Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իմ պոեզիան ուղղված է իմ դեմ»

Օգոստոս 30,2014 12:30

Մեր օրերում հաճախ ավագ սերնդից կարելի է լսել, որ այսօրվա երիտասարդությունը լուրջ չէ, ձգտումներ չունի, խորություն չունի: Երեւի թե հայրերի ու որդիների պատերազմը եղել է բոլոր ժամանակներում, եւ բոլոր ժամանակներում էլ եղել են երիտասարդներ, որոնք ապացուցել են, որ գիտեն ուր են գնում եւ ինչի համար: Հարություն Կարակուշյանը նրանցից մեկն է, 23 տարեկան, որ գրական փորձեր է անում: Միայն ժամանակը կտա հարցի պատասխանը, թե գրական աշխարհում ինչ տեղ կունենա Հարությունը, սակայն ակնհայտ է, որ նա ապրում եւ գործում է իր նպատակների, ձգտումների աշխարհում՝ մարդուն ավելի լուսավոր տեսնելու երազանքով: Սկսնակ բանաստեղծը ծնվել է Երեւանում՝ համշենահայի եւ արեւմտահայի ընտանիքում: Ստեղծագործական առաջին քայլերը կատարել է 5-րդ դասարանում, խոստովանում է՝ երբ առաջին անգամ շատ թունդ սիրահարվել էր իրենից 5 տարով մեծ աղջկա, եւ այդ սերն էլ նրա մեջ արթնացրեց պոետին: Հարությունն իր չափածոյի կողքին ունի նաեւ արձակ բանաստեղծություններ, առայժմ երեքը, որոնք նույնպես թանկ են իր համար:

– Ձեր բանաստեղծությունները հիմնականում խոհափիլիսոփայական են, ի՞նչն է ստիպում խորհել ու փիլիսոփայել՝ բանաստեղծաբար:

-Առհասարակ արվեստը եւ անհատապես պոեզիան ինձ համար մարդուն խորքից բացահայտելու արվեստ է, ,որի առաջին, այսպես ասած, կամավորը դու պիտի լինես, ինքդ՝ քեզ համար: Բանաստեղծը, իմ սուբյեկտիվ ընկալմամբ, եթե, իհարկե, չի դասվում, պալատական գրողների շարքին, անվերջ ինքնաբացահայտման եւ առողջ ինքնաքննադատման մեջ պետք է լինի , քանզի ինչպես մեր հանճարեղ Սեւակն էր ասում, ես Աստծո քարտուղարն եմ, բայց դա բնավ չի նշանակում, որ այդ շնորհը զուգահեռվում է մեր մարդկային որակական արժեքների հետ: Մենք ուղղակի կատարում ենք մեր առաքելությունը, որի ճանապարհին ոչ մի կերպ չպետք է նույնացնես տաղանդդ մարդ լինելու հետ եւ քեզ համար հատուկ շինծու սուբորդինացիա սահմանես: Ինչպես Համո Սահյանն էր ասում` ամենից առաջ մարդ եմ աշխարհում, հակառակորդն եմ ես առհասարակ, ի՞նչ կա աշխարհում մարդուն հակառակ: Այս տողերը ինձ համար հումանիստական սկզբունք են եւ որոշ չափով նաեւ՝ ցանկացած բանական մարդու օրինաչափություն:

-Որպես երիտասարդ բանաստեղծ, ի՞նչ խնդիրներ եք դրել Ձեր առջեւ, այսպես ասած, ինչի՞ համար եք ստեղծագործում:

-Բանաստեղծ բառից հենց կարելի է եզրակացնել, որ նա պիտի ոչ թե էլ ավելի խնդիրներ ստեղծի, քաոս բերի իր հետ, այլ միաբանություն քարոզի, բայց ոչ ինչ-որ հարթակներից, ասես մի իդեալ է մարդկանց համար, որին պետք է պարբերաբար մեծարել: Իմ ամենանվիրական խնդիրը մարդուն սիրելն է այն դեպքում, երբ մեր մարդածին տեսակը, շատ հեռու լինելով կատարելությունից, հաղթահարի ինքն իրեն, թողնելով կենցաղային հորինովի օրենքները եւ ավելի համամարդկային մոտեցում ցույց տա իր մերձավորին: Նորից մեծերից մեկին հիշեմ` չկան լավ եւ վատ մարդիկ, կան լավ եւ վատ արարքներ: Իսկ թե ինչու եմ ստեղծագործում, կպատասխանեմ լակոնիկ՝ որովհետեւ չեմ կարող այլ կերպ: Իմ պոեզիան նախեւառաջ ուղղված է հենց իմ դեմ, որից հետո ոմանք էլ են գտնում իրենց իմ տողերում, որն ինձ համար կատարյալ ձեռքբերում է, քանի որ մենք ամենքս էլ գրեթե նույն արձագանքն ունենք տարբեր իրադարձությունների նկատմամբ՝ այն տարբերությամբ, որ ես այն հանձնում եմ թղթին, ոչ ավելին: Իհարկե տարբեր հրաշք-մարդկանցից լսում եմ շատ դրական կարծիքներ, ինչից ելնելով՝ թույլ եմ տալիս ինձ մտածել, որ իմ պոեզիան գոնե մարդկանց որոշակի զանգվածի համար սպասված է ու քանի դեռ այս սուրբ շնորհը ինձ հանգիստ չի տալու, ես չեմ դադարի գրել:

-Ինչպե՞ս ենք նայում նորին մեծություն ապագային:

-Նպատակներ ունեմ ինչպես եւ ցանկացած հասարակ մարդ, բայց ինչ վերաբերում է երազանքիս, կուզենամ, որ գա մի հրաշալի ստեղծագործող երիտասարդություն, որ զուրկ լինի քաղքենիությունից, գավառամտությունից, ոչ վաճառականի հոգեբանություն կունենա եւ ոչ էլ կտառապի այլասերված մեծամտությամբ, ինչը շատ է այսօր արմատացել բոլորիս մեջ.սա մեծ ցավ է:

Զրուցեց ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարությունյան says:

    Ինչ պրիմիտիվ հարցեր են ուղղում: Թվում է, թե այլևս բանաստեղծ չկա, և լրագրողուհին, պեղում գտնում է նրանց:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031