Ցանկացած մշակութային օջախի, այս դեպքում՝ թատրոնի համար, հյուրախաղերը կենսական նշանակություն ունեն: Հայաստանյան պետական թատրոնների մեծ մասի դեպքում այդ բաղադրիչը գրեթե իսպառ բացակայում է: Այդ «գրեթեն» վերաբերում է մայրաքաղաքային թատրոններին, որոնք կարողանում են երբեմն դուրս գալ, իսկ «իսպառը» վերաբերում է մարզայիններին, որոնք Հայաստանի անկախությունից հետո երբեք չեն մեկնել հյուրախաղերի: Բացառություն են կազմում Գյումրիի Վ. Աճեմյանի եւ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնները: Գյումրեցիները հանդես են եկել Սիրիայում եւ Իրանում, վանաձորցիներն էլ՝ Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում եւ Վրաստանում:
«Առավոտի» հետ զրույցում Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը (լուսանկարում) դեռեւս 2013թ. թատրոնի երեւանյան հյուրախաղերի ժամանակ ասել էր, որ 2014-ը հավանաբար հյուրախաղերով առատ կլինի: Օրերս պարոն Չախմախչյանը մեզ հայտնեց, որ հոկտեմբերի 5-10-ը թատրոնը հանդես կգա Վրաստանում: «Քանի որ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը վթարային է, մենք կխաղանք Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում, կներկայացնենք թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի բեմադրությամբ Արմեն Բայանդուրյանի «Աշնանային իրիկնամուտ» ներկայացումը:
Գալիք թատերաշրջանը (սեպտեմբերի 5-ին) կբացենք հենց այդ պիեսով: Վրաստանում ծրագրված է նաեւ հանդիպում վրաց թատերական գործիչների հետ, այցելություն Թբիլիսիի Խոջիվանքի` հայ մշակույթի գործիչների պանթեոն, վիրահայոց թեմի «Վերնատուն» կենտրոն եւ Ադամյանի անվան թատրոն»,- մանրամասնեց տնօրենը: Հավելեց, որ գալիք թատերաշրջանում ծրագրված է գրիբոյեդովցիների «պատասխան» այցելությունը: Դիտարկմանը, թե Վահե Շահվերդյանի՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար եղած ընթացքում է 83-ամյա թատրոնը հյուրախաղերի մեկնել 16 երկիր, ավելին՝ խոսակցություններ կան, թե ԱՄՆ էլ են մեկնելու, պարոն Չախմախչյանն հաստատեց՝ ասելով. որ կա նման բան: Դա կախված է այս պահին ընթացող բանակցություններից:
Հովիկ Չախմախչյանը հավելեց, որ ներկայումս թատրոնի խաղացանկում կա 20 ներկայացում, որից 5-ը՝ մանկական, գերակշռում են հայ դասականները: Առաջիկայում կայանալիք պրեմիերաներից էլ շեշտեց Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված ներկայացումը՝ ըստ Կարինե Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողությունից» պիեսի:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.08.2014
Լավ թատրոն եք խաղում: Վանաձորի թատրոնը օտար երկրներ գնացել է մինչև 1996 թվականը, իսկ դրանից հետո Ալավերդուց այն կողմ չեն գնում: Իսկ թատրոնը չունի գլխավոր նկարիչ, դիրեկտորը նախընտրում է բեմանկարչության հետ կապ չունեցող մասնագետներ, բա: