Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետ. «Արոտների բարելավման լուրջ խնդիր կա. փոքր համայնքներին չեն հետեւում»

Օգոստոս 29,2014 19:35

Կապանի տարածաշրջանի մի շարք գյուղական համայնքներից դժգոհում են, որ Խորհրդային Միության փլուզումից հետո գյուղերում  արոտավայրերի բարելավման աշխատանքներ չեն տարվել: Գյուղացիները նշում են, որ պետությունը փոքր համայնքներին անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում: Վերին Խոտանանի բնակիչների խոսքով` գյուղի արոտավայրերը ծառերով ու թփերով են պատված, անասունները չեն կարողանում նման պայմաններում արածել, համայնքը համապատասխան տեխնիկա ու միջոցներ չունի խնդիրը լուծելու համար, իսկ գյուղացիներին էլ արգելում են հրկիզելով խնդիրը լուծել: Նրանց պատմելով` պետությունը 20 տարուց ավելի է արոտավայրերի բարելավման աշխատանքներ ոչ մի անգամ նշված համայնքում չի իրականացրել:

«Արոտները լրիվ թփակալված են, բազմաթիվ ծառեր, թփեր են աճել ու արոտները ծածկել: Էսօր անասուններն արոտներում չեն կարողանում արածել, շարժվել: Արոտների բարելավման լուրջ խնդիր կա, պետություն այս հարցով պետք է զբաղվի, երբեք բարելավման աշխատանքներ չի իրականացրել, իսկ գյուղացիների միջոցով խնդիրը լուծելը շատ դժվար է…», – նշեցին  գյուղացիները: Վերին Խոտանանի համայնքի ղեկավար Կարեն Հակոբյանի խոսքով`  գյուղի 750 հա արոտավայրերից 480 հա  պատված է թփերով ու ծառերով:  Նրա աշխատելու 21 տարվա ընթացքում  արոտավայրերում բարելավման աշխատանք չի տարվել, թփերն ու ծառերն էլ տարեցտարի տարածվել ու մեծ տարածք են զբաղեցրել: «Սովետական կարգերից հետո ոչ մեկն արոտներին մոտիկ չի եկել, ոչինչ չի արվել, միշտ բարձրաձայնել ենք սրա մասին:  Մեր համայնքները փոքր են, անասնագլխաքանակն էլ քիչ է, չեն հետեւում մեր համայնքներին, ուրիշ տեղեր արոտների բարելավման աշխատանքներ են արվում, օրինակ` Գորիսում, Սիսիանում, բայց Կապանում չեն անում: Այս տարի երկար ժամանակ  երաշտ է, բերք չկա, անասունները խոտ էլ չեն ունենալու արածելու», – ասաց 236 բնակիչ ունեցող Վ. Խոտանանի գյուղապետ Կարեն Հակոբյանը:

Կապանի տարածաշրջանի Նորաշենիկ գյուղում եւս նման խնդիր կա: Համայնքի ղեկավարը  Ռոմա Ավանեսյանը նշեց, որ իրենց տարածքի արոտավայրերն էլ են նույն վիճակում,  ինչը մտահոգության առիթ է դարձել բնակչության շրջանում:

«Եթե այսօր մեր արոտները չբարելավենք, ապա մի առ ժամանակ անց  պարզվելու է, որ մեր համայնքի տարածքում արոտներ գոյություն չունեն: Վերջին անգամ քարտեզագրում անելուց Երեւանից եկած ներկայացուցիչը ինչքան փուշ ու թուփ է տեսել քարտեզի մեջ  անտառային տարածք է նշել, ուստի  այսօր  նախկին արոտներ ունենք, որոնք ընդգրկված են անտառային տարածքներում: Նորաշենիկում  1992թ.-ից սեփականաշնորհված հող ունենք նույնիսկ, որ ընդգրկված է անտառային տարածքում, սեփականատերն ուզում է վաճառել իր հողը,բայց չի կարողանում…: Նորաշենիկի վարչական տարածում անտառ կա, որ  ընդգրկված է համայնքային սեփականության մեջ, մենք պատրաստ ենք անտառային տարածքը վերադարձնել անտառտնտեսությանը` արոտավայրերը մեզ տրամադրելու փոխարեն », – ավելացրեց Նորաշենիկի գյուղապետը, իսկ Խոտանանի գյուղապետն էլ հավելեց, որ քարտեզագրման ժամանակ համայնքի ղեկավարները մի շարք առաջարկություններ էին ներկայացրել, որոնք այդպես էլ  օդում են մնացել:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031