Նախօրեին «Առավոտի» խմբագրություն էր եկել Աշտարակի բնակիչ 77-ամյա Լեւոն Հովհաննիսյանը, իր հետ բերելով՝ ինչպես ինքն ասաց, «պատմական մի փաստաթուղթ», որը մինչ օրս ոչ մի տեղ չի հրապարկվել, որի մասին երբեւէ չի բարձրաձայնել: 23 տարի այդ թուղթը պահելուց հետո Մոսկվայի Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական ակադեմիայի կազմակերպիչների ֆակուլտետն ավարտած Լեւոն Հովհաննիսյանը որոշել է այն հրապարակել՝ համոզված լինելով, որ հայ-ռուսական հարաբերություններում այդ փաստն, անպայման, պետք կգա եւ, գուցե, ինչ-որ տեղ, հայերիս համար հպարտանալու առիթ լինի:
Փաստաթուղթը Ռուսաստանի գանձապետարանի կնիքով էր, բովանդակությունը՝ հետեւյալը. «Ղարաբաղի հայ ժողովուրդը, 700 ռուբլի է հանգանակել զոհված դեմոկրատ-ցուցարարների համար հուշարձան կառուցելու նպատակով»:
Լեւոն Հովհաննիսյանի խոսքերով՝ Ռուսաստանի գանձապետարանի այս փաստաթուղթը կազմվել է 1991 թվականին, երբ այդ տարվա օգոստոս ամսին կոմունիստները, չհաշտվելով իշխանությունը կորցնելու հետ, որոշել էին ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինին գահընկեց անելով, կրկին ստանձնել իշխանության ղեկը:
«1991 թվականի օգոստոսի 17-ին Մոսկվա էի գնացել՝ ընկերներիս տեսության եւ տան համար կենցաղային իրեր գնելու: Գրպանումս 3 հազար դոլար ունեի: Հաջորդ օրը առավոտյան՝ օգոստոսի 18-ին, հյուրանոցում իրարանցում էր, բոլորն անկյուններում ինչ-որ բան էին քննարկում, տեղեկություններ եկան, որ կոմունիստները պատրաստվում են հեղափոխություն անել ու Ելցինին հեռացնել իշխանությունից: Ռուսաստանի կառավարության տան մոտ դեմոկրատները բարիկադներ էին կառուցել, որպեսզի կոմունիստների տանկերի դեմն առնեն»,-մեզ հետ զրույցում պատմում է Լեւոն Հայրապետյանը: Ըստ նրա, այդ օրերին ադրբեջանական օդուժն անխնա ռմբակոծում էր Լեռնային Ղարաբաղը՝ Ստեփանակերտը, ինչի հետեւանքով մարդիկ ապրում էին նկուղներում. «Երբ լսեցի կոմունիստների մտադրության մասին, մտածեցի, որ նրանց վերադարձը կնշանակի Ղարաբաղի վերջը: Այդ պահին մեջս մի լեգենդ ծագեց, որն ամեն գնով պետք է իրագործեի: Որոշեցի մոտիս եղած գումարն օգտագործել ի շահ Ղարաբաղի բնակիչների: Հյուրանոցի աշխատակիցներին մի-մի կոնյակ հյուրասիրեցի եւ խնդրեցի ինձ օգնել բուֆետներից սնունդ եւ ծխախոտ գնել, որոնք արկղերով տանում էի ու բաժանում բարիկադներ կազմած դեմոկրատներին՝ հետն էլ ասելով, որ՝ ղարաբաղցիներն են ձեզ համար գումար հավաքել, որպեսզի ձեզ համար սնունդ գնենք: Ասում էի, որ ղարաբաղցիները քրիստոնյա ժողովուրդ են, որ դեմոկրատները պետք է ամեն գնով Ելցինին պահեն, որ նա տեր կանգնի հայերին, թե չէ ադրբեջանցիները բոլորին կկոտորեն, քանի որ նրանք նույն թուրքերն են: Իսկ այդ հրապարակում հավաքված էր կես միլիոն մարդ: Եվ ես անընդհատ քարոզում էի, որ ղարաբաղցիները քրիստոնյա հայեր են եւ, իրենց ծանր վիճակի մեջ լինելով անգամ, մի-մի ռուբլի հավաքել են, որ ռուս ժողովրդին օգնեն, իսկ եթե կոմունիստները գան, բոլոր ղարաբաղցիներին կկոտորեն»:
Որպեսզի, Ղարաբաղի ժողովրդի օգնությունը ռուս ժողովրդին նաեւ ինչ-որ փաստաթղթով ամրագրվի, Լեւոն Հովհաննիսյանը որոշում է ամեն գնով հայտնվել Ռուսաստանի «Սպիտակ տանը», որն այդ օրերին, ուժեղացված ռեժիմով հսկվում էր:
«Մոսկվայի իմ կապերն օգտագործելով, Ռուսաստանի մշակույթի նախարարի օգնականին՝ Աննա Եգորովային խնդրեցի մի բան անել, որ ընկնեմ «Սպիտակ տուն»: Նա ինձ ասաց, որ դեմոկրատների մեջ Մեծ թատրոնի տնօրենի որդին է՝ հեռուստալրագրող Վլադիմիր Կիրիլովիչ Մալչանովը, որի հայրն իմ ընկերն էր: Աննան խորհուրդ տվեց Վոլոդյային գտնել: Բոլոր կողմերից ավտոմատավոր զինվորներ էին շարված եւ որեւէ մեկին չէին թողնում շենքին մոտենալ: Տեսնելով, որ Վոլոդյան վազելով անցնում է՝ մի այնպիսի ձայնով գոռացի, որ Վոլոդյան ցնցվեց, ասացի, որ ինքն ինձ պետք է օգնի, որ ես իր հոր ընկերն եմ: Նրան պատմեցի, որ Ղարաբաղի ժողովուրդը փող է հավաքել եւ ուղարկել դեմոկրատներին, եւ որպեսզի ես կարողանամ իմ այս գործուղման համար հաշվետվություն տալ, պետք է ելույթ ունենամ ամբիոնից եւ գումար մուծեմ գանձապետարան՝ գումարը տեղ հասցնելու մասին հավաստող փաստաթուղթ ունենալու համար: Վոլոդյան ինձ ասաց, որ երեկոյան «Վեստի» հաղորդաշարից գալու են նկարահանման եւ ես ինչ-որ ուզում եմ կարող եմ ասել: Սակայն մինչեւ ուշ երեկո սպասեցի՝ չեկան: Վոլոդյան զինվորներին զգուշացրեց, որ հաջորդ օրը, երբ գամ՝ ինձ ներս թողնեն, որպեսզի կարողանամ գանձապետարանում գումարը վճարել: Ինձ մոտ 700 ռուբլի էի պահել, որ ղարաբաղցիների անունից դրամարկղ մուծեմ, եւ դա ինչ-որ տեղ երեւա: Հաջորդ օրը վերադարձա: Վոլոդյան ինձ ուղեկցեց եւ ես, հանկարծակի, հայտնվեցի միլիոնանոց ժողովրդի հարթակի մոտ: Ինքս ինձ ասացի՝ լեննականցի, խելքդ գլուխդ հավաքիր, հո խայտառակ չե՞ս լինելու, ու սկսեցի ելույթ ունենալ»:
Լեւոն Հովհաննիսյանի պատմելով, ամբիոնից կրկին պատմել է Ղարաբաղի ժողովրդի ուղարկած օգնության մասին. «Ասացի, որ Ղարաբաղի ժողովուրդն այս օրերին ապրում է կիսասոված վիճակում, կանայք ծննդաբերում են նկուղներում, երեխաները մահանում են, ծնվածները չեն ապրում: Պատմեցի, որ ադրբեջանական օդուժը ռմբակոծում է Ղարաբաղը, եւ, չնայած նրանք էլ ձեզ պես ապստամբ ժողովուրդ են, բայց չունեն բանակ, պաշտպանություն, եւ նրանց ամբոջ հույսը ձեր վրա է, եթե թողնենք, որ կոմունիստները գան իշխանության, ապա նրանց բոլորին կկոտորեն: Հարթակի վրա երբ ինձ տեսան Ելցինի պաշտպանները, որոնց մի քանի օր կերակրել էի, սկսեցին բղավել՝ Ղարաբաղ-Ղարաբաղ, մենք Ղարաբաղի կողմն ենք: Հետո գնացի Ռուսաստանի գանձապետարան եւ վճարեցի այդ 700 ռուբլին, որը գնաց տանկերի տակ ընկած եւ զոհված երեք ցուցարարների համար հուշարձան կառուցելու ֆոնդին: Ես այդ պահին աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկն էի»:
Հայաստան վերադառնալուց հետո Լ. Հովհաննիսյանը մերժել է բոլոր առաջարկներն այդ մասին խոսելու, պատմությունը ներկայացնելու: Նրա խոսքերով. «Որեւէ հայրենանվեր գործ կատարելիս պետք է անել անշահախնդիր ու ոչինչ չակնկալել դրա դիմաց: Հիմա, ոչ ոք չի կասկածի, որ ես 77 տարեկան հասակում ձգտում եմ ինչ-որ պաշտոն ունենալ, բայց չէ՞ որ սա կարեւոր բան է, մարդիկ պետք է իմանան այս մասին, սա պատմական եւ քաղաքական արժեք ունեցող թուղթ է»:
Լեւոն Հովհաննիսյանը Մոսկվայում 1971 թվականին ակադեմիան ավարտելուց հետո 16 տարի բնակվել է այնտեղ, ապա Մոսկվայի բնակարանը փոխանակելով Երեւանում բնակարանի հետ՝ տեղափոխվել հայրենիք: Մի քանի տարի աշխատել է Չարենցավանի «Բջնի» հանքային ջերերի գործարանում տնօրենի տեղակալի պաշտոնում: Ներկայումս Լեւոն Հովհաննիսյանն ապրում է Աշտարակում:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.08.2014