Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են
Արարատ Ղարիբյանի անվան թիվ 143 դպրոցի տնօրեն Արմանուշ Միրզոյանը եւ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը:
Արամ Աբրահամյան.- Դպրոցների եւ բուհերի կառուցվածքը բարդացավ. դպրոցը բաժանվեց հիմնականի եւ ավագի, իսկ բուհը՝ բակալավրիատի եւ մագիստրատուրայի: Արդյո՞ք դա բարելավեց մեր կրթության որակը:
Արմանուշ Միրզոյան.– Ըստ իս` իհարկե, որակը բարելավվեց, երեխաները ավելի ճիշտ են պատկերացնում իրենց ապագան՝ մասնագիտական կողմնորոշման մեջ:
Ա.Ա.- Համաձա՞յն եք դրան:
Կարդացեք նաև
Արտակ Պողոսյան.– Մեխանիզմը, որը հիմա դրվել է կրթական համակարգի հիմքում, համաեվրոպական համակարգի բաղկացուցիչ մասն է, որը նաեւ տարածվել է Հայաստանում:
Ա.Ա.– Բոլոնյա՞ն է:
Ա.Պ.– Բոլոնյան գործընթացը բուհական համակարգի հետ է կապված, որի մեջ, իհարկե, մտնում է «բակալավրիատ-մագիստրատուրա» տարանջատումը, բայց պետք է ասեմ, որ հասարակության մեջ դեռեւս հստակ պատկերացում չկա համակարգի ու բարեփոխումների ընթացքի մասին: Դա գալիս է նրանից, որ բնականաբար բարեփոխումները նոր են, եւ ժամանակ է պետք, որպեսզի հասարակությունը ամբողջությամբ ընկալի: 7 տարին դեռեւս քիչ է, որպեսզի կարողանանք արդյունքները լիարժեքորեն գնահատել: Փաստն այն է, որ որակը որպես այդպիսին որոշ գնահատականներով վատ է, որոշ գնահատականներով լավ է, բայց կրթական միջազգային կառույցները, որոնք գնահատում են տարբեր երկրների կրթության համակարգերը, փաստում են, որ ՀՀ-ն ճիշտ ուղի է որդեգրել, ճիշտ ուղով է կատարում բարեփոխումները:
Ա.Ա.– Դուք չե՞ք հանդիպում ծնողների, որոնք ասում են` ո՞ւմ էր պետք այդ ավագ դպրոցը, շատ էլ լավ էր կոմունիստների ժամանակ 10-ամյա կրթությունը:
Ա.Մ.- Իհարկե, շատ-շատ են նման ծնողները, իրենք ակնկալում են, որ միգուցե ավելի ճիշտ կլինի` ետ գնանք, նախկին ձեւով ամեն ինչ շարժվի: Բայց, իհարկե, բացատրում ենք, որ ամբողջ աշխարհում ընդունած այս համակարգն ավելի օգուտ է երեխաներին:
Ա.Ա.– Ինչո՞վ է օգուտ:
Ա.Մ.- Երեխան ավագ դպրոցում խորացված է ուսումնասիրում է այն ուղղությունը, որն ընտրում է: Ծրագիրն ավելի մատչելի է եւ ավելի հստակ:
Ա.Ա.– Ավագ դպրոցն այն նույն բարձր դասարանները չե՞ն, որ կոմունիստների ժամանակ կային, մագիստրատուրան այդ նույն ծրագիրը չի՞ անցնում, ըստ էության, որն արդեն նրանք 4 տարի անցել են եւ եւս 2 տարի ստիպված են կրկնել:
Ա.Պ.- Կարծում եմ, որ ոչ: Եկեք տարանջատենք` խորհրդային կրթական համակարգը աշխատում էր խորհրդային տնտեսության համար: Գոյություն ուներ տնտեսակարգ, եւ, բնականաբար, կրթական համակարգը պատրաստում էր մարդ-քաղաքացի, եւ հետագայում՝ նեղ մասնագետ` կոնկրետ այդ տնտեսության համար: Ներկա դրությամբ մենք ունենք այլ տնտեսական համակարգ եւ կրթության համակարգը եւս պետք է պատրաստի մասնագետներ` այս տնտեսական իրողություններում աշխատելու եւ վերարտադրվելու համար:
Ա.Ա.– Իսկ որո՞նք են մեր տնտեսական իրողությունները:
Ա.Պ.– Ազատ շուկայական հարաբերություններ, մասնավոր հատվածի գերակայություն տնտեսության ոլորտոմ, որտեղ պետք է աշխատեն մասնագետներ: Կենտրոնացված պլանային տնտեսություն այլեւս գոյություն չունի, այսինքն պետությունը չի որոշում, թե որքան ապրանք է պետք ստեղծել եւ ինչ մասնագետներ են պետք, շուկան ինքն է որոշում: Ուստի պետք է ունենանք այլ կրթական համակարգ, եւ այն մոդելը, որը որդեգրել է Հայաստանում, կարծում եմ` հենց այդ համակարգին տանող մոդել է:
Ա.Ա.- Այսինքն` 12-րդ դասարանը ավարտած երեխան հիմա ավելի խորը, ավելի բազմակողմանի, ավելի մասնագիտական գիտելիքներ ունի, քան` 10 տարի առաջ ավարտած տասներորդցին:
Ա.Մ.- Եթե երեխան մտադրված սովորում է եւ տրամադրված է, որ շարունակի եւ կողքից խանգարող ոչինչ չի լինում, ապա՝ այո, եւ մեծ մասն ունի ավելի լավ գիտելիքներ:
Քննարկումն ամբողջությամբ`
Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ եւ Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։
«Առավոտ» օրաթերթ
29.08.2014
Էս ինչ խելոք ազգակրթիչ է, էս ինչ էներգիա ունի փչելու:Որտեղ է բարեփոխումն այ կրթիչ:60 տարեկան մարդը, որ իր ասելով դպրոցում լավ չի սովորել և խառատ է դարձել, այսօր կարող է ցանկացած բուհավարտի ծալի:Անտանտի, գերմանա-ավստրիական բլոկի մասին այնպես է պատմում, Մենդելեևի պարբերականը այնպես է ներկայացնում,որ զարմանում ես:Նրա կինը, որ կարուձև է անում, ամբողջ հայ գրողներին անգիր գիտի ու գերազանցիկ թոռանը խաբված Գիքոր է ասում:Այս բարեփոխումը բարի է աշխարհի հզորների համար, քանի որ քամի է ցանում դատարկ տարածքներում, որ դարման հնձի:Բա, տիկին բարեկրթիչ: