Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը նման է շատ ծանր, վարակիչ հիվանդություն ունեցող մամոնտի»

Օգոստոս 30,2014 16:00

Պուտինյան Ռուսաստանի մասին այս կարծիքն ունի
հասարակական գործիչ Լեւոն Բարսեղյանը

Երեկ աշխարհում կատարվող իրադարձություններից ամենակարեւորը, թերեւս, Ուկրաինայում զարգացող դեպքերն էին: Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն պաշտոնապես դիմեց ՄԱԿ-ին անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու՝ պնդելով, որ ռուսական զորքերը ներխուժել են Ուկրաինա: Ավելին՝ Ուկրաինան դիմեց նաեւ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին՝ ռազմական օգնության խնդրանքով: Պատերազմի հավանականությունը կտրուկ մեծացել է:

Այս թեմայով «Առավոտը» զրուցեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ՀԿ-ի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի հետ:

– Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում: Արդյո՞ք ռուսական զավթողական քաղաքականությունը կանգնեցնելու համար ավելի լուրջ եւ խիստ միջոցներ կձեռնարկի՞ Եվրոպան, աշխարհը:

– Կարծում եմ, որ առայժմ ԵՄ-ն, Արեւմուտքը ռազմական որեւէ միջամտության չի դիմի, ամենայն հավանականությամբ ավելի կխստացնեն տնտեսական եւ քաղաքական պատժամիջոցները: Իսկ զենք – զինամթերքով ու ռազմական խորհրդատուներով կօգնեն Ուկրաինային:

– Ռուսական ԶԼՄ-ները պնդում են, որ Ուկրաինայում հասունանում է երրորդ Մայդանը՝ դժգոհությունը ներկայիս իշխանություններից հասել է ծայրահեղ աստիճանի: Բացի այդ՝ կանխատեսում են Ուկրիանայի տնտեսական կոլապսը: Ըստ ձեզ՝ համապատասխանո՞ւմ են իրականությանը այդ սեւ կանխատեսումները, եւ ի՞նչ ելք ունի Ուկրաինան՝ ռուսական ճնշումներից ազատվելու համար:

– Չեմ կարծում, թե կարելի է «իմպերատորի» լծի տակ չարչարվող ԶԼՄ-ների մեկնաբանությունները լուրջ ընդունել: Ուկրաինայում, ինչքանով ինձ է հաջողվում դատել զանազան ԶԼՄ-ների հետեւելով, որեւէ նման բան չի հասունանում: Տնտեսական վնասներ Ուկրաինան, իհարկե, կրում է, Ռուսաստանի այդօրինակ քարոզը ջանում է հիստերիա եւ խուճապ առաջացնել Ուկրաինայում, բայց անհաջող եւ անպտուղ բան է արածները. բոլոր այն տարածքները, ուր պարարտ հող ունեին՝ հասցրել են արդեն ասպատակել` Ղրիմ՝ բնակչության կեսից ավելին ռուսներ, Լուգանսկ եւ Դոնեցկ՝ մինչեւ 40 տոկոս եւ վերջ: Ռուսական ռազմական պարբերական ինտերվենցիան եւ սնուցումները հենց այն բանի ապացույցն են, որ Կրեմլի ակնկալիքները` Ուկրաինայում համաժողովրդական ընդվզում կամ Մայդան-2 հրահրելու նպատակով ձախողվում են ու արդարացված չեն, մնում է ռուսաստանցի զինվորականների ուժերով, ռուսաստանցիների փողերով զավթողական պատերազմ վարել հարեւանի դեմ: Առայժմ պատերազմի բացահայտ հայտարարություններ անել Կրեմլը խուսափում է, բայց Պուտինից արդեն ամեն ինչ սպասելի է: Մի քանի օր առաջ սկսեցին խոսել միջուկային զենքի օգտագործման մասին:

-Ըստ էության, Ռուսաստանը անթաքույց պատերազմ է ձեռնարկել՝ հարեւանի դեմ, մի՞թե այս դեպքերի համար աշխարհը չունի որեւէ զսպիչ, կանխարգելիչ մեթոդ: Ի՞նչ է սպասվում: Որքանո՞վ եք հավանական համարում ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի խառնվելը ռազմական գործողություններին եւ պարբերաբար կանխատեսվող երրորդ համաշխարհայինի սկիզբը:

– Որոշ մեկնաբանություններով` երրորդ համաշխարհայինը սկսվել է Բեռլինի պատով, այլ մեկնաբանություններով` երկրորդ չի էլ եղել եւ սա դեռ առաջինի շարունակությունն է: Ուշ ձմռանը ես ենթադրություն հայտնեցի, թե Ռուսաստան-Ուկրաինա բացահայտ պատերազմ չի լինի, հիմա էլ դեռ մնում եմ այդ կարծիքին, մտածելով, որ Կրեմլի կողմից խաղաքարտերի բացելը ազատում է Արեւմուտքին եւ ՆԱՏՕ-ին դիվանագիտական քաղաքավարությունից եւ հնարավոր է` իրադրության սրացում մեկ-երկու կարգով: Սա լավ հասկանում է Կրեմլը, եւ առայժմ ինչ-ինչ հանգամանքների բերումով չի համարձակվում բաց ճակատով կռվի մեջ մտնել: Գուցե մտածում է, որ առանց դրա էլ կկարողանա անդառնալի վնասներ տալ իր նախկին դաշնակցին, պոկել մի կտոր էլ` Ղրիմի պես, գազով ու նավթով շանտաժելով ամենքին դրսում, իսկ ներսում հալածանքներով ու բռնություններով շարունակել իրեն երեւակայել աշխարհի մեծերից մեկը: Արեւմուտքն, իհարկե, լավ հասկանում է իրադրության բարդությունը, սակայն մի կողմից միլիարդավոր եվրո-դոլարների ներդրումներ ունի Ռուսաստանում, մյուս կողմից, կարծում եմ, նկատում են, որ սեփական եսը կշտացնելու եւ Ռուսական կայսրության կյանքը էլի մի քանի տարով երկարաձգելու համար ինչերի է ընդունակ Պուտինը, երեւի ջանում են մեկուսացնել ու սպասել մինչեւ ներսում ավելի հեռատեսները կչեզոքացնեն նրան, կամ` կայսրությունը կճաքի ներսից: Աշխարհը էս տեսակ պատուհասների դեմ երբեք էլ գործիք չի ունեցել, հիշեք համանման նախորդներին: Պուտինի «քաջագործությունների» եւ եսակենտրոնության պատճառով Ռուսաստանը սկսվում է նմանվել շատ ծանր եւ վարակիչ հիվանդությամբ տառապող մամոնտի, ոչ ոք չի կամենում հետը գործ ունենալ, պարիսպ են քաշում բոլորը, թողնում են ներսում ինքն իրեն յոլա գնա, կամ կբուժվի, կամ` կմահանա, պարիսպը բացելը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Իսկ բուժել ու օգնել հազար անգամ փորձել են անցած 20 տարում, Կրեմլը իմունիտետ ունի առողջացման դեմ:

Զրուցեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
29.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Hakob says:

    Լևոն Բարսեղյան…..
    լայ-լայ լայ լայ…
    Լևոն Բարսեղյան…..
    լայ-լայ լայ լայ…
    😀 😀

  2. david says:

    ՄԽ ֆորմատ փոխելը կատակ չէ:

  3. ՀՀ քաղաքացի says:

    Ցավալի է բայց հենց էդ շատ ծանր եւ վարակիչ հիվանդությամբ տառապող մամոնտի հետ ենք մենք կապում մեր առողջացման հույսը……………..

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031