Այսօր՝ օգոստոսի 29-ին, Արարատի մարզի Սայաթ Նովա համայնքում «Յունիֆիշ» ընկերությանը պատկանող տարածքում բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից ստեղծված աշխատախումբը իրականացնում էր ավել ջրաքանակ արձանագրած հինգ հորերի լուծարման աշխատանքները:
Ջրային ռեսուրսների կարգավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քանի որ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանը մեկ ամբողջ մարմին է, տարբեր ինքնաշատրվանող հորերից տարբեր նպատակների համար օգտագործվում է այն որակի ջուրը, որն հանվում է համապատասխան ստորգետնյա աղբյուրից.
«Տվյալ դեպքում այս հորերը հորատվել են ձկնարդյունաբերության զբաղվելու նպատակով, հենց այդ խորության վրա են, որի պաշարն այսօր բավականին լուրջ կրճատվել է: Այս ջրավազանում, Արարատյան դաշտավայրի այս շրջանում ջրաքանակը՝ համեմատությամբ նախորդ տարիների բավականին կրճատվել է, եւ նմանատիպ գործողությունների շնորհիվ՝ փակելով կամ լուծարելով, մենք կարող ենք այս երեւույթի դեմ պայքարել՝ հետագա սերունդներին ապահովելով այն որակի ջուրը, որը որ մենք ունենք ընդերքում»:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ լուծարվող հորերը հետագայում անհրաժեշտության դեպքում բացման ենթակա չեն, որովհետեւ նրանք փակվում են հատուկ տեխնոլոգիայով եւ հատուկ ճնշման տակ.
«Մենք համապատասխան տեխնոլոգիայի միջոցով կավացեմենտային խառնուրդով իջեցնում ենք մինչեւ հարյուր մետր ներքեւ այդ խառնուրդը բազալտային շերտից սկսած սկսում է ցեմենտացման գործընթացը, եւ այդ ամբողջ խողովակաշարը՝ իր ամբողջ մակերեսով եւ երկարությամբ մինչեւ հողի մակերեւույթ փակվում է: Դա նաեւ նպաստում է նրան, որպեսզի հետագայում, որ ինքը փակվի, որոշակի հատվածներ չմնան բազալտային շերտից վերեւ եւ նրա ճնշման տակ մնա: Ժամանակի ընթացքում քայքայվելու դեպքում այդ խողովակը դուրս է գալու տարածվի եւ նպաստի այս տարածքի ճահճացմանը»:
Պարոն Գրիգորյանի խոսքերով իրենք, փակելով կամ լուծարելով ապօրինի, ոչ նպատակային կամ խախտումներով օգտագործվող հորերը, նպաստում են այդ ջրային ավազանի վերականգնման գործընթացը: Նա նշեց, որ Հիդրոմոնիթորինգի երկրաբանական ՊՈԱԿ-ը «Յունիֆիշ» կազմակերպությունում ջրաչափումներ է կատարել եւ պարզել է, որ տնտեսվարողն ունի տասնմեկ խորքային հոր, եւ երբ որ սկսել է օգտագործել դրանցից վեցը պարզվել է, որ արդեն իսկ իրեն ջրօգտագործման թույլտվությունը տված 1050 լ/վ ջուրն արդեն իսկ ապահովել է.
«Ինքը չէր օգտագործել, եւ մենք համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ եթե ինքն օգտագործի, կստացվի, որ ջրային օրենսգրքի խախտում: Սեփականատերն այլընտրանք չունի, նա ավել օգտագործելու դեպքում ենթարկվելու էր տույժ ու տուգանքների»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ