Արման Թադեւոսյանին մեղադրանք էր առաջադրվել:
Նա մեղադրվում էր այն բանում, որ, զինվորական ծառայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասում եւ զբաղեցնելով զորամասի բուժծառայության պետի պաշտոնը, լինելով կոչումով կապիտան, հանդիսանալով պետ եւ պաշտոնատար անձ, 11.01.2014թ. ժամը 15: 00-ի սահմաններում, բուժկետի պահեստանոցում, նույն զորամասի սպաներ, մայոր Իշխան Իսկանդարի Կիրակոսյանի, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանի եւ ժամկետային պարտադիր զինծառայող, բուժակ, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանի հետ միասին, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու՝ նույն զորամասի ուսումնական գումարտակի ժամկետային պարտադիր զինծառայող, բուժկետում ստացիոնար բուժման մեջ գտնվող, շարքային Մհեր Արմենի Խլղաթյանին զորամասի հրամանատարին ներկայացնելու համար՝ զինվորական համազգեստ չհագնելու կապակցությամբ, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Մ.Խլղաթյանի հասցեին, ապա բռնություն է գործադրել ստորադաս հանդիսացող Մ.Խլղաթյանի նկատմամբ՝ ձեռքերով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ հասցնելով ծեծի է ենթարկել նրան, ինչի հետեւանքով վերջինիս առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով:
2014թ. օգոստոսի 21-ին ՀՀ ՊՆ հինգերորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա.Գեւորգյանը որոշում է կայացրել՝ առաջադրված մեղադրանքի մասը վերացնելու, մեղադրանքը փոփոխելու եւ նոր մեղադրանք առաջադրելու մասին: Ա.Թադեւոսյանին առաջադրվել էր նոր մեղադրանք, որը, ըստ պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի, ենթակա է կարճման:
Ինչպես Արման Թադեւոսյանը, այնպես էլ մյուս մեղադրյալները իրենց ցուցմունքներով հերքել են իրենց կողմից Մհեր Խլղաթյանին ծեծի ենթարկելու փաստը:
Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի տեղեկացմամբ, ՀՀ ՊՆ N զորամասի բուժկետում գտնվող մյուս զինծառայողներից որեւէ մեկը ուղղակի ցուցմունք չի տվել Մ.Խլղաթյանին ծեծի ենթարկելու փաստի մասին: Ենթադրյալ դեպքի օրը՝ Մ.Խլղաթյանին զորամասի հրամանատարի մոտ տանելու ժամանակ, գտնվել են նաեւ մեկ այլ զինվորի՝ Նարեկ Իգնաթեւոսյանի (Մ.Խլղաթյանի հետ տարվել էր զորամասի հրամանատարի մոտ) ծնողները, որոնք հարցաքննությամբ նույնպես կհաստատեն, որ Մ.Խլղաթյանը ծեծի չի ենթարկվել:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է Մ.Խլղաթյանի ցուցմունքներին, ապա համաձայն 2014թ. օգոստոսի 2-ի թիվ 14-0506 դատահոգեբանական, դատահոգեբուժական եւ դատաբժշկական համալիր փորձաքննության եզրակացությունից բխած հետեւությունների՝ Մ.Խլղաթյանը ներկա պահին զրկված է քրեական գործի համար կարեւոր նշանակություն ունեցող հանգամանքները ճիշտ ընկալելու, վերարտադրելու եւ ճշմարիտ ցուցմունքներ տալու հնարավորությունից:
Պաշտպանական կողմը հղում է անում հանձնաժողովի դատաբժշկական փորձաքննության 30.07.2014թ. թիվ 14-0346 եզրակացությանը, համաձայն որի, փորձագետները չեն բացառել, որ նա վնասվածք է ստացել վայր ընկնելու արդյունքում գլխի ձախ ճակատա-ակնակապիճային շրջանով զուգարանի «ազբոշիֆրե» պատին հարվածելու հետեւանքով, իսկ մյուս վնասվածքները նաեւ հասակով վայր ընկնելու հետեւանքով:
Պաշտպանը միջնորդություն է ուղարկել նախաքննություն իրականացնող մարմնին, որ առկա չէ ապացույցների բավարար համակցություն եւ հաստատված չէ, որ Ա.Թադեւոսյանը որոշման մեջ նշված անձանց հետ բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Մ.Խլղաթյանի նկատմամբ:
ՀՀ քրեական դատավարության օրեսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման` կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.08.2014