Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրդողանը ամեն ինչ կանի Հայաստանը կղզիացնելու համար». քաղաքագետ

Օգոստոս 29,2014 17:58

Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Թուրքիայի նախագահի պաշտոնը ստանձնելը կփոխի՞ հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը: «Էրդողանի նախագահ դառնալը բացարձակ ոչինչ չի փոխի հայ-թուրքական հարաբերություններում, նաև չի փոխի տարածաշրջանում, որովհետև վերջինս, լինելով Թուրքիայի վարչապետ, ինքն է ղեկավարել արտաքին քաղաքականությունը, իր ցուցումով է Դավիթօղլուն առաջնորդվել…Հայ-թուրքական հարաբերությունների պահով ոչ մի լավ բան չեմ կարող կանխատեսել, քանի որ վերջինս մաքսիմալիսական պահանջներ է ներկայացնում Հայաստանին, հայ-թուրքական հարաբերությունների մեջ ուզում է ներքաշել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որը մեզ բացարձակ ձեռնտու չէ, միջազգային ասպարեզում մերժում է Հայոց ցեղասպանության իրողությունը, պայքարում է Հայոց ցեղասպանության ընդունման դեմ, վարում է ադրբեջանամետ արտաքին քաղաքականություն, ինչպես նաև ամեն ինչ անում է, որ Հայաստանը կղզիանա տարածաշրջանում, ոչ մի ծրագրի մեջ չներքաշվի: Ակնհայտ հակահայկական քաղաքականություն է վարում»:

Քաղաքագետը նաև հիշեցնում է, որ Էրդողանն այն վարչապետն էր, որը շինծու, հնարածին թվեր էր հրապարակում Թուրքիայում ապօրինի բնակվող հայերի առնչությամբ: «Հայտարարում էր, թե Թուրքիայում բնակվում են 100 հազար ՀՀ քաղաքացի, այդպիսի բան չկա: Կարող եմ ասել, որ Թուրքիայում բնակվում է ընդհանուր առմամբ 100 հազար մարդ, որից 70-80 հազարը Թուրքիայի քաղաքացի են, մեծ մասամբ բնակվում են Ստամբուլում, Զմյուռնիայում և մի քանի գյուղերում Արևմտյանի Հայաստանի: Մյուս 20-30 հազարը Հայաստանի քաղաքացիներ են, որոնք ժամանակավորապես բնակվելով Թուրքիայում, մեծ մասամբ զբաղվել են ցածր վարձատրվող աշխատանքով, այսինքն` ծերերին են խնամում կամ մանր առևտրով զբաղվում: Եվ շանտաժել, թե 20 հազարին ինքը կվտարի Թուրքիայի տարածքից, դա առաջինը շեշտակի հարված կլիներ թուրքական պետությանը, որովհետև դրանով իրենք մեկ անգամ ևս ցույց կտային, որ թուրքական պետությունը ազգայնամոլների երկիր է և այնտեղ այլ ազգերը, այլ դավանանք կրողները տեղ չունեն»:

Ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի, թուրքական պետությունը, սկսած 1920 թվականից, ամեն ինչ անում է, որպեսզի Թուրքիայի պատմության էջերից ջնջվի հայի անունը, մինչդեռ դա անհնար է, քանի որ հենց թուրքերը շատ լավ գիտեն, թե իրենց պետության Արևելքն ում է պատմականորեն պատկանում: Բացի այդ, քաղաքագետի թվարկելով, Ստամբուլում, Զմյուռնիայում բազմաթիվ կոթողներ ստեղծվել են հայերի ձեռքերով, թուրքերի հպարտությունը համարվող Դոլմա-Բախչա պալատը ճարտարապետ Պալյանների ստեղծագործությունն է, թուրքական այբուբենը ևս հայի ստեղծած է, Թուրքիայի առաջին թատրոնում հայերն են բեմադրություն ներկայացրել… Այա-Սոֆիա տաճարի գմբեթը, այն Բյուզանդական կայսրության ու առհասարակ քրիստոնեական աշխարհի ամենամեծ տաճարն էր, կառուցել է Տրդատ ճարտարապետը` Անիի մայր տաճարի հեղինակը:
Անդրադառնալով երեկ ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի` Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալման արարողությանը մասնակցելուն, քաղաքագետը կարծում է, որ Թուրքիայի պաշտոնական հրավերքին չարձագանքելը տվյալ պարագայում կոռեկտ չէր լինի: Ըստ նրա, թեև հրավերքը ուղղված է եղել Սերժ Սարգսյանին, սակայն դիվանագիտական հարաբերություններ չունենալով ու բարդ հարաբերությունների մեջ գտնվելով այդ երկրի հետ` ՀՀ նախագահն ճիշտ վարվեց անձամբ ներկա չգտնվելով Էրդողանի երդմնակալությանը: Գագիկ Համբարյանի ասելով, թեև Թուրքիան կարող է ՀՀ նախագահին ուղղված հրավերքը օգուտ իրեն օգտագործել միջազգային ասպարեզում`շեշտելով, որ լավ հարաբերությունների մեջ է Հայաստանի հետ, սակայն ՀՀ-ի կողմից թեկուզև արտգործնախարարի մակարդակով չմասնակցելը ևս սխալ կլիներ, այս դեպքում Թուրքիան միջազգային ասպարեզում կհայտարարեր, որ ինքը ձեռք է մեկնում, իսկ Հայաստանը մերժում է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031