Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյանն առաջարկել է ստեղծել արագ արձագանքման հատուկ խմբեր

Օգոստոս 29,2014 20:22

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին: 2013 թվականին մեկնարկած աշխատանքների ավատից հետո ինստիտուտը կհամալրվի նոր մասնաշենքով, որտեղ կկազմակերպվի 5-6 նոր բաժանմունք, այդ թվում` մանկական կուրության կանխարգելման գերազանցության առաջին կենտրոնը: Շուրջ երկու տարի տևած նախապատրաստական մանրակրկիտ աշխատանքից հետո այցելուների համար կենտրոնն իր դռները կբացի ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին:

DSC_0796

«Գերազանցության կենտրոնը կգործի Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, գինեկոլոգիայի և մանկաբարձության ինստիտուտի շենքում: Կենտրոնի առաքելությունը մանկական կուրության կանխարգելումն ու անհասության ռետինոպաթիա հիվանդության դեմ պայքարն է»,-ասաց Ռազմիկ Աբրահամյանը: Նրա խոսքով` ինստիտուտում լայն թափով իրականացվող շինարարական աշխատանքների ավարտը նախանշված է 2015 թվականի վերջին: Շինարարությունն իրականացվում է բացառապես ինստիտուտի ֆինանսական միջոցների հաշվին` առանց հավելյալ օժանդակության:

Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը հանրապետության ծննդօգնություն իրականացնող ամենամեծ հիմնարկներից մեկն է, որտեղ մատուցվում է մանկաբարձա-գինեկոլոգիական համալիր ծառայություն` սպասարկելով ողջ հանրապետության ազգաբնակչությանը, հատկապես՝ մարզերից ուղեգրված ծանր դեպքերը:
Առաջիկայում ինստիտուտում նախատեսվում է ընդլայնել և արդիականացնել անհաս և ցածր քաշով ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող նորածինների բաժանմունքը, մասնավորապես` նրանց տեսողության հետազոտության ներդրումը, ներգանգային արյունազեղումների ժամանակին ախտորոշումը, որի համար կառուցվում է կից բաժանմունք։

Նախատեսվում է նաև բոլոր ծննդաբերությունների և ծննդկանների համար ունենալ անհատական հիվանդասենյակներ, ինչպես նաև արդիական պայմաններ խնամողների համար։

Նախարարը բարձր գնահատեց ինստիտուտի զարգացմանը միտված փոփոխությունները:
Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ իր ղեկավարած կառույցում իրականացվող բոլոր բարեփոխումներն առաջին հերթին ուղղված են մեր երկրում պերինատալ ծառայության զարգացմանը:

«Այլ ծառայություններ մենք միտումնավոր չենք ներդրել՝ բուժանձնակազմի ողջ ներուժը պերինատալ ծառայությունների իրականացման վրա կենտրոնացնելու նպատակով»,- ասաց տնօրենը:

Նախարարն առաջարկեց ստեղծել արագ արձագանքման հատուկ խմբեր, որոնք հնարավորություն կտան հեռակապի միջոցով մասնագիտական խորհրդատվություն տրամադրելով Երևանում և մարզերում անգամ ամենադժվարին իրավիճակներում ապահովել մատուցվող բժշկական ծառայությունների որակն ու օպերատիվությունը:
Ինստիտուտի ծննդաբերական բաժանմունքում տարեկան արձանագրվում է մոտ 3 հազար ծննդաբերություն։ Այստեղ առաջատար տեխնոլոգիաներով ցուցաբերվում է ժամանակակից մանկաբարձական օգնություն: Բարձր որակավորում ունեցող բժիշկների թիմը` մանկաբարձ-գինեկոլոգները, անեսթեզիոլոգները, նեոնատոլոգները` տիրապետելով անհետաձգելի օգնության բոլոր մեթոդներին, շուրջօրյա
օգնություն է ցուցաբերում:

Այցի շրջանակում նախարարը շրջեց բաժանմունքներով, ծանոթացավ շենքային և նյութատեխնիկական պայմաններին, զրուցեց հիվանդների հետ:
Նույն օրը Արմեն Մուրադյանն այցելեց նաև ՀՀ առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։ Տնօրեն Նորայր Դավիդյանի ուղեկցությամբ նա ծանոթացավ գերմանացի մասնագետների կողմից նվիրաբերված սարքավորումներին:

Կենտրոնն զբաղվում է բժշկական ռադիոլոգիայի, ռադիոկենսաբանության, ճառագայթային հիգիենայի և ճառագայթային էկոլոգիայի ակտուալ խնդիրներով: Կիրառելով ժամանակակից հետազոտության մեթոդները` բարձրակարգ մասնագետներն իրականացնում են ընդհանուր և տեղական ճառագայթային վնասնածքներ ունեցող հիվանդների, այդ թվում` Չեռնոբիլի ԱԷԿ-ի և ճառագայթային այլ վթարների հետևանքների վերացմանը մասնակցած անձանց ախտորոշում, բուժում և վերականգնում:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031