Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Առավել շահագրգռված եմ, որ վերջ դրվի տարիներ շարունակ ձգձգվող անհայտ կորածների և նրանց ընտանիքների անդադար տառապանքներին»

Օգոստոս 29,2014 19:11

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ

Արցախյան ազատամարտը մեզ համար այն սրբագույն պայքարն էր, որով կարողացանք պահպանել մեր ժողովրդի արժանապատվությունը: Ցավոք, պատերազմում ունեցել ենք անդառնալի կորուստներ, եղել են նաև անհայտ կորածներ, որոնց ճակատագիրը մինչ այսօր անհայտության մեջ է: Այսօր` անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ հերթական անգամ հիշում ենք նրանց և մեր զորակցությունը հայտնում անհայտ կորածների ընտանիքների անդամներին:

Տարիներ առաջ` ստեղծելով Հայաստանի անհայտ կորածների, գերիների և պատանդների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը, մեր պետությունը միջազգային կազմակերպությունների միջոցով հետևողական աշխատանք է տանում, որպեսզի անհայտ կորածների ճակատագրերը պարզորոշ դառնան, և ապահովվի ողջ մնացածների վերադարձը հայրենիք:

Որպես այդ հանձնաժողովի նախագահ` ես առավել շահագրգռված եմ, որ վերջ դրվի տարիներ շարունակ ձգձգվող անհայտ կորածների և նրանց ընտանիքների անդադար տառապանքներին: Հավաստիացնում եմ, որ, կիրառելով միջազգային ատյանների հետ համագործակցության բոլոր ուղղությունները, մենք հայրենիք կվերադարձնենք օտարության մեջ ընտանիքների կարոտով ապրող մեր որդիներին:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի տվյալներով` Ղարաբաղյան հակամարտության արդյունքում մեզ մոտ գրանցվել է ավելի քան 400 անհայտ կորած մարդ: Դեռ 1992թ.-ից Հայաստանի Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն սերտ համագործակցում է հայաստանյան իշխանությունների, մասնավորապես` պաշտպանության նախարարության հետ՝ անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքների կարիքները հոգալու նպատակով։

Մենք մշտապես մտահոգված ենք անհայտ կորածների և նրանց ընտանիքների անտեսված չլինելու կարևոր խնդրով, որը պետք է լինի բոլորիս ուշադրության կենտրոնում:
Սփոփում, մխիթարանք և համբերություն եմ մաղթում բոլոր անհայտ կորածների ընտանիքների անդամներին, վստահեցնելով, որ մեր հետևողական աշխատանքի շնորհիվ, այլևս չենք արտաբերի «անհայտ կորած» եզրույթը:

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031