Օգոստոսի 29-ին ոստիկանության զորքերի հրամանատարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Օրակարգում առաջիկայում կայանալիք վարժանքների կազմակերպչական խնդիրներն էին:
Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության տարբեր ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Կարդացեք նաև
Վլադիմիր Գասպարյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց ինչպես ոստիկանության զորքերի, այնպես էլ հասարակական կարգի ապահովման ոլորտում ներգրավված մյուս անձնակազմերի պատրաստականության, նյութատեխնիկական հագեցվածության, հոգեբանական վիճակի, բարոյակամային որակների բարելավման խնդիրներին:
Առանձնացնելով արտաքին ծառայությունների գործունեության առաջնահերթությունները՝ ոստիկանության պետն ընդգծեց ծառայողների բարձր պատրաստվածության և պրոֆեսիոնալ գործողությունների նշանակությունը, հատկապես զանգվածային միջոցառումների ժամանակ:
Առաջիկա վարժանքների պլանի և նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը և ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը:
Մի շարք հրատապ հարցերի քննարկումից հետո խորհրդակցության ավարտին ստորաբաժանումների ղեկավարներին կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ տրվեցին վարժանքները նախատեսված ժամանակում և լիարժեք նախապատրաստելու ուղղությամբ:
ՀՀ Ոստիկանություն