Հանրապետության 10 դպրոցների 5-րդ դասարանի աշակերտներին այս տարի փորձնական եղանակով կդասավանդվի «Ազգային երգ ու պար» առարկան:
Թե որքանով այս դասաժամերը կնպաստեն երեխայի արժեհամակարգի ձևավորմանը, հոգեբան Լաուրա Ավետիսյանը կարծում է, որ դա կախված է առարկայի մատուցման նպատակից ու եղանակներից. «Ես ճիշտ եմ համարում այս առարկայի մուտքը դպրոց, և այն կարող է շատ դրական արդյունքներ գրանցել, բայց միայն այն դեպքում, եթե նպատակը երեխային դասաժամով զբաղեցնելը չլինի, այլ՝ ազգային արժեքների լիարժեք մատուցումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբանը:
Առարկայի ներմուծումը նա շատ կարևոր է համարում նաև հոգեբանական առումով: Գտնում է, որ ճիշտ մատուցման դեպքում այն կնպաստի ազգային ինքնագիտակցության բարձրացմանը. «Առհասարակ, մարդու մեջ ազգային ամուր հիմքեր են ստեղծվում, երբ նա գիտի՝ ինչ արժեքներ ունի, ովքեր են իր նախնիները, ազգային ինչ ավանդույթներ ունի, որտեղից են դրանք գալիս և այլն: Արդյունքում՝ նա կսկսի ինքն իրեն գիտակցել որպես ազգի մի մասնիկ»,- համոզված է Լ. Ավետիսյանը:
Ինչ վերաբերում է առարկայի մատուցմանը, հոգեբանն այստեղ կարևորում է ուսուցիչների մասնագիտական պատրաստվածությունը, ինչպես նաև մանկավարժական և հոգեբանական հմտությունները:
Տարիքային առումով հոգեբանը խորհուրդ չի տալիս առարկան դասավանդել տարրական դասարաններում, որովհետև մտավախություն ունի, որ այդ տարիքի երեխաները կարող են առարկան ընկալել ընդամենն իբրև պարի դաս:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ