Լրահոս
Օրվա լրահոսը

Նանկինի ու Սինգապուրի արդյունքները համեմատության ոչ մի եզր չունեն

Օգոստոս 30,2014 13:00

Վաղը Հայաստանի մարզական պատվիրակությունն ամբողջ կազմով վերադառնում է Չինաստանում անցկացված 2-րդ ամառային պատանեկան օլիմպիական խաղերից:

Նանկինում մեր պատանի մարզիկները նվաճած մեդալներով թե՛ որակապես եւ թե՛ քանակապես շոշափելիորեն գերազանցեցին չորս տարի առաջ Սինգապուրում առաջին անգամ անցկացված պատանեկան օլիմպիական խաղերում գրանցված արդյունքները:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Հայաստանի ազգային օլիմպաիան կոմիտեն պատրաստվում են պատշաճ մակարդակով դիմավորել մեր բոլոր պատանի օլիմպիականներին, անկախ նրանից, թե ով է մեդալ նվաճել եւ ով՝ ոչ: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Մասնակիցների անձնական արդյունքներն այս դեպքում այնքան էլ էական չեն: Հայաստանը մրցավայր գործուղել էր մեկ ընդհանուր թիմ, որը, ինչպես բոլորը տեսան մրցումների պաշտոնական կայքով հեռարձակվող ուղիղ երթերով, Նանկինում իրեն դրսեւորեց որպես մի կուռ ու ամբողջական ընտանիք, որի բոլոր անդամները, սկսած պատվիրակության ղեկավարությունից, մինչեւ համեմատաբար անհաջող հանդես եկած մարզիկը, մշտապես կանգնած էին միմյանց թիկունքին, բոլոր մրցումների ժամանակ մեկ մարդու պես ոգեւորում էին միմյանց: Դա մի առողջ, միասնական ու ամուր թիմ էր, ինչը հարկավոր է տեսնել ու գնահատել: Մենք գնահատում ենք հենց այդ թիմային ոգին»:
Հետաքրքիր է 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերի վիճակագրությունը: Նանկինում հանդես եկած 200-ից ավելի հավաքականներից մեդալ նվաճել է ընդամենը 87 երկիր: Նրանց մեջ է նաեւ Հայաստանը, որը 2 ոսկե, 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալով ընդհանուր թիմային հաշվարկում զբաղեցրել է 29-րդ հորիզոնականը՝ իրենից ետ թողնելով թե՛ տարածքով, թե՛ տնտեսական զարգացածության աստիճանով իրեն մի քանի անգամ գերազանցող տասնյակ տերությունների:

Մեր մարզիկների մրցելույթներին առանձնակի փայլ հաղորդեցին ծանրորդները: Հայաստանի մարզական պատմության մեջ պատանեկան օլիմպիական առաջին ոսկե մեդալը նվաճեց 77 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը, իսկ նրա թիմակից, + 85 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը, ոչ միայն ի նշան հաղթանակի Չինաստանում երկրորդ անգամ հնչեցրեց Հայաստանի օրհներգը, այլեւ պատանիների աշխարհի նոր ռեկորդ սահմանեց՝ մոտակա մրցակցին երկամարտում գերազանցելով ամբողջ 55 կիլոգրամով:
Առաջին արծաթը Հայաստանի համար նվաճեց հրաձիգ Հրաչյա Բաբայանը, որը հանդես էր գալիս օդամղիչ հրացան 10 մետր մրցաձեւում: Իսկ մի քանի օր անց պատվո պատվանդանի երկրորդ աստիճան բարձրացավ նաեւ հունահռոմեական ըմբիշ, 58 կգ քաշային Զավեն Միքայելյանը: Բայց Զավենը կարող էր նաեւ ոսկի նվաճել, եթե եզրափակիչ գոտեմարտի երկրորդ փուլում չկորցներ զգոնությունը:

Մեր երեք բրոնզե մեդալակիրներից առաջինը բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը դարձավ 81 կգ քաշային կարգում, իսկ օլիմպիական խաղերի վերջին օրը նրա հաջողությունը կրկնեցին ազատ ոճային ըմբիշներ Վաղինակ Մաթեւոսյանը (54 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (76 կգ):

Հարկ է նշել նաեւ, որ մեր մարզական նվաճումներն ավելի նշանակալի կարող էին լինել, եթե հաջողությունը բարեհաճ լիներ առնվազն երեք հոգու՝ սպորտային մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանի, բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանի եւ ջրացատկորդ Լեւ Սարգսյանի նկատմամբ:

Ինչպես չորս տարի առաջ Սինգապուրում կայացած 1-ին պատանեկան օլիմպիական խաղերում, Նանկինում էլ Հայաստանը ներկայացրին 14 մարզիկներ: Բայց տարբերությունն այն է, որ այս անգամ բոլորն էլ որակավորման մրցաշարերում վարկանիշ էին ձեռք բերել: Այսինքն, սպիտակ քարտով պարզապես մասնակցող չկար: Դա պարզորոշ երեւում է երկու օլիմպիական խաղերի ցուցանիշները համեմատելիս:

Սինգապուրում 2010 թվականին մեր պատանիները չորս մեդալով. 1 արծաթե (ծանրամարտ՝ Գոռ Միմասյան) եւ երեք բրոնզե (ծանրամարտ՝ Սմբատ Մարգարյան, ազատ ոճի ըմբշամարտ՝ Արտակ Հովհաննիսյան եվ ձյուդո՝ Դավիթ Ղազարյան) ընդհանուր թիմային հաշվարկում 67-րդն էին: Ընդամենը չորս տարի հետո մեդալների քանակը հասել է յոթի, իսկ թիմային առաջընթացը կազմել ամբողջ 38 աստիճան:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031