույթին նվիրված, եւ հիմա էլ նոր գիրք է պատրաստում՝ Հայոց ցեղասպանության մասին: Նա ասում է. «Հայաստանը Միջին Արեւելքի մշակույթների վերջին անկյունն է, որտեղ հին քրիստոնեական ավանդույթները դեռեւս պահպանվում են ողջ մշակույթի մեջ` օպերաներից մինչեւ սրբավայրերը»: Սեպալան, ինչպես եւ բազմաթիվ այլ օտարազգիներ, Հայաստանը համարում է իր հոգեւոր հայրենիքը:

Նման խոստավանությունները կարդալիս՝ ես հերթական անգամ համոզվում եմ, թե որքան մենք՝ հայաստանցիներս, չենք հասկանում, թե ինչպիսի երկրում է մեզ բախտ վիճակվել ապրել, դեռ որքա՜ն մենք պետք է կարդանք, ուսումնասիրենք եւ, ամենակարեւորը՝ գիտակցենք, որպեսզի փորձենք ինքներս մեզ հասկանալ: Կենցաղային մեր մանր «դարդուցավերը», պարբերական փնթփնթոցները մեզ շատ են խանգարում: Ինչպես ծովափին բնակվող մարդիկ բնության հրաշք չեն համարում ծովը եւ հոգու խորքում զարմանում են, թե ինչ են այդ ջրի մեջ գտել հազարավոր զբոսաշրջիկները, այնպես էլ մենք չենք գնահատում մեր օդը տոգորող հոգեւոր աուրան, որը ծովից ավելի թանկարժեք է եւ հազվագյուտ:

Խնդրի մի մասն, իհարկե, մեր եւ ավելի ավագ սերնդի խորհրդային դաստիարակության մեջ է: Ինձ համար ամեն ինչ փոխվեց՝ սկսած այն պահից, երբ 1990 թվականի ամռանը Տեր Գրիգորն ինձ մկրտեց Շահումյանի շրջանի Վերիշեն գյուղի վանքում: (Ի դեպ, գիտակցական մակարդակով մենք գիտենք, որ մեր հին վանքերը «պատահական տեղերում» չեն կառուցվել, բայց արդյո՞ք մենք դա անկեղծորեն զգում ենք): Հետագա 24 տարին անցան թեեւ կենցաղային դժվարություններով, բայց ավելի հետաքրքիր եւ հագեցած, քան դրան նախորդող 30-ը:

Երկրորդ խնդիրն այն է, որ թե՛ խորհրդային շրջնում եւ թե՛ հիմա գրականությունն ու պատմությունը մեր դպրոցներում, ինձ թվում է, սխալ են դասավանդել: «Սրանք եկան ասպատակեցին, նրանք եկան՝ ջարդեցին-փշրեցին, իսկ մեր խեղճ ժողովուրդն անընդհատ տառապում էր»: Այդ տառապյալի կերպարից ժամանակն է դուրս գալ եւ դպրոցական դասագրքերում պատասխանել մի հարցի՝ եթե դարեր շարունակ մենք միայն «ասպատակվում էինք», ապա ինչի՞ շնորհիվ է, որ մենք խոսում ենք այն լեզվով, որ գոյություն ունի հազարամյակներ եւ գրում ենք այն տառերով, որոնք ստեղծվել են 5-րդ դարի սկզբին:

Վերջապես մեր բացառիկ հոգեւոր հարստությունների լիովին «ըմբոշխմանը» խանգարում են, որքան էլ դա հակասական հնչի, այն «խելոքները», որոնք մեր մշակույթը, ավանդույթները պատկերացնում են որպես ինչ-որ մի պահածո, որն անհրաժեշտ է պաշտպանել «չարամիտ» Արեւմուտքից, ռուսներից, գլոբալացումից եւ այլն: Մշակույթը պետք չէ պաշտպանել, այն պետք է աշխատեցնել:

Հին չինական մի սափորի վրա գրված է. եթե զգացել ես փոփոխութունների քամին, կառուցիր ոչ թե վահան՝ այդ քամուց պաշտպանվելու համար, այլ՝ հողմաղաց:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Ruzan says:

    Հիանալի է, լիովին համամիտ եմ:

  2. Մարիամ says:

    Միանգամայն համաձայն եմ: Կենցաղային մեծ ու փոքր խնդիրները մեզ դարձրել են ավելի քան նյութապաշտ: ՛՛Հարևանի հարսը ավելի գեղեցիկ է՛՛ ասացվածքն առաջին հերթին վերաբերում է հայերիս, ցավոք…

  3. Արսեն says:

    Ձեր անձնական մկտրտության նկարագրությունը, մի քիչ, շատ նման էր Աստվածածաշնչյան ռեկլամային բուկլետի… էն հերթապահ հրաշքներից էր, թե ինչպես են՝ անդամալույծ ծնված և ամբողջ կյանքը չքայլած մարդիկ՝ հաշմանդամի սայլակով մոտենում «սորբ ջրի» աղբյուրին, խմում են,առանց օգնության վեր են կենում սայլկից և սկսում են վազել..)))..
    Մնացածի՝ միտքը ճիշտ ուղղության վրա էր, փաթեթավոորումը ռոմանտիկ-հեքիաթային…
    Նույն բանը փորձեք գրել պրակտիկ-ապրանքային փաթեթավորմամբ… Էդ տեսքով՝ պահնջարկը էլի մեծ չի լինի, բայց գնորդներ հաստատ կլինեն…

  4. Արփինե says:

    Այդ տառապյալի կերպարից ժամանակն է դուրս գալ եւ դպրոցական դասագրքերում պատասխանել մի հարցի՝ եթե դարեր շարունակ մենք միայն «ասպատակվում էինք», ապա ինչի՞ շնորհիվ է, որ մենք խոսում ենք այն լեզվով, որ գոյություն ունի հազարամյակներ եւ գրում ենք այն տառերով, որոնք ստեղծվել են 5-րդ դարի սկզբին:

    Հարգելի պարոն Աբրահամյան, որքան գիտեմ, Դուք ռուսական կրթություն ունեք: Եթե բոլորը Ձեզ պես օտարալեզու կրթություն ունենային, ապա հայ լեզուն, հայ ազգը, վաղուց վերացած կլինեին: Սրանով Ձեզ չեմ մեղադրում, եթե դատապարտում եք այդ երեւույթը: Իսկ դեռ խոսում ենք հայերեն ու գրում հայերեն շնորհիվ այն նվիրյալների, որոնք միշտ չէ, որ ասպարեզում երեում են, իսկ երեւալիս էլ հաճախ չեն ընկալվում եւ պախարակվում են: Մենք խոսում ենք հայերեն ու գրում հայերեն, ցավոք, հաճախ այլընտրանք չունենալով: Շատ ցավալի է, բայց մեզ ազգ պահող միակ արժեքը` հայերենը, մենք չենք գնահատում եւ հայերեն չենք մտածում:

    • Զավեն says:

      Ինչ կապ ունի թե ինչ կրթություն ես ստացել հանգամանքների բերումով,Շարլ Ազնավուրի հայերենը շատ ավելի թույլ է,բայց դա չի նշանակում,որ նա չի կարևորում Սահակ Պարթևի և Մեսրոփ Մաշտոցի գործը:

  5. david says:

    Չէ, սպասեք, դուք ուրիշների համար կառուցեք, այդ ուրիշները կկառուցեն ձեր հողմաղացը և Դոն Կիխոտների պես կպայքրեք:Մշակութային հողմաղացներ ցնորքային էջերում (գողափարի):Ասելս այն է, որ l would have men of such of such constancy put to sea, that their business might be everything and their intent everywhere;for that’s it that always makes a good voyage of nothing.

  6. Զավեն says:

    Ես մի փոքր այլ տպավորություն եմ ստացել մեզ դասավանդվող պատմությունից:Հայ զինվորը եղել ա ուժեղ,խրոխտ սակայն նահանգների միջև մյասնություն չլինելու պատճառով չի կարողացել դիմակայել մեծ արշավանքերին:Մասնատված լինելու պատճառն էլ այն է եղել,որ մեր բոլոր փոքր ինչ շատ հաջողակ թագավորներին խափել սպանել են,հրավիրել խնջույքի և սպանել:Առաջին հայացքից ինչպիսի ստորություն,սակայն մեղքը մերն է,որ ամեն անգամ խափվում ենք:Ինչի ոչ մեկի մտքով չէր անցնում հրավիրել հռոմեական կեսարին ու սպանել:Նույնը կատարվեց և հոկտեմբերի 27 ին:Իհարկե դա թեև հայի ձեռքով արված սպանություն է,բայց պատվերը իմ կարծիքով դրսից է եղել:

  7. Ճանաչիլ չես says:

    Շատ լավ մտքեր են։ Մշակութը պետք է կրել։ Էդ դեպքում կաշխատի։

  8. Գալուստ Ենոքյան says:

    Ես էլ եմ միանում վերեվում ասվածին ու գտնում եմ որ լավ մտքեր են… Կուզեի որ մենք նաեվ Եղեռնի 100 տարվա նախադեմին չմոռանանք այն ահռելի կորուստը որ մենք ունէցանք ոչ միայն սոսկ մարդկային կյանքերի իմաստով այլ այն չգրված երգերի, սիրային քառյակների, ձոների ու վեպերի…չկառուցված տների ու եկեղեցիների…մեր նոր Սիամանթոների, Վարուժանների ու Դուրյանների, եվ իհարկե մեր Կոմիտասների…հարկավոր է որ մենք նոր շունչ հաղորդենք եվ մեր Արեվմտահայ լեզվին, արեվմտահայ ազգագրական երգերին ու մեր այն ողջ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ որ Տաճիկի յաթաղանի զոհը դարձավ, թերեվս շատերս լավ չենք պատկերացնում ինչ ահռելի կորուստ ենք ունեցել…հավատացած եմ որ դեռ Հայի Հոգին…Սասնա ու Վանի, Խարբերդի ու Տիգրանակերտի … անմարդաբնակ նախկին բնակավայրերի ավերակների վրա դեռ շարունակում է տիեզերքի անհունին ուղղել իրենց …Դլե Յամանը…Համոզված եմ որ մի օր տիեզերքի անհունից Վերին Հրամանով պիտի պատժվի Սատանան, եվ մեր ավերակները պիտի շունչ առնեն… մեր պատանիները նորից սիրո երգեր պիտի հյուսեն…տեսեք հրեաները իրենց չեղած հողին արժանացան…այնպես որ պիտի աշխատեցնենք մեր «հողմաղացները» եվ շունչ տանք նաեվ մեր եղերական կորած Մշակույթին…

  9. Լավատես says:

    Իսկապես, շատ հաճելի էր կարդալ եւ հոդվածը եւ մեկնաբանությունները: Մեր ռազմավարական ուժն ու հարստությունը՝ մեր հայ հանճարներն են, նրանք շատ համեստ են ու չեն երեւում, նրանց պետք է գտնել, պաշտպանել միջակությունից եւ հույսներս դնենք նրանց վրա: Հանճարները եւ գյուղում են, եւ քաղաքում, եւ ներսում են, եւ դրսում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031