Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքում ամենալայքվածների թվում ԱՄՆ դեսպանատան էջն է

Օգոստոս 30,2014 14:00

Կամ սառցադույլային մարտահրավերներից
մինչեւ Ուկրաինայի քաղաքական իրավիճակ

ՄԻ շարք երկրների հայաստանյան դեսպանություններ Ֆեյսբուքյան էջեր ունեն: «Առավոտը» փորձեց պարզել, թե ինչ բովանդակություն ունեն դրանք եւ որ դեսպանատան էջն է ամենաակտիվը:

Ամերիկյան դեսպանատան ֆեյսբուքյան էջն ունի ունի 41393 like, այն ամենաակտիվներից է եւ թարմացվում է օրական մի քանի անգամ` ժամերով: Այս դեսպանատան ֆեյսբուքյան էջը բազմակողմանի տեղեկատվություն ստանալու հիանալի միջոց է եւ յուրօրինակ այցեքարտ: «Հերոսները տարբեր են լինում: Երեխաների հետ տարվող աշխատանքից մինչեւ հիվանդների խնամք եւ օգնություն իրենց համայնքին, հայերը միշտ էլ փորձում են օգնել իրենց երկրի հաջողությանը: Գուցե այս անգամ աշխարհը կնկատի՞ այն: Հետեւյալ հայերի թեկնածությունն առաջադրվել է CNN-ի հերոս մրցանակաբաշխությանը. Անահիտ Մխոյան, Կարեն Կոլոյան, քույր Արուսյակ Սաջոնյան, Լարա Ահարոնյան, Մարիամ Մարտիրոսյան, Սուսաննա Թադեւոսյան եւ Լաուրա Մովսիսյան»,- տեղեկանում ենք էջից:
Բացի տարբեր ոլորտներին վերաբերող տեղեկատվությունից ու ԱՄն տեսարժան վայրերի ներկայացումից, ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում կարդում ենք վերջին օրերում Հայաստանում եւս տարածում գտած սառցադույլային մարտահրավերի մասին. «Ի՞նչ եք կարծում, սոցիալական հաղորդակցության միջոցների ակտիվությունը կարո՞ղ է որեւէ փոփոխություն բերել: Ինչո՞ւ այո կամ ինչո՞ւ ոչ: Համացանցը հեղեղված է icebucketchallenge–ին (բառացի՝ սառցադույլային մարտահրավեր) նվիրված հաղորդագրություններով: Մասնակիցներից պահանջվում է սառցաջրով լի դույլը դատարկել իրենց գլխի վրա կամ էլ գումար նվիրաբերել՝ բարձրացնելու մարդկանց իրազեկվածությունը ուղեղի նյարդադեգեներատիվ հիվանդության մասին: Սոցիալական ցանցերն արդեն իսկ անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի 1,9 մլրդ դոլարի համեմատ օգնել են հավաքել 22,9 մլրդ դոլար գումար»:

ukain

ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքյան էջի միջոցով կարելի է նաեւ անգլերեն սովորել, մանավանդ այնտեղ լավ խորհուրդ կա՝ մի սպասեք, որ ձեր ինքնաթիռը վայրէջք կատարի ԱՄՆ-ում, որ նոր որոշեք անգլերեն սովորել:

Հայաստանում Լեհաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը եւս ակտիվ է, այն ունի 1010 like: Այստեղ ամենավերջին տեղեկատվությունը՝ մեր հոդվածը գրելու պահին վերաբերվում է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում ստեղծված նոր բաժնին, որը նվիրված է թվային դիվանագիտությանը: Դեսպանատան ֆեյսբուքյան էջում նաեւ կարդում ենք, որ Երեւանում Լեհաստանի դեսպանության նախաձեռնությամբ ստեղծվել է lehastan.am կայքէջը, որտեղ կարելի է գտնել ոչ միայն տեղեկատվություն լեհական համայնքի գործունեության, մշակութային միջոցառումների, ուսումնական ծրագրերի առաջարկների մասին, այլեւ բազմաթիվ հետաքրքրական նորություններ այն լեհերի մասին, ովքեր որեւէ կերպ առնչվել են Հայաստան երկրի, պետության եւ մշակույթի հետ: «Լեհական հետքերը» խորագիրը կրող նյութերի շարքն, օրինակ, պատմում է Ստեփանավանի Գյուլագարակ գյուղից ոչ հեռու հանրահայտ դենդրոպարկի հիմանդիր Էդմոնդ Լեոնովիչի, արմատներով լեհ արվեստագետ Գուրգեն Գադաչիկի եւ Հովհաննես Պողոս Երկրորդ պապի մասին:

Հայաստանում Շվեդիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջին հավանություն է տվել 560 օգտագեր: Այստեղ նույնպես նյութերը միայն անգլերեն են: Այս էջը լեցուն է տպավորիչ նյութերով եւ լուսանկարներով: Դրանք վերաբերում են երկրի անկախության օրվան, երեխաների գրքի օրվան, քաղաքական հանդիպումներին եւ այլն:

Հայաստանում Բրազիլիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջն ունի 36 հավանություն: Այն Ֆեյսբուքին միացել է անցյալ տարվա սեպտեմբերին եւ առանձնապես ակտիվ չէ: Վերջին թարմացումը կատարվել է այս տարվա հուլիսին, տեղեկատվությունն էլ վերաբերում է ֆուտբոլին, իսկ նախորդ լուրը՝ Բրազիլական երաժշտության համերգին:

Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան ֆեյսբուքյան էջն ընդամենը 88 like ունի: Այն չափազանց ակտիվ է եւ թարմացվում է անընդհատ: Վերջին տեղեկատվությունները վերաբերում են Ուկրաինայի Ռադայի արտահերթ ընտրություններին, երկրի իրավիճակին . Ֆրենսիս Ֆուկույամայի հարցազրույցին, որտեղ գիտնականը կանխատեսումներ է արել Պուտինի իշխանության հետ կապված, ու հայտարարել, թե Պուտինն անում է այն, ինչ ժամանակին արել է Հիտլերը:

Հայաստանում Ֆրանսիական դեսպանատան ֆեյսբուքյան էջը ֆրանսալեզու է, այն շատ հագեցած է նյութերով եւ լուսանկարներով, ունի 5443 like:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջը եւս հետաքրքիր է: Այն ունի 5280 like, թարմացվում է ժամ առ ժամ, հայերեն եւ անգլերեն նյութերը վերաբերվում են բոլոր ոլորտներին՝ սկսած ժամանցայինից ու մշակութայինից՝ ավարտած քաղաքականով:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Ուկրաինական եւ Ամերկյան դեսպանատների ֆեյբուքյան

«Առավոտ» օրաթերթ
29.08.2014
էջերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031